Սույն իրազեկման միջոցառման շրջանակում կներկայացվի, թե ինչ նշանակություն ունի eFTI-ը (բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում) ԵՄ-ում բեռնափոխադրումների ապագայի համար, և թե ինչ առավելություններ ու հնարավորություններ է այն ստեղծում Արևելյան գործընկերության երկրների համար։
Որքա՞ն ծառ հնարավոր կլիներ փրկել, եթե բեռնափոխադրումների մասին տեղեկատվության փոխանակումը թղթայինի փոխարեն կազմակերպվեր թվային եղանակով: Ըստ հաշվարկների՝ միայն Արևմտյան Բալկաններում տարեկան հնարավոր կլիներ փրկել 26,000 ծառ (234,000 տուփ տպագրական թուղթ): Համեմատության համար նշենք, որ Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում կա մոտ 18,000 ծառ:

Հաշվի առնելով, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը գրեթե հինգ անգամ ավելի մեծ է, այստեղ բեռնափոխադրումների ոլորտի կողմից տեղեկատվության փոխանակման թվայնացումը կարող է շատ ավելի դրական բնապահպանական և տնտեսական ազդեցություն ունենալ։
ԵՄ-ում բեռնափոխադրումների ոլորտը քայլեր է ձեռնարկում թվայնացման ուղղությամբ: Թղթային փաստաթղթերը և մաքսատներում երկար հերթերը աստիճանաբար կփոխարինվեն տեղեկատվության էլեկտրոնային փոխանակմամբ և ավելի սահուն տարանցմամբ: Այս գործընթացում առանցքային դեր է խաղում Բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ԵՄ կանոնակարգը, որը համահունչ է տարածաշրջանի Խելացի և կայուն շարժունակության ռազմավարությանը ու Կանաչ օրակարգին և լիարժեք ուժի մեջ կմտնի մինչև 2025 թվականը: Ըստ էության, eFTI կանոնակարգը նախատեսված է բեռնափոխադրումների մասին թվային փաստաթղթերի փոխանակումը կարգավորելու միասնական իրավական դաշտ ստեղծելու, eFTI-ի դարպասների և հարթակների համար տեխնիկական ստանդարտներ սահմանելու և ԵՄ իշխանությունների կողմից էլեկտրոնային ձևաչափով տեղեկատվության ընդունումը հաստատելու համար (եթե փոխադրում իրականացնող ընկերությունն նախընտրում է այն տրամադրել թվային ձևաչափով):
«EU4Digital» ծրագրի II փուլի ընթացքում վերջինիս «Էլեկտրոնային առևտուր» (eTrade) հոսքի «Էլեկտրոնային լոգիստիկա» (eLogistics) գործողությունն ուղղված է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև թվային տրանսպորտային միջանցքների ստեղծմանը՝ հիմնական ուշադրությունն ուղղելով eFTI-ի տեղակայմանը: Տվյալ գործողության վերջնական արդյունքը պետք է լինի ընտրված Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային բեռնափոխադրումների և eFTI կանոնակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումը՝ ստեղծելով պիլոտային eFTI դարպասներն ու հարթակները ԵՄ-ի հետ կապելու իրականացման ծրագիր։ Հունվարի 31-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում (ԳՄԺ+1) կանցկացվի վիրտուալ միջոցառում, որով կտրվի նշված գործողության մեկնարկը: Այն նաև կծառայի eFTI-ի մասին իրազեկության բարձրացմանը։ Միջոցառման վերջնական նպատակն է ցույց տալ eFTI կանոնակարգի նշանակությունը ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների համար և ներկայացնել թվային տրանսպորտային միջանցքներին ուղղված գործունեությունը, որը կնպաստի Արևելյան գործընկերության երկու երկրներում eFTI-ի տեղակայմանը։
Միջոցառումը նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի՝ էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի և այլ նախարարություններից կառավարության ներկայացուցիչների, մաքսային մարմինների, առևտրային ասոցիացիաների, լոգիստիկ հատվածի պետական և մասնավոր ներկայացուցիչների, ԵՄ պատվիրակությունների և այլոց համար:
Եթե դուք ներկայացնում եք թիրախային լսարանը և ցանկանում եք մասնակցել միջոցառմանը, խնդրում ենք գրանցվել՝ կապ հաստատելով Սաբինա Պուզեմսկայայի հետ (Sabina.Puzemskaja[at]lt.ey.com):
Գրանցումը բաց է մինչև հունվարի 27-ը։