էլեկտրոնային առողջապահության տեխնոլոգիական հնարավորություններին սպասվում է պայծառ ապագա, թեև դեռևս առկա են որոշ խնդիրներ

  • Ամսաթիվ: 09/12/20
  • Կիսվել:

Առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների օգտագործումը նոր նորարարական հեռանկարներ է բացում ԵՄ և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում առողջության պահպանման ապագայի համար: Մշակվում են էլեկտրոնային առողջապահության նոր տեխնիկական լուծումներ, որոնք ունեն ավանդական բժշկությունը հիվանդակենտրոն և տվյալահեն առողջապահությամբ հեղափոխելու ներուժ: ԵՄ-ում և Արևելյան գործընկեր երկրներում առկա բազմաթիվ հնարավորություններ և լուծումներ կարող են առողջապահությունը վերափոխել առ թվային ուղղություն: Այնուամենայնիվ, նոր լուծումների ներդրման ճանապարհին շարունակում են ի հայտ գալ որոշակի խնդիրներ:

EU4Digital-ը թվային առողջապահության ապագայի վերաբերյալ քննարկում է ունեցել ոլորտի փորձագետ պրոֆ. Էնրիկե Մարտինսի հետ, ով պատմել է առաջիկա հնարավորությունների և լուծման ենթակա խնդիրների մասին` առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներուժն ամբողջությամբ իրացնելու համար: Նա ներքին հիվանդությունների բժշկության ոլորտում մասնագիտացած բժիշկ է, ով ունի մագիստրոսի, ինչպես նաև կառավարման ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան և ավելի քան 20 տարի աշխատել է թվային առողջապահության ոլորտում:

Էլեկտրոնային առողջապահության վերջնանպատակը բժշկական օգնություն ցուցաբերելիս բժշկակենտրոն կամ հիվանդանոցակենտրոն մոտեցումը հիվանդակենտրոն և առողջակենտրոն մոտեցմամբ փոխարինելն է` թվային տեխնոլոգիաների օգտագործման հաշվին: Սա նշանակում է թվային համակարգերի օգտագործում՝ առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների համար հասանելի միասնական էլեկտրոնային առողջապահական գրանցամատյանում հիվանդի տվյալները պարզեցնելու, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսերի օգտագործման համար՝ նշանակված դեղերը ձեռք բերելու հարցում հիվանդներին լրացուցիչ շարժունակություն հաղորդելու նպատակով: Էլեկտրոնային առողջապահությունը ենթադրում է նաև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում, ինչպիսիք են արհեստական բանականությունը (ԱԲ) կամ մեծ տվյալների ծրագրակազմը՝ տվյալներում պոտենցիալ շեղումների կամ ռիսկերի մասին ազդարարման միջոցով հիվանդությունների կանխարգելման քաղաքականությանն աջակցելու նպատակով:

Ապագա լուծումներ

Ինչ վերաբերում է ԵՄ-ում և ԱլԳ-ում ներդրվելիք ապագա լուծումներին, ապա օրակարգում գերակա է Էլեկտրոնային բժշկական գրանցամատյանի և էլեկտրոնային դեղատոմսի օգտագործումը: Դրանք ապավինում են փոխգործունակ թվային համակարգերի առկայությանը, որոնք թույլ են տալիս կատարել առողջապահական տեղեկատվության փոխանակում: Ապագա առաջնահերթությունն այն է, որ այդ լուծումները հասանելի դառնան արտասահմանում: Դա կնշանակի, որ Լյուքսեմբուրգից Խորվաթիա արձակուրդի մեկնող քաղաքացին Լյուքսեմբուրգում նշանակված իր դեղերը կկարողանա ձեռք բերել Խորվաթիայի դեղատներում: Էլեկտրոնային դեղատոմսի միջսահմանային պիլոտավորումներն անցկացվում են ԵՄ ներսում: Դրանք ապագայում կարող են փորձարկվել նաև ԱլԳ տարածաշրջանում կամ նույնիսկ ԵՄ և ԱլԳ տարածաշրջանների միջև:

Professor Henrique Martins

Անդրսահմանային էլեկտրոնային առողջապահության մարտահրավերը թվային առողջապահական համակարգերի փոխգործելիության մեջ է: Պրոֆ. Մարտինսը որպես օրինակ բերում է բանկային ոլորտը: Ֆինանսական բանկինգը անդրսահմանային ծառայություն է, որի դեպքում մի երկրի քաղաքացիները կարող են գումար հանել այլ երկրում գործող բանկոմատներից: Սա կախված է նրանից, թե արդյոք ձեր տնային բանկն ու օտարերկրյա բանկը կիրառում են համանման գործառնական համակարգեր, արդյոք դրանք «խոսում են» միմյանց հետ և թե արդյոք փոխանակվում են բանկային տեղեկատվությամբ, ինչպիսիք են հաշվի համարները և գումարը: Էլեկտրոնային առողջապահության դեպքում ևս տվյալների անդրսահմանային փոխանակումն անհրաժեշտություն է: Բացառությունն այն է, որ առողջության վերաբերյալ տվյալները միշտ չէ, որ պարզապես թվեր են. դրանք կարող են լինել նաև տեքստեր և պատկերներ, ինչը լրացուցիչ բարդություն է ստեղծում: Համանման գործառնական համակարգերի ու թվային գործիքների աշխատանքը երաշխավորող ընդհանուր ստանդարտները տեղեկատվության փոխանակման ապահովման հիմնական բաղադրիչն են: Անդրսահմանային էլեկտրոնային առողջապահության մյուս մարտահրավերը բժշկական գիտելիքների փոխգործելիությունն է, որը պահանջվում է էլեկտրոնային դեղատոմսի համար, երբ մի երկիրը պետք է ճանաչի մեկ այլ երկրի բուժաշխատողի կատարած նշանակումը:

«Համապատասխան կազմակերպությունների, տարածաշրջանների և նույնիսկ երկրների միջև առողջապահական տեղեկատվության և առողջապահական տվյալների անխափան հոսքն էլեկտրոնային առողջապահության հաջորդ շեմն է: Վերջինս հիմնված է ազգային և տարածաշրջանային մակարդակում ներդաշնակեցված և փոխգործելի էլեկտրոնային առողջապահական ծառայությունների զարգացման վրա», – ընդգծում է «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» ուղղության ղեկավար Մարտինաս Դաուգիրդասը:

Ռոբոտաշինությունն ու արհեստական բանականության օգտագործումն այլ հնարավորություններ են, որոնք կարող են ապագայում փոխակերպել առողջապահության ոլորտը: Հիվանդներին բուժող լիովին ինքնուրույն մարդանման ռոբոտների կերպարն ավելի շատ գիտական ֆանտաստիկայի ժանրից է, քան իրականություն, բայց ըստ պրոֆ. Մարտինսի՝ բուժաշխատողներին և հիվանդներին աջակցելու համար ռոբոտային բաղադրիչների օգտագործումն արդեն իսկ զարգացող բնագավառ է: Օրինակ՝ հիվանդներին բուժելու գործընթացում օրթոպեդների կողմից կարող է օգտագործվել ռոբոտացված թև, որը լրացուցիչ աջակցություն կամ ուժ կապահովի վերջույթները շարժելու և տեղափոխելու ընթացքում: ԵՄ-ում արդեն իսկ նախատիպավորվում է էկզոկմախքների օգտագործումը կաթված տարած հիվանդների վերականգնմանն օժանդակելու համար` օգնելով նրանց վերականգնել քայլելու իրենց ունակությունն ավելի կարճ ժամանակում, քան դա հնարավոր կլիներ անել լոկ ֆիզիոթերապիայի ավանդական մեթոդներով:

Արևելյան գործընկեր երկրները կարող են առավելություն ստանալ արհեստական բանականության և ռոբոտաշինության նման այս նոր առաջատար տեխնոլոգիական ոլորտներում, քանի որ այնտեղ ստեղծվում են նոր հիվանդանոցներ և առողջապահական հաստատություններ: Դրանք կարող են հագեցվել առաջատար ինտերնետային տեխնոլոգիաներով և անլար կապով, որպեսզի միջավայրն ավելի հարմար դառնա նոր թվային տեխնոլոգիաների համար: Եվրոպական երկրներում, որտեղ հիվանդանոցները երբեմն տեղակայված են դարավոր շենքերում, ավելի բարդ կարող է լինել պահանջվող անլար ենթակառուցվածքի վերազինումը:

Թվային առողջապահական տեխնոլոգիաներն ապագայում կարող են միտված լինել նաև առողջապահական ծառայությունները հիվանդին ավելի մոտեցնելուն: Հիվանդանոցներում գործող շտապ օգնության սենյակները ներկայումս հիմնվում են տրիաժային (հիվանդների տեսակավորման) համակարգի վրա՝ հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու առաջնահերթյունը որոշելով ըստ կարիքի անհետաձգելիության աստիճանի: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման դեպքում դրանք կարող են օժանդակվել թվային ինտերֆեյսերով, որոնց հիվանդները հավելվածի միջոցով կներկայացնեն իրենց ախտանիշները, ինչից հետո կիրականացվի թվային գնահատում` ախտանիշների հետևման ստանդարտացված արձանագրությունների օգտագործմամբ՝ առաջնահերթության տարբեր մակարդակները հստակեցնելու համար: Պրոֆ. Մարտինսը հավելում է, որ որոշ բժշկական կոմպետենցիաներ թվային միջոցների և առաջատար հեռաբժշկության միջոցով կարելի կլինի մոտեցնել հիվանդի տանը: Օրինակ՝ մի քանի հարց տալու և դեղատոմս ստանալու համար բժշկի այցելելու փոխարեն կարելի է ստեղծել բժշկական կրպակներ, որպեսզի հիվանդները հեռվից շփվեն բժշկի հետ և ստանան նույն պատասխաններն ու դեղատոմսը: Այս ապակենտրոնացված ստորաբաժանումները կշարունակեն ապավինել առողջապահության կենտրոնացված ամուր համակարգին, որը կգործի որպես թվային վստահության և թվային ծառայությունների մատուցման հիմնական հանգույց:

Տվյալների վրա հիմնված ցանկացած համակարգում տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կարևոր նշանակություն ունի: Առողջապահական տվյալները կոնֆիդենցիալ են և անձնական, ինչը տվյալների գաղտնիությունը թվային առողջապահության կարևորագույն հիմնասյուն է դարձնում: Համակարգերն ու արձանագրությունները պետք է տվյալների գաղտնիության օրենսդրությանը համապատասխան ապահովեն ու երաշխավորեն հիվանդների տվյալների կոնֆիդենցիալությունն այնպես, որ քաղաքացին կարողանա վերահսկել այդ տվյալների հասանելիությունը: Նաև պետք է ստեղծվեն անվտանգության և վստահության համակարգեր` չարտոնված մուտքի դեպքերից խուսափելու համար: Առողջապահական տվյալները պետք է պահվեն կիբերդիմակայուն և ապահով համակարգերում՝ դրանց անվտանգությունն ապահովելու համար: Վստահության համակարգերն այդ անվտանգության ապահովման կարևոր մասն են կազմում՝ ի դեմս տվյալների հասանելիություն տրամադրելու համար հիվանդների և պրակտիկ բժիշկների էլեկտրոնային նույնականացման:

Այլ նկատառումներ

Տեխնիկական սահմանափակումներից տարբերվող մյուս մարտահրավերները կապված են մարդկանց հետ, և թե ինչպես է հնարավոր նոր լուծումների ինտեգրումը ներկայիս առողջապահական միջավայրում: Որպեսզի տեխնոլոգիան օգտակար և փոխակերպող լինի, այն պետք է ընդունվի և կիրառվի պրակտիկ մասնագետների և վերջնական օգտագործողների կողմից: Եթե գործիքը նախատեսված է հիվանդների համար, բայց նրանք չեն ընկալում դրա արժեքը, կամ եթե առկա է հմտությունների բաց, որը խոչընդոտում է տվյալ տեխնոլոգիայի օգտագործմանը, ապա թվային գործիքներն իրենցից արժեք չեն ներկայացնում: Պրոֆ. Մարտինսն ընդգծում է, որ անհրաժեշտ է «մարդկանց միջև փոխգործելիություն» այնպես, որ թվային առողջապահական տեխնոլոգիաների վերաբերյալ մարդկանց հմտություններն ու մտածելակերպը ևս փոխգործելի լինեն ու նրանք կարողանան տարբեր պայմաններում աշխատել մի շարք գործիքների հետ: Սա նշանակում է ինչպես հիվանդների, այնպես էլ առողջապահության ոլորտի մասնագետների համար էլեկտրոնային առողջապահության թվային հմտությունների ուսուցման հնարավորությունների ապահովում՝ կապված հասանելի տեխնոլոգիաների հետ:

Նորագույն թվային գործիքների ներդրումը խրախուսելու ևս մեկ լուծում է այն առավելությունների ընդգծումը, որոնք կարող են ապահովել թվային առողջապահական տեխնոլոգիաները հիվանդների և առողջապահության ոլորտի մասնագետների համար: COVID-19 համավարակն առաջին պլան է բերել առողջապահության բնագավառն ու էլեկտրոնային առողջապահությունը` վարակի տարածումը սահմանափակելու նպատակով հետևման համար նախատեսված հավելվածներում թվային և առողջական տվյալների համադրությամբ: Այնուամենայնիվ, պրոֆ. Էնրիկե Մարտինսն ավելի ավանդական պայմաններում էլեկտրոնային առողջությունը խթանելու հարցում կարևորում է հիվանդի ձայնը. «Հիվանդի կողմից թվային առողջապահական ծառայությունների պահանջով առողջապահության ոլորտի իր մասնագետներին դիմելը շատ հզոր միջոց է՝ այս լուծումների ներդրման շոշափելի պատճառներն ու դրանց բերած օգուտները մատնացույց անելու տեսանկյունից»: Առողջապահության ոլորտի մասնագետների և հիվանդի միջև երկխոսությունը կարող է ճանապարհ հարթել էլեկտրոնային առողջապահական նոր հնարավորություններում նրանց ներգրավումը խրախուսելու համար:

Այս հնարավորությունների, լուծումների և մարտահրավերների շարքում հիմնական թեման այն է, թե ինչպես լավագույնս օգտագործել տեխնոլոգիաները՝ քաղաքացիների համար ավելի լավ, ավելի բարդ և անհատականացված առողջապահություն ապահովելու նպատակով: Խոսքը կարող է գնալ ոչ թե տարբեր տեխնոլոգիաների քանակի, այլ փոխգործելի և օգտագործված համակարգերի մասին, որոնք կարող են բարելավել և հզորացնել առողջապահության հասանելիությունը քաղաքացիների համար:

Եվրոպական միությունը «EU4Digital» նախաձեռնության միջոցով աշխատում է Արևելյան գործընկեր երկրների հետ` աջակցելու ԱլԳ երկրների ու ԵՄ-ի միջև էլեկտրոնային առողջապահության ազգային կառուցակարգերի և ներդաշնակեցված համակարգերի ստեղծմանը: Էլեկտրոնային առողջապահության նպատակների և ոլորտում արձանագրված առաջընթացի մասին ավելին կարդալու համար այցելեք eHealth-ի թեմատիկ վեբկայք:


Հաջողակ պատմություններ

Ցուցադրել բոլորը