Հայկական «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հայտարարել է, որ ակտիվորեն աշխատում է Մոլդովայի ՏՏ կրթության ռազմավարության մշակման ուղղությամբ:
Հայտարարությունում ասված է, որ հիմնադրամն իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն՝ Մոլդովայում առկա իրավիճակը և ՏՏ կրթության աճի հիմնական խոչընդոտները հասկանալու համար:
Արդյունքում՝ ստեղծվել են ՏՏ ոլորտի հնարավոր զարգացման մի քանի մոդելներ և սցենարներ, որոնք հետագայում կարող են խթանել երկրում ՏՏ կրթությունը:
ՁԻՀ-ը սերտորեն համագործակցում է Մոլդովայի կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Մոլդովայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընկերությունների միության (ATIC), «Tekwill» հանգույցի, ինչպես նաև Մոլդովայի տեխնիկական համալսարանի ու Մշակող արդյունաբերության գործատուների միության (APIP) հետ` ռազմավարության ստեղծումը, տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը, ինչպես նաև նոր հնարավորությունների բացահայտումն ապահովելու համար:
ՁԻՀ-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և ՏՏ զարգացման գործակալություններից մեկն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում, և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: