Հայաստանում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում զգալիորեն աճել է Եվրոպական միության աջակցությամբ երկրում ներդրված հանրային ծառայությունների էլեկտրոնային կառավարման գործիքներն օգտագործող մարդկանց թիվը:
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ www.e-request.am-ի միջոցով 2020 թ.-ի մարտին քաղաքացիների կողմից ուղարկված դիմումների քանակը կազմել է 5.329, ընդ որում` ապրիլին ևս նկատվել է դրանց թվաքանակի էական աճ: Ի համեմատություն՝ 2020 թ.-ի հունվարին ուղարկված դիմումների քանակն ընդամենը 910 էր, ինչը նշանակում է, որ այդ թիվը հնգապատկվել է:
Դիմումների թվի կտրուկ աճը ցույց է տալիս, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն տարբեր պետական գերատեսչություններին դիմում, բողոք կամ հարցում ներկայացնելու նորարարական ու արդյունավետ միջոց է, այլ նաև օգտակար գործիք է, որը ավելի է հեշտացնում քաղաքացիների առօրյա կյանքը:
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակն ու պետական կառավարման բարեփոխումների մաս կազմող մի շարք այլ էլեկտրոնային կառավարման գործիքներ Հայաստանում ներդրվել են Եվրոպական միության աջակցությամբ և ուղղված են հանրային ծառայությունների մատուցման բարելավմանը:
2016 թ.-ից ի վեր Եվրոպական միությունն ավելի քան 20 միլիոն եվրո է հատկացրել՝ ի աջակցություն Հայաստանում հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտային բարեփոխումներին: ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում ստեղծվել են էլեկտրոնային կառավարման ավելի քան 10 հարթակներ, որոնց թվում են՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը, իրավաբանական անձանց պետական գրանցման www.e-register.am էլեկտրոնային համակարգը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքը, էլեկտրոնային նոտարի www.e-notary.am համակարգը, ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծը՝ www.e-hotline.am-ը, և այլն:
ԵՄ աջակցության շրջանակներում բազմաթիվ հանրային ծառայողներ և պետական մարմինների ներկայացուցիչներ ԵՄ անդամ տարբեր երկրներում բարելավել են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով պետական կառավարման ավելի արդյունավետ, հաշվետու և նորարարական համակարգի կայացմանը:
Պետական կառավարման ոլորտային բարեփոխումները համարվում են հորիզոնական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը, իսկ էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը բարելավում է քաղաքացիների կյանքի որակը: Հանրային կառավարման բարեփոխումների արդյունքում պետական կառավարման համակարգը դառնում է ավելի թափանցիկ, հաշվետու, նորարարական և արդյունավետ: