Արևելյան գործընկերության թվային համաժողովով կմեկնարկի «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը

  • Ամսաթիվ: 31/10/22
  • Կիսվել:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում թվային տնտեսության և հասարակության խթանումը «EU4Digital» ծրագրի ուշադրության կենտրոնում է 2019 թվականից: «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը պաշտոնապես մեկնարկել է՝ պահելով այդ ուշադրությունը, բայց թարմացնելով դրա նպատակները 2021 թվականի ԱլԳ քաղաքականության օրակարգի հանգույն: «EU4Digital» ծրագիրը նպատակ ունի տարածել միասնական թվային շուկայի առավելությունները դեպի Արևելյան գործընկերության երկրներ և հանդիսանում է նշված երկրներում թվային փոխակերպմանը աջակցելուն ուղղված ԵՄ դրոշակակիր տարածաշրջանային ծրագրի՝ «EU4Digital» նախաձեռնության կենտրոնական ծրագիրը։

«EU4Digital» ծրագրի վերագործարկման առթիվ «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու առցանց միջոցառում՝ Արևելյան գործընկերության թվային համաժողովը՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, և EU4Digital-ի II փուլի պաշտոնական մեկնարկն ու Ղեկավար կոմիտեի նիստը՝ հոկտեմբերի 25-ին:

Ավելի ուժեղ թվային տնտեսության և հասարակության զարգացումը կնպաստի ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին՝ օգնելով բիզնեսներին և բարելավելով  քաղաքացիների կյանքը Արևելյան գործընկերության երկրներում: Արևելյան գործընկերության քաղաքականության՝ 2021 թվականի դեկտեմբերին հաստատված թարմացումներով ԵՄ-ը և Արևելյան գործընկերության երկրները դիմակայուն թվային փոխակերպման հանձնառություն ստանձնեցին: «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է այս նպատակին, ինչպես նաև թվային շուկաների ներդաշնակեցմանը՝ թվային ենթակառուցվածքների, էլեկտրոնային կառավարման, թվային տնտեսության և նորարարությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և կիբերդիմակայունության ոլորտներում իր գործունեության միջոցով: «EU4Digital» նախաձեռնության գործողություններն իրականացվում են EU4Digital-ի քաղաքականության վեց ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ:

«EU4Digital» ծրագրի II փուլը (2022-2025) հիմնվելու է առաջին փուլի ձեռքբերումների և հիմքերի վրա: Ծրագրի I փուլը (2019-2022) կենտրոնացած էր Արևելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման միջոցով տնտեսության և կառավարման ամրապնդման վրա՝ մշակելով առաջարկություններ և իրավական շրջանակներ, նպաստելով համաձայնագրերի կնքմանն ու ծրագրային փաստաթղթերի ընդունմանը և փորձարկելով առանցքային թվային լուծումները, ինչպիսիք են թվային ստորագրությունը, էլեկտրոնային հաշիվ – ապրանքագիրը (eInvoice), էլեկտրոնային մաքսային ծառայությունը (eCustoms) և էլեկտրոնային կոմերցիան (eCommerce):

Հետագա երեք տարիների ընթացքում «EU4Digital» ծրագրի II փուլը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել քաղաքականության վեց հիմնական ուղղությունների վրա՝ «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության և միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր», «Էլեկտրոնային առողջապահություն» և «Թվային հմտություններ»: Դրանք կառուցված են Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքականության հիմնասյուների հանգույն, իմա՝ թվային ենթակառուցվածքներ, էլեկտրոնային կառավարում, կիբերդիմակայունություն և թվային տնտեսության ու նորարարություններ:

Արևելյան գործընկերության թվային համաժողովը ամենամյա նշանակալի իրադարձություն է, որը նպատակ ունի գնահատելու Արևելյան գործընկերության թվային քաղաքականության օրակարգը և առաջիկա առաջնահերթությունները: Գործընկեր երկրների և ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումների միջոցով մանրամասն կուսումնասիրվեն Արևելյան գործընկերության թվային փոխակերպման հետ կապված հիմնական թեմաները: Համաժողովը կանդրադառնա նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանին առնչվող վերջին զարգացումներին և մարտահրավերներին, ինչպես նաև այդ մարտահրավերները հաղթահարելու և կայուն ու դիմակայուն կառավարում, տնտեսություն և հասարակություն ունենալու ճանապարհին աջակցելու հարցերում թվային տեխնոլոգիաների դերին։ Առցանց միջոցառումը ողջունում է բոլորի մասնակցությունը, ովքեր ցանկություն կունենան գրանցվել համաժողովին:Թվային համաժողովի և մեկնարկային միջոցառման (որը նախատեսված է միայն հրավիրված մասնակիցների համար) կարևորագույն պահերը կհրապարակվեն EU4Digital տեղեկագրի հատուկ թողարկումում: Նման թարմացումները էլեկտրոնային փոստով ստանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել տեղեկագրին:

Նորություններ

Ցուցադրել բոլորը