Հայաստան. Եվրամիության աջակցությամբ ավելի քան մեկ տասնյակ էլեկտրոնային կառավարման հարթակ է ներդրվել

  • Ամսաթիվ: 10/06/19
  • Կիսվել:

Հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և երկրի կառավարությունը Երևանում կայացած միջոցառման շրջանակներում ներկայացրեցին նոր էլեկտրոնային գործիքներ, որոնք ուղղված են երկրում պետական կառավարման թափանցիկության և հրապարակայնության խթանմանը:

Միջոցառումն անցկացվում էր էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին նվիրված հանրային իրազեկման արշավի շրջանակներում: Այս հարթակի միջոցով քաղաքացիները կարող են առցանց եղանակով դիմում, հարցում կամ բողոք ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պատասխանը ստանալ նույնպես առցանց:

Բացման իր խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց. «Երկուստեք, ԵՄ-ն և Հայաստանը  խիստ հետաքրքրված են էլեկտրոնային կառավարման ոլորտում համագործակցությամբ: Այս ոլորտում ԵՄ-ի աջակցության շարունակականությունը ապացույց է, որ մենք հավատարիմ ենք այս համագործակցությանը և գնահատում ենք մեր փոխադարձ նվաճումները»:

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ: Դրանց թվում են պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը,  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը (www.e-register.am) և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը  (www.e-draft.am):

Ներկայումս մշակվում են ևս երկու համակարգեր. «Պետական փոխգործելիության հարթակ»-ը և «Մեկ պատուհան» համակարգը:

2008-2018թթ.-ին Եվրոպական միությունը տրամադրել է շուրջ 25 մլն եվրո` Հայաստանում էլեկտրոնային կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման համար:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը