Հոկտեմբերի 24-ին կայացած 2022 թվականի Արևելյան գործընկերության թվային համաժողովի ուշադրության կենտրոնում դիմակայունության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման և վերականգնման հարցերն էին: Միջոցառումը 2021 թվականին կայացած առաջին թվային համաժողովի տրամաբանական շարունակությունն էր, բայց այս անգամ հիմնական շեշտը դրվել էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի թվային փոխակերպման առաջնահերթությունների վրա: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից վարվող ագրեսիվ պատերազմով պայմանավորված՝ բանախոսները կարևորեցին ձեռքի տակ եղած կոնկրետ լուծումներն ու գործիքները՝ հստակ ուղերձ հղելով, որ աննախադեպ գործողություններ հնարավոր են նույնիսկ խնդրահարույց պայմաններում։ Թվային փոխակերպումը պետք է լինի Արևելյան գործընկերության տարածաշրջանում վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ջանքերի հիմքում:
Քննարկումների մասնակիցներն ու զեկուցողները անդրադարձան հինգ հիմնական հարցերի շուրջ հիմնախնդիրներին ու հնարավորություններին.
Թվային կառավարում. ինչպե՞ս նախագծել ծառայություններ, որոնցից ցանկանում են օգտվել քաղաքացիները:
2022 թվականի փետրվարից Ուկրաինայում աճել է թվային պետական ծառայությունների պահանջարկը՝ տեղահանությունների, փաստաթղթերի կորստի և արտակարգ իրավիճակների պատճառով: Թվային փոխակերպման նախարարության եվրաինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիա Իոնանը պատմեց, թե ինչպես է «Diia» թվային կառավարման նորարարական հարթակն արդեն օգնել 18,5 միլիոն օգտատիրոջ։ Օրինակ, փաստաթղթերը կորցրած ուկրաինացիները կարող են օգտվել հավելվածից՝ իրենց նույնականացնելու, կորած կամ վնասված գույքի մասին հայտնելու, ինչպես նաև ընթացիկ նորությունների մասին տեղեկանալու համար: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ այս աշխատանքը հիմնված է ԵՄ-ի հետ Ուկրաինայի տարիներ շարունակվող համագործակցության վրա, բայց անելիքներ դեռ շատ կան. «Մեզ համար շատ կարևոր է ունենալ ԵՄ աջակցությունը և նախաձեռնել տեխնիկական աջակցության նոր նախագծեր, որոնք կօգնեն Ուկրաինային վերականգնվել»։
Ըստ ՏՀԶԿ-ի և ԵՄ-ի համատեղ «SIGMA» նախաձեռնության ավագ խորհրդատու Նիք Տեյսի՝ «Diia» հարթակը հիանալի օրինակ է, թե ինչպես պետք է թվայնացված պետական ծառայությունների նախագծումն ու մատուցումը բխեն քաղաքացիակենտրոն մտածելակերպից։ Նա ընդգծեց նման պրոդուկտներին լիարժեք քաղաքականության շրջանակով զորավիգ լինելու կարևորությունը, որպեսզի ապահովվի բարձրորակ թվային կառավարման միահյուսումը լավ կառավարման ավելի ընդհանուր իրավունքի հետ:
Ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվային կառավարման փոխակերպման բաժնի ղեկավար Հարմիկ Ազարյանի՝ թվային կառավարման ծառայությունները բարելավելիս պետք է հիշել բոլոր տեսակի օգտատերերին։ «Մեր օգտատերերը միայն քաղաքացիները չեն։ Դրանք նաև մարդիկ են, ովքեր չունեն փաստաթղթեր, և նրանց համար ծառայությունների հասանելիության ապահովումը նույնպես շատ կարևոր է», – բացատրեց նա՝ հավելելով, որ թվային պետական ծառայությունների բարելավումը չպետք է «զուտ» որպես դիզայն դիտարկվի, քանզի օգտատերերը նման ծառայություններից օգտվում են ըստ իրենց ընտրության:
Մոլդովայում, որտեղ ներկայումս մեկ շնչի հաշվով ավելի շատ ուկրաինացի փախստական կա, քան ցանկացած այլ երկրում, մասնավոր ներդրողների հետ ավելի ամուր կապերը հանգեցրել են հաջողված թվային ծառայության ստեղծմանը, որն օգնում է ապաստան, սնունդ և բժշկական օգնություն գտնելու հարցերում: «Խիստ հաճելի էր աշխատել մասնավոր հատվածի հետ՝ համատեղ մշակելով փախստականներին օգնելու համար նախատեսված թվային գործիքներ», – նշեց երկրի թվայնացման հարցերով փոխվարչապետ Յուրի Ցուրկանուն:
Թվային ենթակառուցվածքներ. ինչպե՞ս ռազմավարությունը համապատասխանեցնել ներդրումային հնարավորություններին:
Առաջիկա տարիներին ԱլԳ քաղաքացիների առնվազն 80%-ը պետք է գերարագ մատչելի ինտերնետի լիարժեք հասանելիություն ունենա: Դրան հասնելու գործում առանցքային նշանակություն ունեն թվային ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրումները: Համաշխարհային բանկի թվային զարգացման մասնագետ Հիմմաթ Սինգհ Սանդհուն նկատել է, որ միակցման համաշխարհային շուկան աճում է, և որ բովանդակության հիմնական մատակարարները (Amazon, Google, Microsoft, Facebook) օգտագործում են միջազգային թողունակության շուրջ 60%-ը, և այս ցուցանիշը կավելանա ու կհասնի ընդհանուր 80%-ի:
Համաժողովի մասնակիցներն իմացան, որ Վրաստանի կառավարությունը առաջնահերթություն է տալիս գյուղական վայրերում գերարագ լայնաշերտ ինտերնետային ծառայություններին և մասնավոր ներդրումներ է ապահովում հեռահաղորդակցության ոլորտում: Երկիրն արդեն իսկ մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ օրենսդրական և քաղաքական շրջանակների հետ ներդաշնակեցման ուղղությամբ և շատ ակտիվ համագործակցում է «EU4Digital» նախաձեռնության հետ: «Մենք հույս ունենք Վրաստանը տեսնել որպես ԵՄ միասնական թվային շուկայի մաս», – ընդգծեց Վրաստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլին։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության եվրաինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիա Իոնանն ընդգծեց, որ իրենց երկրում առաջնահերթություն է թվային ենթակառուցվածքների վերականգնումը, քանի որ շատ ոլորտների պես այն ևս լրջորեն վնասվել կամ ավերվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ագրեսիվ պատերազմից հետո։ Տուժել են թվային հաղորդակցության համար կարևոր նշանակություն ունեցող օպտիկական ցանցերը, շարժական կապի աշտարակները, մալուխները և թվային սարքավորումները:
Թվային տնտեսություն. ինչպե՞ս նորաստեղծ ձեռնարկությունների թվային փոխակերպումը տարածել ամբողջ տնտեսության վրա:
Ըստ Եվրոպական նորարարական խորհրդի անդամ և թվային տնտեսության գծով EU4Digital-ի ավագ փորձագետ Խեսուս Լոսանոյի՝ թվային տնտեսությունը հարստություն ստեղծելու համար տեխնոլոգիական ռեսուրսներն օգտագործելու մեր կարողությունն է։ «Թվային տնտեսության մասին խոսելիս մենք շատ արագ անցում ենք կատարում ստարտափների զարգացման անհրաժեշտությանը: Բայց մենք նաև պետք է թափ հաղորդենք բիզնեսների կլաստերավորմանը, պետք է հնարավոր դարձնենք կայացած բիզնեսի թվային փոխակերպումը», – մեկնաբանեց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի լայն կենտրոնացում, որը ստարտափների զարգացումից հեռուն կգնա։
Ըստ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բախտիյար Մամեդովի՝ իրենց երկիրն աշխարհագրորեն տեղակայված է բազմաթիվ տարածաշրջանների միջև՝ «միջազգային առևտրի խաչմերուկում»։ Ուստի, երկիրը տեսնում է անդրսահմանային թվային կապերի ստեղծման և ամրապնդման առավելությունները՝ փնտրելով էլեկտրոնային առևտրի դյուրացման, ինչպես նաև թվային տրանսպորտային միջանցքների լուծումներ: Խելացի քաղաքներն ու գյուղերը սահմանվել են որպես լրացուցիչ նպատակային ուղղություններ:
Հայաստանը ևս առաջնահերթություն է տալիս քաղաքացիների և բիզնեսի համար տվյալների փոխգործելիությանը՝ խուսափելու համար տարբեր պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվության հավաքագրումը կրկնելուց: Բացի այդ, երկիրը փորձարկել է ԵՄ-ի և Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունների ճանաչումը՝ թվային տնտեսության գործընթացներն ավելի սահուն դարձնելու նպատակով: «Մենք այդ ճանապարհին ենք, և ես չեմ կարծում, որ այժմ ետդարձի տարբերակ կա, ուստի մեզ ուղղակի ժամանակ է հարկավոր այնտեղ հասնելու համար», – ասաց Հարմիկ Ազարյանը:
EU4Digital-ի աջակցությամբ Մոլդովան աշխատում է մաքսային ծառայությունների թվայնացման և պարզեցման վրա՝ սահմանային անցակետերում ստուգումները հեշտացնելու համար: Յուրի Ցուրկանուն ընդգծեց, որ երկիրը ձգտում է էլ ավելի համատեղելի դառնալ ԵՄ-ի, հատկապես՝ իրենց գլխավոր առևտրային գործընկերոջ՝ Ռումինիայի հետ:
Թվային հմտություններ. ինչպե՞ս ԱլԳ առաջընթացը կապել ԵՄ-ի՝ որպես հենանիշի հետ:
Խեսուս Լոսանոյի խոսքով՝ թվային հմտությունները, տեխնոլոգիաները և նորարարությունները տեխնոլոգիական ռեսուրսների միջոցով հարստություն ստեղծելու գործընթացի երեք շարժիչ ուժերն են։
«[Մոլդովայում] մենք սկսեցինք հիմնականում տեխնոլոգիաներից և ավարտեցինք բազմաթիվ փոխկապակցված միկրոծառայություններով՝ շատ հզոր, շատ խոստումնալից, բայց մենք այդքան էլ շատ ներդրումներ չենք կատարել մարդկային կապիտալի մեջ», – ասաց Յուրի Ցուրկանուն՝ նշելով, որ արդյունքում թվային փոխակերպումը պետք է վերանայվեր որպես թվային հմտությունների զարգացումը հաշվի առնող գործընթաց:
Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Ֆաբիո Նասկիմբենիի խոսքով՝ թեև ԵՄ-ն հստակ թիրախներ է սահմանել միայն իր անդամ պետությունների համար, բայց Արևելյան գործընկերության երկրների ռազմավարական փաստաթղթերում ևս թվային հմտություններին առնչվող որակները, կարողություններն ու ունակությունները որպես առաջնահերթություն են սահմանված: Նա նաև ասաց, որ, այնուամենայնիվ, կա անհավասար կարողություն՝ չափելու, թե ինչ ասել է թվայնապես հմուտ լինելը՝ հավելելով, որ ԱլԳ-ում 1 միլիոն բարձր որակավորում ունեցող քաղաքացիներ ունենալու հավակնոտ թիրախին հասնելը ԵՄ թվային տնտեսության և հասարակության համաթվի (EU DESI) օրինակով ամբողջական տարածաշրջանային մոնիտորինգի համակարգի լիարժեք ներդրում կպահանջի։
Կիբերանվտանգություն. ինչպե՞ս անել, որ թվային փոխակերպման հիմքում լինի դիմակայունությունը:
«Ուկրաինայում պատերազմով պայմանավորված՝ մենք ստիպված էինք ամբողջությամբ վերանայել մեր թվային ռազմավարությունը», – հավելեց Յուրի Ցուրկանուն՝ նշելով, որ որպես նոր առաջնահերթություն պետք է ավելացվի Մոլդովայի վարչակազմի կայունությունը՝ ազգային կիբերանվտանգության համակարգի ուժեղացման հրատապ անհրաժեշտության հետ մեկտեղ:
«Երբ խոսքը վերաբերում է Արևելյան գործընկերության երկրներում կիբերանվտանգության մարտահրավերներին, շատ կարևոր է ձևակերպել երկրների միջև եղած տարբերությունները: Միևնույն ժամանակ, մենք բոլորս տեղյակ ենք, որ սպառնալիքներից շատերն ընդհանուր են», –նկատեց Թանել Թանգը՝ Եվրոպական հանձնաժողովի Ուկրաինայի աջակցության խմբի ղեկավարը: Որպես այդպիսի ընդհանուր մարտահրավերների օրինակ նշվեցին ընդհանուր հիբրիդային սպառնալիքները, մասնավորապես՝ ապատեղեկատվությունը։
Կիբերանվտանգությունը ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» տարածաշրջանային ծրագրի հիմնական ուղղություններից է։ Ծրագիրը գործիքներ է առաջարկում կիբերհարձակումների դեմ դիմադրողականությունը բարձրացնելու համար: Այն ներառում է ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունը, այլև իրավական և կառավարման շրջանակների համապատասխանեցումը ԵՄ օրենսդրությանը:
ԵՄ-ն ռուսական ագրեսիայի սկսվելու պահից ի վեր արդեն 10 միլիոն եվրո է մոբիլիզացրել՝ բարձրացնելու ուկրաինական հաստատությունների կիբերդիմակայունությունը՝ արագ արձագանքելով «ԵՄ աջակցությունն Ուկրաինայի կիբերանվտանգության ամրապնդմանը» ծրագրի միջոցով և ներառելով ծրագրային ապահովման, սարքային ապահովման, կարևոր ենթակառուցվածքային համակարգերի և տարհանման ոլորտները: Ավելին, լրացուցիչ 15 միլիոն եվրո էլ հատկացվել է դիմակայուն թվային փոխակերպման համար:
«Կիբերտարածությունում սահմանները խիստ անհստակ են կամ երբեմն ընդհանրապես գոյություն չունեն», – ասաց Թանել Թանգը՝ հավելելով, որ ԱլԳ-ԵՄ սահմանների երկու կողմերում էլ կիբեր սպառնալիքներին դիմակայելու փորձ կա: Սրանով կարևոր է դառնում դիմակայուն թվային փոխակերպման փորձագետներին համախմբման շարունակումը։
Լրացուցիչ տեղեկություններ
Հոկտեմբերի 24-ին կայացած Արևելյան գործընկերության թվային համաժողովը և հոկտեմբերի 25-ին կայացած EU4Digital-ի II փուլի մեկնարկային միջոցառումն ու Ղեկավար կոմիտեի նիստըկազմակերպվել էին «EU4Digital» ծրագրի կողմից։
Դիտեք 2022 թվականի Արևելյան գործընկերության թվային համաժողովի տեսաձայնագրությունը և իմացեք, թե ովքեր էին համաժողովի բանախոսները: