Արևելյան գործընկերության հիմնական շահագրգիռ կողմերը սեպտեմբերի 27-ին կհավաքվեն Արևելյան գործընկերության թվային համաժողովի շրջանակներում, որտեղ կքննարկեն տարաբնույթ հարցեր՝ գերարագ ինտերնետից մինչև թվային բիզնես և առցանց առևտուր:
Համաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով՝ EU4Digitial-ի ղեկավար կոմիտեի՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք տարեկան հանդիպման շրջանակներում: Համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել շուրջ 450 հոգու, այդ թվում՝ երկրների և ԵՄ պաշտոնատար անձանց, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում թվային փոխակերպման գործընթացում ներգրավված պետական և մասնավոր հատվածի այլ շահագրգիռ կողմերին:
Համաժողովը կմեկնարկի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, և անգլերեն լեզվով կհեռարձակվի EU4Digital-ի ղեկավար կոմիտեի կայքէջից:
Վիրտուալ համաժողովը կկենտրոնանա Արևելյան գործընկերության տարածաշրջանում թվային փոխակերպմանն աջակցելու գործում «EU4Digital» նախաձեռնության դերի վրա՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մանրածախ գների իջեցմանը, 5G-ին և մատչելի գերարագ ինտերնետին նպաստող հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, ՓՄՁ-ների և ստարտափ էկոհամակարգերի միջոցով թվային բիզնեսի ամրապնդումը, ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների միջև առցանց առևտրի խթանմանն ուղղված էլեկտրոնային կոմերցիայի լուծումները:
Համաժողովը կբացի Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:
Միջոցառումը բաղկացած կլինի հինգ նիստից, որոնցից յուրաքանչյուրը կկենտրոնանա տարածաշրջանում թվային փոխակերպման որոշակի ասպեկտի վրա.
- Արագություն. թվային դարաշրջանում՝ առանց սահմանափակումների.
- Հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ. ռոումինգի մանրածախ գների նվազեցման, 5G-ի և մատչելի գերարագ ինտերնետի համար հիմքերի ստեղծում.
- Արևելյան գործընկերության տարածաշրջանում հաջորդ սերնդի թվային բիզնեսի ամրապնդում՝ ՓՄՁ-ների և ստարտափ էկոհամակարգերի միջոցով.
- ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև առցանց առևտրի խթանում՝ էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային լուծումների միջոցով.
- Կրթական տեխնոլոգիաների (Ed Tech) վերաբերյալ պանելային քննարկում. ինչպես թվայնապես հզորացնել ԱլԳ տարածաշրջանի 1 միլիոն քաղաքացու:
Համաժողովի հիմնական զեկուցողը EY-ի գլոբալ թվային և նորագույն տեխնոլոգիաների թիմի ղեկավար, իրերի ինտերնետի ոլորտում 2020 թվականի համաշխարհային առաջնորդ, «Առանց սահմանափակումների ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ՝ թվային դարաշրջանում» գրքի հեղինակ Ալեքսանդր Պոնևերսկին է: Այլ բանախոսների թվում են թվային արդյունաբերության նշանավոր դեմքեր, «EU4Digital» ծրագրի փորձագետներ և արևելյան գործընկեր երկրների և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:
EU4Digital-ը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը` տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով: