Հայաստան. ԵՄ Թումո կենտրոնն աշխատում է առողջապահության թվայնացման ուղղությամբ

  • Ամսաթիվ: 15/06/20
  • Կիսվել:

Անցած երեք ամիսների ընթացքում ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրում գործող Թումո լաբորատորիաներն առողջապահության թվայնացման վերաբերյալ համատեղ ծրագիր են իրականացնում առողջապահության ոլորտում գործող երևանյան կազմակերպության՝ Առողջապահության նորարարական կենտրոնի (ԱՆԿ) հետ:

Ծրագրի մասնակիցները ծանոթացել են առողջապահության թվայնացման հիմունքներին, ոլորտի հետ կապված խնդիրներին և դրանց լուծման միջազգային նախադեպերին. գիտելիքներ, որոնք նրանք այնուհետև կիրառեցին ՀՀ առողջապահական համակարգում: Մասնավոր նպատակն էր մշակել այնպիսի ծրագիր, որը հիվանդների մասին խելացի բժշկական սարքերում պահպանվող տեղեկությունները կկապեր Հայաստանի բուժաշխատողների կողմից տարածվող տվյալների ամբողջության հետ:

«Հայաստանում տեխնոլոգիաներն հաճախ ուսուցանվում են ենթատեքստից դուրս: Մասնագետները լուծում են տեխնիկական խնդիրները՝ առանց հաշվի առնելու իրական պայմաններում դրանց կիրառման հարցը: Բազմագիտակարգային կրթություն գոյություն չունի: Այսպիսով, երբ ծրագրավորողը զրուցում է, օրինակ, տնտեսագետի կամ առողջապահության ոլորտի աշխատողի հետ, նրանց համար որոշ ժամանակ բարդ է լինում խնդրո առարկան հասկանալը: Ահա թե ինչու մենք մշակեցինք այս նախագիծը Թումո լաբորատորիաների հետ: Մենք ուզում էինք ուսանողներին հնարավորություն տալ շփվել այլ ոլորտի մասնագետների հետ, հասկանալ նրանց կարիքները, այնուհետև վերջիններիս պատկերացումները վերածել տեխնիկական լուծման»,- ասում է ԱՆԿ խորհրդի անդամ Արթուր Ղուլյանը:

Նախագծի մասնակիցների մեծ մասի համար առողջապահության թվայնացումը նոր հարթություն էր: Բայց թիմային աշխատանքի և նախագծի դասընթացավարների (ֆասիլիտատորների) հասանելիության շնորհիվ նրանք կարողացան մշակել հավելված, որը հիվանդների մասին տեղեկություններ է հավաքում միջազգային FHIR ստանդարտներին համապատասխան և տեղական բժիշկների ներգրավվածությամբ:

«Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջադրանքը: Մեր խումբը զբաղվում էր բժշկական քարտի (բժիշկների կողմից օգտագործվող փաստաթուղթ՝ հիվանդների մասին տեղեկություններն արձանագրելու համար) թվայնացմամբ, որպեսզի այն ձեռքով լրացնելու կարիք այլևս չլինի: Մենք ծրագրավորումն իրականացրել ենք Java-ի, Spring Boot-ի, Maven-ի, իսկ ֆրոնտ-էնդ ծրագրավորումը՝ JSX-ի օգտագործմամբ: Սա առաջին անգամն էր, երբ ես սկզբից մինչև վերջ ներգրավված էի մշակման գործընթացում: Ես սկսեցի փոքր քայլերից՝ իրականացնելով մաս առ մաս կոդավորում, մինչև որ հավելվածն ամբողջան տեսք ստացավ»,- բացատրում է ՀԱՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող և ինքնուս ծրագրավորող Լիլիթ Հովհաննիսյանը: Երկրորդ խումբը C# ծրագրավորման լեզվի և Microsoft.NET Core-ի օգտագործմամբ ստեղծեց վեբ հավելված, որը կառավարում է բժիշկների ու հիվանդների

ժամանակացույցը: Բժիշկների համար նախատեսված ինտերֆեյսը ցույց է տալիս ամենօրյա գրանցված այցելությունները, այցելուների քանակը և այլ տվյալներ, իսկ հիվանդի համար նախատեսված ինտերֆեյսը օգտագործողին հնարավորություն է տալիս տեսնել բժշկի ժամանակացույցը և գրանցվել այցելության համար:

«Հավելվածը կնվազեցնի հիվանդանոցներում և կլինիկաներում հերթերն ու սպասելաժամանակը: Հիվանդները հեռակա կարգով կգրանցվեն այցելության համար ու կժամանեն իրենց նշականակած օրը և ժամին: Սա մշակման ենթակա ավելի մեծ ծրագրի ընդամենը մի մասն է»,- ասում է ծրագրի մասնակից Արտաշես Տեր-Աբրահամյանը՝ ներկայացնելով արդյունքները:

Ծրագրի ընթացքում Լիլիթը հայտնաբերեց, թե որքան հետաքրքրված է առողջապահության թվայնացման հարցում: Այնքան, որ նա նույնիսկ որոշել է մասնագիտանալ տվյալ բնագավառում: Նրա նվիրվածությունն աննկատ չմնաց նախագծի դասընթացավարների կողմից: Ծրագրի ավարտին նրան առաջարկվեց շարունակել իր  աշխատանքը ԱՆՀ-ի Hi Care նախաձեռնության շրջանակներում: «Անցած երեք ամիսների ընթացքում ես ոչ միայն ծանոթացա նոր բնագավառի հետ, այլև ձեռք բերեցի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնց հիման վրա հույս ունեմ կառուցել իմ ապագան»,- ասում է Լիլիթը:

Թեև Թումո լաբորատորիաներ – ԱՆՀ ձևաչափով համագործակցության համար նախատեսված երեք ամիսներն ավարտվում են, նախագծի մասնակիցները դեռ նոր են ոգևորվում: Նրանք քննարկում են, թե ինչպես կառուցեն իրենց հետագա գործունեությունն ու շարունակեն ներգրավված մնալ Հայաստանում առողջապահության թվայնացման գործընթացում:

Թումո լաբորատորիաները ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրում գործող կրթական ծրագիր է: Այն ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության գործունեության շրջանակներում:

Ամբողջական նյութ

Նորություններ

Ցուցադրել բոլորը