Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակը (C-PROC) փետրվարի 13-ից 14-ը Կիևում (Ուկրաինա) անցկացրել են «CyberEast: Գործողություն ընդդեմ կիբերհանցագործությունների՝ հանուն Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբերճկունության» ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստին ներկա գտնվող 65 մասնակիցների մեծ մասը ներկայացնում էին Արևելյան գործընկերության տարածաշրջանի վեց երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), ովքեր հավաքվել էին՝ ապահովելու «CyberEast» ծրագրիպատշաճ պլանավորումը, իրականացումն ու մշտադիտարկումը:
Քննարկումների առանցքում ծրագրի ռազմավարությանը և Արևելյան գործընկերության երկրների կիբերկայունության, քրեական արդարադատության ու էլեկտրոնային ապացույցների ներուժի ավելացմանն ուղղված գործողությունների աշխատանքային ծրագրի ընդունմանն առնչվող հարցերն էին՝ կիբերհանցագործություններին լավագույնս արձագանքելու նպատակով:
Նշված քննարկումների շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Կիբերհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիայի հետ օրենսդրության համապատասխանությանը (հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի դեպքին), Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) կառավարման ներքո գործող «EU4Digital: Կիբերճկունության բարելավում Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագրի կիբերհանցագործությունների բաղադրիչին, «EndOCSEA@Europe» ծրագրին, ինչպես նաև ծրագրային գործընկերների և ԵՄ պատվիրակությունների հետ համագործակցության ու աշխատանքների համակարգման հարցերին: