Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակը (C-PROC) հունիսի 18-ին կանցկացնի նոր վեբինար՝ «Կիբերբռնության ներածություն» թեմայով:
Գրանցումը բաց է մինչև 2020թ.-ի հունիսի 17-ը, կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 10:00-ն:
«CyberEast» ծրագրի ղեկավար Գիորգի Ջոխաձեի կողմից մոդերացվող պանելային քննարկման խոսնակների կազմում ներգրավված են Եվրոպայի խորհրդի փորձագետ Բեթի Շեյվը (կներկայացնի կիբերբռնության վերաբերյալ T-CY քարտեզագրման ուսումնասիրությունը), Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի (ԳՀԵԻ) գենդերային բռնության հարցերով փորձագետ Կատաժինա Վոլսկա – Վրոնան (կխոսի կանանց և աղջիկների դեմ կիբերբռնության մասին) և Եվրոպայի խորհրդի Հակախտրականության վարչության Ատելության խոսքի դեմ պայքարի և համագործակության ստորաբաժանման ծրագրերի ղեկավար Մեննո Էտեման (կխոսի ատելության խոսքի և դրա հետ կապված հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի ուղղությամբ ԵԽ-ի աշխատանքի մասին):
Սույն վեբինարի նպատակը կիբերբռնության խնդրի ներկայացումն է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ անքակտելիորեն կապված համապատասխան թեմաների տեսանկյունից:
Թեև այս վեբինարը կիբերբռնության համապատասխան ձևերի մասշտաբի ու ընդգրկման առումով ինքնին սպառիչ չէ, այն ներածություն կլինի տվյալ միջոցառման ընթացքում քննարկվելիք առանձին թեմաների ու բնագավառների ուղղվածությամբ հետագայում կազմակերպվելիք հատուկ վեբինարների շարքի համար: Վեբինարը նախատեսված է մասնակիցների ինտերակտիվ մասնակցությունը խրախուսելու և վերջիններիս շրջանում տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու համար՝ քննարկելով համապատասխան փորձերը, առաջավոր պրակտիկաները, մարտահրավերներն ու հնարավորությունները, և հատկապես օգտակար է համարվում կիբերհանցագործությունների ու կիբերանվտանգության ապահովման հարցերով պատասխանատու քաղաքական գործիչների, քրեական արդարադատության մարմինների (դատավորներ, դատախազներ, իրավապահ մարմիններ), համակարգչային անվտանգության պատահարների արձագանքման ազգային կենտրոնների (CSIRT) աշխատակիցների, ինչպես նաև թեմայով
հետաքրքրված հասարակական կազմակերպություններ ու գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչների համար:
Միջոցառման մասին ընդհանուր տեղեկատվությունը, հարակից ռեսուրսներն ու օրակարգը հասանելի են վեբինարի համար նախատեսված հատուկ վեբ կայքում, որը միջոցառումից առաջ և հետո պարբերաբար կթարմացվի:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և «EU4Digital» նախաձեռնության ներքո իրականացվող «CyberEast» նախագիծն ուղղված է «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիային և հարակից գործիքներին համապատասխանող օրենսդրական ու քաղաքական կաղապարների ընդունմանը, դատական և իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու միջգերատեսչական համագործակցությանը, ինչպես նաև քրեական արդարադատության, կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ուղղությամբ արդյունավետ միջազգային համագործակցության ու վստահության բարձրացմանը, այդ թվում՝ ծառայություն մատուցողների և իրավապահների միջև: