Ամեն տարի ԵՄ կոդավորման շաբաթը հատկանշում է թվային գրագիտության եւ կոդավորման հմտությունների կարեւորությունն ու խթանում է դրանք բոլոր տարիքի եւ ծագման մարդկանց շրջանում: Ցանկացած ոք կարող է կազմակերպել սեփական միջոցառումը կամ միանալ դրանցից մեկին: Միջոցառումներն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն երկու շաբաթ առանձնացված է հատուկ Կոդավորման շաբաթվա համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-ից 22-ը:
Ամբողջ աշխարհից կամավորների համայնքի շնորհիվ Կոդավորման շաբաթը մեծ հաջողություն է վայելում եւ կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս բոլոր տարիքի եւ ծագման մարդկանց ծանոթանալ կոդավորման ու թվային հմտություններին եւ ծանոթություն հաստատել իրենց հետաքրքրությունները կիսող այլ մարդկանց հետ։
Ընթացիկ միջոցառումներ եւ աղբյուրներ
Կոդավորման շաբաթվա ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը հաքաթոնն է, որն անցկացվում է մի շարք եվրոպական երկրներում: Այս տարվա հաքաթոնն անցկացվում է «Ծրագրավորումը՝ որպես խնդիրներ լուծելու եւ երազանքներին կյանք տալու գործիք» խորագրի ներքո: Սա մարդկանց համար իրենց կոդավորման հմտություններն ի ցույց դնելու, այլոց հետ միասին աշխատելու եւ գործընթացից հաճույք ստանալու հիանալի հնարավորություն է: Արդեն սկսվել են երկրների դեսպանների հետ հանդիպումները՝ առաջիկա ամիսներին հաքաթոնների անցկացմանը նախապատրաստվելու նպատակով։
Կոդավորման շաբաթվա հետ կապված մեկ այլ միջոցառում է «Արհեստական բանականության հնարավորությունների օգտագործումը կրթության մեջ» թեմայով զանգվածային բաց առցանց դասընթացը (MOOC), որը կանցկացվի մարտի 13-ից մինչեւ ապրիլի 19-ը: Կոդավորման շաբաթվա շրջանակում անցկացվող MOOC-ը մանկապարտեզների դաստիարակներին եւ դպրոցների ուսուցիչներին տրամադրում է գործնական գաղափարներ, գործիքներ ու նյութեր, որոնք նրանց կօգնեն դասասենյակ ներմուծել կոդավորման եւ հաշվողական մտածողությունն ու իրենց սաներին նախապատրաստել մուտք թվային աշխարհին:
Կոդավորման շաբաթվա նորամուծություններից մեկը փոդքասթների շարքն է: Դրանք կանդրադառնան բազմաթիվ թեմաների, ներառյալ մետատիեզերքը, կիբերանվտանգությունը, ինչպես նաեւ կոդավորման մեջ երիտասարդներին ներգրավելու եղանակները: Նախատեսվում է, որ ապրիլին կթողարկվի շարքի առաջին փոդքասթը։ Դրանք արժեքավոր նյութ կդառնան բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են կոդավորման եւ թվային հմտություններով ու հարթակ կապահովեն քննարկման եւ մտքերի փոխանակման համար։
Մասնակցե՛ք Կոդավորման շաբաթվա միջոցառումներին
Կոդավորման շաբաթ 2023-ի շրջանակում կանցկացվեն զանգվածային միջոցառումներ, որոնք կնպաստեն կոդավորումը դպրոցական ծրագրերում ներառելուն եւ ոչ միայն: Ցանկացած ոք կարող է կազմակերպել սեփական միջոցառումը կամ միանալ դրանցից մեկին. ուղղակի անհրաժեշտ է սահմանելթեման եւ թիրախային լսարանն ու ավելացնել ձեր միջոցառումը միջոցառումների քարտեզում:
Կոդավորման շաբաթվա թիմը նաեւ պատրաստել է որոշ նյութեր՝ օգնելու կոդավորման շաբաթվա շրջանակում միջոցառումների կազմակերպմանը եւ խթանելու նախաձեռնությունը տարբեր համայնքներում:
«Կոդավորման շաբաթ» նախագծի, Կոդավորման շաբաթ 2023-ի եւ հարակից հաքաթոնի, MOOC-ի, փոդքասթերի եւ շատ այլ միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԵՄ կոդավորման շաբաթվա վեբկայքը: Կարող եք նաեւ ուսումնասիրել կոդավորման շաբաթվա բլոգը: