2023 թվականի մայիսի 3-ին կայացավ էլեկտրոնային վստահության ցանցի հերթական վիրտուալ միջոցառումը, որի թեմաներն էին էլեկտրոնային նույնականացման (eID) եւ վստահության ծառայությունների ոլորտում վերջին զարգացումներն ու առաջիկա գործողությունները։ «EU4Digital» ծրագրի կազմակերպած այս միջոցառումը նվիրված էր Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայությունների ոլորտում գործունեությանը: Միջոցառմանը միացել էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից եւ Ուկրաինայից՝ գնահատելու առաջընթացը եւ առաջիկա ծրագրերը:
Միջոցառումն Արեւելյան գործընկերության երկրների համար հարթակ ծառայեց՝ կիսվելու էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների ոլորտում իրենց վերջին մշակումների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Հայաստանի ներկայացուցիչներն անդրադարձան վստահության ծառայությունների մասին ազգային օրենսդրության թարմացման իրենց առաջնահերթությանը՝ այն eIDAS ստանդարտներին եւ սկզբունքներին լիովին համապատասխանեցնելու համար: Ուկրաինան վերջերս լավ առաջընթաց է գրանցել ԵՄ հավատարմագրված վստահության ծառայությունները ճանաչելու հարցում եւ ներկայումս փորձարկում է eIDAS հանգույցը: Միաժամանակ Ուկրաինան դարձել է առաջին երկիրը, որն ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի առաջադեմ էլեկտրոնային ստորագրություն/ կնիք մատակարարող երրորդ երկրների ցանկում (TC AdES LOTL), ինչը հնարավորություն է տալիս ԵՄ ենթակառուցվածքների օգնությամբ ստուգել ուկրաինական էլեկտրոնային ստորագրությունները եւ կնիքները։ Վրաստանը եւս նկատելի առաջընթաց է գրանցել միջազգային փոխգործելիության ուղղությամբ՝ համապատասխանության գնահատման մարմնի (ՀԳՄ) կողմից հավաստագրման աուդիտ անցնելու շնորհիվ, որը հավատարմագրված էր eIDAS-ի շրջանակներում եւ համահունչ էր ETSI/CEN ստանդարտներին: Ադրբեջանի ներկայացուցիչը կիսվեց երկրում առկա էլեկտրոնային նույնականացման լուծումների, ինչպես նաեւ վստահության ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությամբ: Բոլոր հինգ մասնակից երկրների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ պատրաստ են շարունակել էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների հետագա զարգացմանն ու դրանց կիրառման տարածմանն ուղղված ջանքերը:
Էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների թեմայի առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի Կապի ցանցերի, բովանդակության եւ տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության (DG CNECT) ներկայացուցիչ Վիսենտե Անդրեու Նավարոն ներկայացրեց eIDAS կանոնակարգի եւ Եվրոպական թվային ինքնության (EUDI) դրամապանակի առաջիկա փոփոխությունները: EUDI դրամապանակը մշակվել է բոլոր եվրոպացիների համար թվային ինքնության վստահելի ձեւեը խթանելու նպատակով՝ օգտատերերին հնարավորություն տալով վերահսկել իրենց առցանց գործունեությունն ու ներկայությունը:
Այս ջանքերին աջակցելով՝ «EU4Digital» ծրագիրը ձգտում է անվտանգ եւ փոխադարձաբար ճանաչված էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայություններ ապահովել Արեւելյան գործընկերության երկրներում: EU4Digital-ն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների միջեւ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի մշակման գործընթացին՝ հիմնված էլեկտրոնային վստահության շրջանակի եւ eIDAS սկզբունքների վրա: Բացի այդ, կգործարկվեն պիլոտային ծրագրեր՝ մասնակից երկրների միջեւ միջսահմանային վավերացումը ստուգելու համար: Պիլոտային նախաձեռնությունը թույլ կտա նախքան էլեկտրոնային նույնականացման համատարած ներդրումը փորձարկել դրա գործառնական պատրաստությունը, համատեղելիությունը եւ որոշակի ոլորտներում օգտագործելիությունը՝ միաժամանակ բացահայտելով էլեկտրոնային նույնականացման ծառայությունների ներդրման հնարավոր բեկումնային ոլորտները: «EU4Digital» ծրագիրը հավատարիմ կերպով շարունակում է աջակցել Արեւելյան գործընկերության երկրների անվտանգ ու փոխադարձաբար ճանաչված էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների ձգտմանը։