Ինչպես վաղ տարիքում, այնպես էլ հետագա ամբողջ կյանքում գիտելիքների և հմտությունների կուտակումը մարդկանց հնարավորություն է տալիս զարգացնել և իրացնել իրենց ներուժը՝ այդպիսով նպաստելով հասարակության արդյունավետությանը: Երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը ստիպեց, որ կրթության և ուսումնառության գործընթացը կազմակերպվի առցանց տարածքում, պարզ դարձավ, որ թվային տեխնոլոգիաները պետք է հասու դառնան բոլոր հնարավոր օգտվողների համար: Գիտակցելով այս մշտական կարիքը՝ Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) պնդում է, որ մարդկային կապիտալի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է «արմատական թվային ինտեգրման» մտածելակերպ: ԵԿՀ-ը տարբեր գործիքների և նախաձեռնությունների միջոցով աջակցում է թվային ինտեգրման քաղաքականության ու պրակտիկաների ներդրմանն իր գործընկեր երկրներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում:
ԵԿՀ-ն ԵՄ գործակալություն է, որն օգնում է անցումային և զարգացող երկրներին առավելագույնի հասցնել իրենց մարդկային կապիտալի ներուժը՝ կրթության, ուսուցման և աշխատաշուկայի համակարգերի բարեփոխման միջոցով: Իր գործընկեր երկրների քաղաքականություն մշակողներին կրթության համար թվային ինտեգրումը դիտարկելու հարցում աջակցելու նպատակով ԵԿՀ-ն 2022 թվականի նոյեմբերին հրապարակեց իր Թվային կրթության բարեփոխումների շրջանակը: Այն կօգնի ժամանակակից թվային էկոհամակարգերին համապատասխան թվային կրթական քաղաքականության մշակմանը, իրականացմանը և մոնիտորինգին: ԵԿՀ-ը նշված շրջանակը կօգտագործի խորհրդատվական քննարկումներում, որտեղ կընդգծի մարդակենտրոն գործոնների կարևորությունը, ինչպիսիք են ինտերֆեյսի դիզայնը և օգտագործողի փորձը:
Որպեսզի յուրաքանյուրը զգա այդ մարդակենտրոն գործոնների ազդեցությունը, ԵԿՀ-ն Աշխատանքի միջազգային կազմակերպության Միջազգային ուսումնական կենտրոնի հետ համատեղ ստեղծել են DigitallyExcluded.org վեբկայքը: Այս կայքի այցելուները կարող են տեսնել, թե ինչպես լեզվական, ճանաչողական, կապի և տեսողական խոչընդոտները կարող են խանգարել պոտենցիալ օգտվողներին ունենալ թվային տեխնոլոգիաների հասանելիություն կամ օգտվել դրանցից։
ԵԿՀ-ը նաև նպաստել է մեկ այլ գործիքի` SELFIE-ի (Արդյունավետ ուսուցման ինքնավերլուծություն՝ նորարարական կրթական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով) ստեղծմանը: Այս անվճար գործիքն օգնում է դպրոցներին թվային տեխնոլոգիաները կիրառել դասավանդման, ուսումնառության և գնահատման մեջ: ԵԿՀ-ն օգնում է Հայաստանի զարգացած թվային ենթակառուցվածքներ ունեցող դպրոցներին օգտագործել SELFIE գործիքը գյուղական դպրոցներին STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթություն տրամադրելիս: Այս մենթորությունը տրամադրվում է ազգային ծրագրի շրջանակում և օգնում է բարելավել առցանց ուսուցման և թվային ինտեգրման մակարդակը երկրի մարզերում:
Բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է ԵԿՀ-ն աշխատում «արմատական» թվային ինտեգրման համընդհանուր անցման ուղղությամբ:
«Եթե ցանկանում ենք թվային ինտեգրումն ավելացնել միայն աննշան չափով, դա երկար ժամանակ կպահանջի, իսկ մասնավոր հատվածը կդառնա տիրապետող», – ասում է ԵԿՀ-ի մարդկային կապիտալի զարգացման փորձագետ Ֆաբիո Նասկիմբենին: Նա բացատրում է, որ արմատական թվային ինտեգրման հայեցակարգը նման է սեփական ածխածնի հետքը հաշվարկելուն։«Սովորության վերածվելով՝ այն փոխում է մտածելակերպը», – նշում է նա։
Ֆաբիո Նասկիմբենին հավելում է, որ արմատական թվային ինտեգրման մտածելակերպը կապահովի մարդկային կապիտալի զարգացումը երաշխավորող ճիշտ քաղաքականությունների իրականացումը: «Քաղաքականություն մշակելու և հղանալու գործընթացում յուրաքանչյուրին ընդգրկելը ավելի թանկ և ժամանակատար է, բայց որքան շատ մարդիկ ներառվեն, այնքան այդ քաղաքականությունն ավելի մեծ ազդեցություն կունենա»:
Տե՛ս ԵԿՀ պատրաստած ամբողջական նյութը
Առնչվող տեղեկատվություն
EU4Digital-ը նաև աշխատում է թվային հմտությունների զարգացման ուղղությամբ՝ երաշխավորելով, որ այս զարգացումը հնարավոր կլինի վերահսկել ներդաշնակեցված հաշվետվողական համակարգի միջոցով:
Ակնկալվում է, որ Հմտությունների եվրոպական տարի հայտարարված 2023 թվականին կհաջողվի թարմ խթան հաղորդել ցկյանս ուսումնառությանը՝ հնարավորություն տալով մարդկանց իրենց ներդրումն ունենալ կանաչ և թվային փոխակերպումներում: