Եվրոպական միության թվային փոխակերպման նպատակներին հասնելու համար «Հորիզոն Եվրոպա» աշխատանքային ծրագրի շրջանակներում 2023-24 թվականների համար կառանձնացվի ավելի քան 4,5 միլիարդ եվրո: Այն կազմում է աշխատանքային ծրագրի շուրջ 13,5 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեի ավելի քան 33%-ը, որը եվրոպացի հետազոտողներին և նորարարներին կաջակցի թվային, ինչպես նաև բնապահպանական, էներգետիկ և աշխարհաքաղաքական մարտահրավերների համար բեկումնային լուծումներ գտնելու հարցում: Եվրոպական հանձնաժողովը նշված աշխատանքային ծրագիրն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 6-ին։
Այս ֆինանսավորումը կնպաստի ԵՄ-ի հիմնական թվային տեխնոլոգիաների զարգացմանը և մեր կյանքում դրանց ինտեգրմանը: 2023 թվականին աշխատանքային ծրագիրը կաջակցի նաև կրիտիկական ենթակառուցվածքներին՝ ընդդեմ ֆիզիկական և կիբեր սպառնալիքների՝ այդպիսով բարձրացնելով ԵՄ դիմակայունությունը:
Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Եվրոպական միության 95,5 միլիարդ եվրո արժողությամբ ավելի լայն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մաս կազմող 2023-24 թվականների աշխատանքային ծրագրի ֆինանսավորումը կուղղվի նաև Ուկրաինային աջակցելուն, տնտեսական դիմակայունությունը բարձրացնելուն և ՔՈՎԻԴ-19 համավարակից կայուն վերականգնմանն ուղղված նպատակային գործողություններին: Այն ԵՄ-ին կօգնի հասնել իր կլիմայական նպատակներին և բարձրացնել էներգետիկ դիմակայունությունը: Այն նաև կօգնի ձևավորել ավելի ուժեղ եվրոպական հետազոտական և նորարարական էկոհամակարգ, այդ թվում՝ ամբողջ Եվրոպայի հետազոտական և նորարարական համայնքի ավելի լայն մասնակցության, ավելի մեծ շարժունակության և համաշխարհային մակարդակի հետազոտական ենթակառուցվածքների ֆինանսավորման միջոցով:
Հետազոտություններին և նորարարություններին ուղղված այս 13,5 միլիարդ եվրո ֆինանսավորումը ներդրում է Եվրոպայի ապագայի մեջ: Այն մեզ կօգնի իրականություն դարձնել «Կանաչ գործարքը», առաջ մղել Եվրոպայի թվային փոխակերպումը և Եվրոպան դարձնել ավելի դիմակայուն ու մրցունակ:
Մարգրետե Վեստագեր, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ թվային դարաշրջանին համապատասխան Եվրոպայի հարցերով
Նպատակային աջակցություն Ուկրաինային
Ուկրաինային նպատակային աջակցությունը տրամադրվում է ի հավելումն 2022 թվականին արդեն իսկ մեկնարկած 70 միլիոն եվրոյի հատուկ միջոցառումների: Նոր գործողությունները ներառում են ուկրաինացի հետազոտողների համար եվրոպական հետազոտական ենթակառուցվածքներ մուտքի դյուրացումը, Ուկրաինայի առողջապահության ոլորտի գիտնականներին շարունակական աջակցությունը և Ուկրաինայի մի քանի քաղաքների կլիմայական չեզոք վերականգնմանն աջակցությունը Կլիմայական չեզոք և խելացի քաղաքների հարցերով ԵՄ առաքելության միջոցով։
Հետագա քայլեր
2022 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ ֆինանսավորման և գնումների մրցույթների պորտալումբացվել են առաջին հայտամրցույթները: Մինչև 2023 թվականի փետրվարի 16-ը պոտենցիալ դիմորդների համար կանցկացվեն «Հորիզոն Եվրոպայի» տեղեկատվական օրեր։