2020 թ.-ի ապրիլի 29-ին կայացել է EU4Digital-ի թվային հմտությունների ցանցի վիրտուալ հանդիպում՝ առաջիկա միջոցառումների (դասընթացներ, աշխատաժողովներ, ուսումնական այցեր) առաջնահերթությունները, թվային հմտությունների խթանման արշավը և «EU4Digital» ծրագրի կողմից աջակցվող գերփոքր, փոքր ու միջին ձեռնարկությունների համար թվային հմտությունների կոմպետենցիաների շրջանակի մշակումը քննարկելու համար:
Մասնակիցները քննարկել են դասընթացներին, աշխատաժողովներին և ուսումնական այցերին վերաբերող հարցեր, ինչպիսիք են՝ Արդյունաբերություն 4.0-ի համար թվային հմտությունները, թվային կոմպետենցիաների շրջանակները, թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների կառավարումն ու կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում քաղված դասերը: Դիտարկվել են նաև առերես միջոցառումների հնարավոր այլընտրանքները, ինչպիսիք են՝ առցանց դասընթացները և աշխատաժողովները, եթե կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ազդեն արդեն իսկ պլանավորված միջոցառումների վրա:
Ցանցը քննարկեց նաև 2021 թվականի ընթացքում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների խթանման արշավ իրականացնելու ծրագրերը, ինչպես նաև գերփոքր, փոքր ու միջին ձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման առաջնահերթությունները:
EU4Digital-ի թվային հմտությունների ցանցը հարթակ է ծառայում Արևելյան գործընկերության վեց երկրների միջև և ԵՄ-ի հետ առաջավոր փորձի փոխանակման համար՝ խթանելով համատեղ ներդաշնակեցման նախագծերի համար սիներգիաներն ու գաղափարների մշակումը:
«EU4Digital» ծրագիրը տվյալ ցանցին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և ուսուցանողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպման, խթանման արշավի իրականացման և գերփոքր, փոքր ու միջին ձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման միջոցով: