COVID-19-ից անդին. բիզնեսի թվային փոխակերպման առաջխաղացումը Արևելյան գործընկերության երկրներում

  • Ամսաթիվ: 08/12/21
  • Կիսվել:

EU4Business-ի «Քաղաքականությունից՝ գործողություն» ծրագրի կողմից հրապարակված ՏՀԶԿի նոր զեկույցում ներկայացված են Արևելյան գործընկերության երկրներում բիզնեսի թվային փոխակերպման առաջխաղացման մարտահրավերներն ու առաջնահերթությունները:

«COVID-19-ից անդին. բիզնեսի թվային փոխակերպման առաջխաղացումը Արևելյան գործընկերության երկրներում» զեկույցը դիտարկում է չորս հիմնական ոլորտներ՝ անդրադառնելով դրանցում առկա մարտահրավերներին, ներկա իրադրությանը և առաջընթացի ուղուն.

  • Թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում.
  • Թվային տնտեսության շրջանակային պայմանները.
  • Հմտություններ թվային տնտեսության համար.
  • Աջակցություն ՓՄՁ-ների թվային փոխակերպմանը։

Միակցում

Շրջանակային պայմանների առումով ինտերնետ կապի ապահովումը հաջող թվային փոխակերպման առաջին քայլերից մեկն է։ Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունում լայնաշերտ կապի օգտագործումը, երկրներից կախված, զգալիորեն տարբերվում է, գտնվում է ՏՀԶԿ-ի ցուցանիշներից ցածր մակարդակում և ունի անհավասարության դրսևորումներ քաղաքային և գյուղական շրջանների ու ՓՄՁ-ների և խոշոր ընկերությունների միջև: ԱլԳ երկրները պետք է մրցակցության խթանման և մասնավոր ներդրումների ներգրավման հաշվին արագացնեն մատչելի գներով գերարագ լայնաշերտ կապի ընդլայնումը և վերացնեն միակցման հետ կապված բացերը:

Էլեկտրոնային կոմերցիա

Նմանապես, ԱլԳ երկրներում էլեկտրոնային կոմերցիայի աճի տեմպերը ևս  արագ են, բայց դեռևս գտնվում են զարգացման վաղ փուլում: Կան կարևոր բացեր օրենսդրական դաշտում, իսկ էլեկտրոնային կոմերցիայի ավելի լայն՝ եվրոպական շուկաներին ինտեգրումը սահմանափակ է: Ավելին, էլեկտրոնային ստորագրության գործող օրենսդրական շրջանակները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Էլեկտրոնային կոմերցիայի ընձեռած աճի ներուժը առավելագույնի հասցնելու համար ԱլԳ քաղաքականություն մշակողները կարող են ամրապնդել սպառողների իրավունքների պաշտպանությունն ու թվային անվտանգությունը կարգավորող իրավանորմատիվային շրջանակները և մոտարկել էլեկտրոնային ստորագրության և վստահության ծառայությունների չափորոշիչներն ու թվային անվտանգության և տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը ԵՄ-ի չափորոշիչների և շրջանակների հետ:

Թվային հմտություններ

Թվային հմտությունների խթանումը առանցքային դեր ունի թվային փոխակերպման գործում: Այնուամենայնիվ, ՓՄՁ-ները հիմնականում չեն ընկալում թվային գործիքների ներուժը և դժվարություններ են ունենում հմուտ աշխատակիցներ ներգրավելու հարցում: Ընդհանուր առմամբ, ԱլԳ երկրներում ՏՀՏ հմտությունների մակարդակը զգալիորեն ցածր է ՏՀԶԿ երկրներում եղածներից, իսկ դպրոցական ուսումնական ծրագրերը սովորաբար բավականաչափ ճկուն չեն արագ զարգացող տեխնոլոգիաներին համապատասխանելու համար: ԱլԳ կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ՓՄՁ ղեկավարներին և աշխատակիցներին թվային փոխակերպման ներդրման համար անհրաժեշտ հմտություններով զինելու համար: Դրանք ներառում են գոյություն ունեցող տարաբնույթ թրեյնինգների մասին իրազեկության բարձրացումը և տեղական էկոհամակարգերի և համայնքների ներուժի օգտագործումը՝ համապատասխան հմտություններ ձեռք բերելու և լավագույն փորձը խթանելու համար:

Թվային ռազմավարություն

Ազգային թվային ռազմավարությունները, ըստ երևույթին, կայուն թվայնացման քաղաքականություն ստեղծելու ամենահարմար գործիքներն են, և դրանք գնալով ավելի տարածված են դառնում ԱլԳ երկրներում, թեև հազվադեպ են պարունակում ՓՄՁ թվայնացումը խթանելու հատուկ գործողություններ: Այնուամենայնիվ, ՓՄՁ-ների թվային փոխակերպմանն աջակցելու նախաձեռնությունները կարող են նաև ներդրվել համապարփակ ռազմավարական փաստաթղթերի շրջանակից դուրս:

Առաջարկություններ

Քաղաքականություն իրականացնողների բարեփոխումների ջանքերը ոգեշնչելու համար զեկույցը ներկայացնում է ձեռնարկություններին աջակցող գործակալությունների կողմից դիտարկման ենթակա քաղաքական միջոցառումների «պլան»՝ ԱլԳ երկրներում ՓՄՁ-ների թվային փոխակերպմանը աջակցելու համար.

  • Թվայնացման քաղաքականության շրջանակում հզոր մանդատ ունեցող իրականացնող գործակալությունը (օրինակ` ձեռնարկությունների/ՓՄՁ-ների աջակցման ազգային գործակալությունը) պետք է գործի որպես «թվային մեկ պատուհան» այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են առաջ մղել իրենց թվային փոխակերպումը:
  • Քաղաքականություն իրականացնողները պետք է մշակեն և ներկայացնեն կոնկրետ ոլորտներին վերաբերող թվային պլաններ՝ թվարկելով համապատասխան թվային լուծումների, անհրաժեշտ հիմնարար բիզնես կարողությունների և թվային ուսուցման հասանելի տարբերակների վերաբերյալ առաջարկություններ։
  • ՓՄՁ-ները պետք է ի զորու լինեն անցնել թվային ինքնագնահատում՝ ինքնաախտորոշիչ գործիքի միջոցով:
  • Իրենց թվային կարողությունների զարգացման կարիքները հասկանալու հարցում ՓՄՁ-ների գործը հեշտացնելու և դրանք բավարարելու համար ԱլԳ երկրները կարող են ստեղծել հավաստագրված խորհրդատուների և խորհրդականների հուսալի ցանց, ինչպես նաև ապահովել հարմարեցված վերապատրաստման հնարավորությունների առկայություն:
  • Քաղաքականություն մշակողները պետք է թվայնացմանն ուղղված ֆինանսական աջակցություն տրամադրեն համապատասխան գործիքակազմի միջոցով, ինչպիսիք են դրամաշնորհները, վաուչերները, վարկերը և անուղղակի ֆինանսական խթանները:
  • Վերջապես, քաղաքականություն մշակողները պետք է զարգացնեն և համակարգեն թվային փոխակերպման էկոհամակարգը՝ ներառելով ՓՄՁ զարգացմանն աջակցող բոլոր գործակալներին և շահագրգիռ կողմերին (օրինակ՝ ինկուբատորներ, բարձր տեխնոլոգիական պարկեր, թվային նորարարության կենտրոններ, համալսարաններ), որպեսզի առավելագույնի հասցնեն գործող կառույցների ազդեցությունը:

Կարդալ ամբողջական զեկույցը

Նորություններ

Ցուցադրել բոլորը