Արդյունաբերության թվայնացում. տնտեսության ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպումը խթանելու լավագույն պրակտիկաները

  • Ամսաթիվ: 03/07/20
  • Կիսվել:

ՏՀՏ նորարարությունների ոլորտում «EU4Digital» ծրագրի գործունեության կենտրոնական ուղղություններից մեկն աջակցելն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՏՀՏ նորարարությունների վերաբերյալ միասնական օրենսդրական դաշտի ստեղծմանը, որը բարենպաստ միջավայր կապահովի ՏՀՏ նորարարությունների համար՝ ԵՄ նորմերի և լավագույն պրակտիկաների հիման վրա:

Այս նպատակին հասնելու համար «EU4Digital» ծրագիրը սահմանել է Արևելյան գործընկերության երկրների կողմից նախապես ընտրված քաղաքականության ոլորտների կարգավորման ԵՄ լավագույն պրակտիկաները:

  • Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում (Հայաստան).
  • ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր (Ադրբեջան).
  • ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման մատչելիություն (Վրաստան, Ուկրաինա).
  • ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ ստարտափների և սքեյլափների համար (Մոլդովա).
  • Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում) (Բելառուս):

Սույն հոդվածում ներկայացված է Բելառուսում որպես քաղաքականության գերակա ոլորտ ընտրված արդյունաբերության թվայնացման (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպման) ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների համատեսքը:

Թվային փոխակերպումը տարբերվում է ավտոմատացումից և տեղեկատվականացումից. այն պահանջում է բիզնես գործընթացների, բիզնեսի մոդելների և ձեռնարկության ներսում  ու դրա շուրջ տնտեսական հարաբերությունների համակարգային փոփոխություններ: Տնտեսության ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպման համար համապատասխան միջավայր ստեղծելը պետք է նախատեսի մասնագիտացված տեխնոլոգիական և բիզնես խորհրդատվությունների գունապնակ (որոնք կարող են ապահովվել կոմպետենցիաների կենտրոնների կողմից), համազգային նախաձեռնություններում պետական և մասնավոր հատվածների համագործակցություն (մասնավորապես՝ հմտությունների փոխանցման և ընդհանուր չափանիշների մշակման ուղղությամբ), ինչպես նաև համապարփակ ֆինանսական շրջանակ` այս բարդ ձեռնարկման շրջանակներում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Թվային փոխակերպման ներքո Եվրոպական հանձնաժողովում ի նկատի ունեն առաջադեմ տեխնոլոգիաների միախառնում, որն ինտեգրում է ֆիզիկական և թվային համակարգերն ու

նորարարական բիզնես մոդելների և գործընթացների հետ համակցությամբ հանգեցնում է խելացի ապրանքների ու ծառայությունների ստեղծման և արտադրողականության շոշափելի բարելավման: Եռաչափ (3D) տպագրությունն արտադրական գործընթացը դարձնում է ավելի արագ և էժան, տվյալների վերլուծությունը մեծացնում է ապրանքների արդյունավետությունը, իրական ժամանակում ստուգումների համար նախատեսված տվյալների շտեմարանները հեշտացնում են կառավարումը, իսկ թվային տեխնոլոգիաները դյուրացնում են նյութերի և դրանց մասերի ձեռքբերումը [DigitaliseSME, 2020]:

Արդյունաբերության ավանդական հատվածներում գործող ձեռնարկությունների թվայնացման ծրագիր և ռազմավարություն

ԵՀ-ն խթանում է եվրոպական արդյունաբերության թվայնացումը` հատուկ ուշադրություն դարձնելով ավանդական հատվածներին, փոքր ու միջին ձեռնարկություններին և տարածաշրջանային անհամաչափություններին: ԵՄ-ի՝ արդյունաբերությանն առնչվող առաջին նախաձեռնությունը` «Եվրոպական արդյունաբերության թվայնացում»-ը (DEI), գործարկվել է 2016 թվականի ապրիլին՝ միասնական թվային շուկայի փաթեթի շրջանակներում: Նախաձեռնության նպատակն է ապահովել, որպեսզի Եվրոպայում  գործող բոլոր չափերի, տեղակայությունների և հատվածների ձեռնարկությունները կարողանան լիարժեք օգուտներ քաղել թվային նորարարություններից:

«Եվրոպական արդյունաբերության թվայնացում» նախաձեռնությունը մինչև 50 միլիարդ եվրոյի չափով պետական և մասնավոր ներդրումներ է նախատեսել՝ ի նպաստ արդյունաբերության թվայնացման: Նախաձեռնությունը բաց է նաև այն երկրների համար, որոնք «ընդգրկված են Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ՝ համաձայն Միության ծրագրերին այդ երկրների մասնակցության մասին ընդհանուր սկզբունքների և ընդհանուր պայմանների, որոնք տեղ են գտել համապատասխան շրջանակային համաձայնագրերում և Ասոցացման խորհրդի որոշումներում կամ համանման համաձայնագրերում, ինչպես նաև համաձայն այն հատուկ պայմանների, որոնք ընկած են Միության և այդ երկրների միջև համաձայնագրերի հիմքում» (COM/2018/435 final):

Ի լրումն այս համընդգրկուն նախաձեռնությանը՝ ԵՄ անդամ երկրներն ազգային և տարածաշրջանային մակարդակներում ընդունում են հայեցակարգային և իրականացման փաստաթղթեր՝ արդյունաբերության ավանդական հատվածների թվայնացմանն աջակցելու համար: Օրինակ, Դաշնային կառավարության «Գերմանիայի թվային օրակարգ» փաստաթուղթը լրացվել է Տնտեսական հարցերի և էներգետիկայի դաշնային նախարարության «2025թ.-ի թվային ռազմավարություն» փաստաթղթով:

ՓՄՁ-ների թվային փոխակերպման ֆինանսավորում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում գործող բազմաթիվ ՓՄՁ-ներ դժվարությունների են բախվում՝ կապված ֆինանսների մատչելիության հետ, քանի որ բանկերի փորձառությունը կարող է չհերիքել թվային նախագծերի գնահատելիս, ինչի արդյունքում վերջիններս հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ այլ տեսակի նախագծերի համեմատ: ԵՆԲ-ն, ի թիվս այլի, առաջարկել է թվային նախագծերի համար

մշակել ֆինանսական հատուկ գործիքների հավաքածու՝ համալրված հատուկ ճկուն միջոցառումներով:

ՓՄՁ մրցունակության բարձրացմանն ուղղված ԵՄ ծրագիրը՝ «Կոսմե»-ն (2014-2020), ԵՄ մակարդակով ապահովում է «Կոսմե» վարկային երաշխավորության գործիքի գործառնությունը, որն աջակցում է տնտեսության բոլոր հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպման նախագծերի ֆինանսավորմանը: Աջակցության մի շարք ձևեր են գործում նաև պետական մակարդակում: Իսպանիայում, օրինակ, տեղի ձեռնարկությունների թվային փոխակերպումն, ի թիվս այլի, դյուրացվում է հետևյալ երեք գործիքների միջոցներով.

  • ֆինանսական միջնորդություն, որոնց շրջանակներում իսպանական Instituto de Crédito Oficial-ը (ICO), վարկային կազմակերպությունների միջնորդությամբ, ֆինանսավորման երաշխավորություն է տրամադրում.
  • ռիսկային կապիտալի տրամադրում ICO-ի 100% մասնակցությամբ վենչուրային կապիտալի կառավարման ընկերությունից, որն այլ ընկերություններին առաջարկում է կապիտալ և քվազի-կապիտալ գործիքներ` իրենց աճը ֆինանսավորելու համար.
  • ուղղակի ֆինանսավորում՝ թվային փոխակերպման խոշոր ներդրումային ծրագրերի վարկավորման հիման վրա:

Թվային փոխակերպման քաղաքականություն իրականացնող կենտրոնական մարմինը

ԵՄ երկրների լավագույն օրինակները ցույց են տալիս, որ երկրում թվային փոխակերպումը առաջնորդող և խթանող քաղաքական մարմինների հավասարակշռված և հագեցած ցանցը պետք է ունենա թվային փոխակերպման քաղաքականություն իրականացնող կենտրոնական մարմին: Վերջինս ստեղծում է հավասարակշռված փոխլրացնող մեխանիզմներ՝ թվային փոխակերպման քաղաքական գործիքակազմի մշակման և իրականացման համար:

Կենտրոնական մարմինը համագործակցում է քաղաքական այլ գործակալությունների հետ, որոնք կարող են նպաստել քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Այլ քաղաքական մարմիններն ու գործակալությունները պետք է հստակ պատկերացում ունենան իրենց ներդրման շրջանակի վերաբերյալ և կարողանան այդ նպատակով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ հատկացնել:

Իրավական դաշտը տեխնոլոգիական զարգացմանը համահունչ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի նորարարական թվային տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող շրջանակի մշակման գործընթացում ներգրավվեն գործարար և արդյունաբերական համայնքի փորձագետները:

Կոմպետենցիաների կենտրոններ, կրթություն՝ հանուն թվային փոխակերպման և գիտելիքների փոխանցման Եվրոպական արդյունաբերության թվայնացմանն ուղղված եվրոպական քաղաքականության ևս մեկ կարևոր հիմնասյուն է Թվային նորարարական հանգույցների (DIH) ցանցը: Թվային նորարարական հանգույցները սահմանվում են որպես «մեկ պատուհան» սկզբունքով գործող ունիվերսալ կենտրոններ, որոնք ընկերություններին օգնում են դառնալ ավելի մրցունակ՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաները: DIH-ները տարածաշրջանային բազմակողմ

համագործակցություններ են, որոնցում ընդգրկված են հետազոտական և տեխնոլոգիական կազմակերպություններ, համալսարաններ, ոլորտային ասոցիացիաներ, առևտրի պալատներ, ինկուբատորներ, աքսելերատորներ, տարածաշրջանային զարգացման գործակալություններ և նույնիսկ կառավարություններ: Այսպիսով, DIH-ները հիմնված են տեխնոլոգիական ենթակառուցվածքների վրա և հասանելիություն են ապահովում ամենաթարմ գիտելիքի, փորձի ու տեխնոլոգիաների նկատմամբ՝ իրենց հաճախորդներին օժանդակելով թվային նորարարությունների պիլոտավորման, փորձարկման և գիտափորձերի հարցում: Այդ նորարարությունները կյանքի կոչելու համար DIH-ները կարող են նաև գործարար և ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Եվրոպական խորհրդարանը ձևավորել է ֆինանսական ծրար «Թվային Եվրոպա» ծրագրի 2021-2027թթ. ժամանակահատվածի համար և շրջանառության մեջ է դրել եվրոպական թվային նորարարական հանգույցների հատուկ սահմանում` միջոցների թափանցիկ բաշխման նպատակով:

Եվրոպական թվային նորարարական հանգույցը իրավաբանական անձ է, որն ընտրվում է տեխնոլոգիական փորձաքննության և փորձարարության միջոցների հասանելիությունն ապահովելու, արդյունաբերության թվային փոխակերպումը հնարավոր դարձնելու, ինչպես նաև ֆինանսների մատչելիությունը դյուրացնելու համար: Եվրոպական թվային նորարարական հանգույցները բաց են ԵՄ-ում գործող բոլոր ձևերի և չափերի բիզնեսների, մասնավորապես` ՓՄՁ-ների, միջին օղակի ընկերությունների, սքեյլափների և հանրային կառավարման մարմինների համար: Ի մասնավորի՝ եվրոպական թվային նորարարական հանգույցները.

  • ծառայում են որպես վերջին թվային հզորությունների մուտքի կետեր, ներառյալ` բարձր արդյունավետության հաշվողական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, ինչպես նաև գոյություն ունեցող նորարարական տեխնոլոգիաները.
  • աջակցություն են ցուցաբերում առաջադեմ թվային հմտությունների բնագավառում (օրինակ՝ աշխատողների համար դասընթացների և ուսանողների համար պրակտիկաների համակարգմամբ).
  • լայն աշխարհագրական ծածկույթ են ապահովում ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև նպաստում են ավելի հեռավոր տարածաշրջանների մասնակցությանը միասնական թվային շուկային:

DIH կատալոգը Եվրոպայի թվային նորարարական հանգույցների համապարփակ տվյալների շտեմարան է, որը թույլ է տալիս որոնում կատարել ըստ երկրների, զարգացման մակարդակների, տեխնիկական կոմպետենցիաների, մատուցվող ծառայությունների, տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակի և շուկայական հատվածի (տնտեսության ճյուղի): ԵՄ-ն գիտակցում է թվային արդյունաբերության ուղղությանն աջակցելու համար անհրաժեշտ գիտելիքների և փորձի ձևավորման անհրաժեշտությունը: Նորարարությունների և ձեռնարկատիրական կրթության ոլորտում գործող առաջատար եվրոպական կազմակերպությունը, որն առաջ է մղում Եվրոպայի թվային փոխակերպման գործընթացը, Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտն է, ներառյալ՝ EIT Digital-ը: EIT Digital-ն առաջանցիկ թվային նորամուծություններ է մատակարարում շուկա և

ձեռնարկատիրական տաղանդ է սերմանում՝ հանուն տնտեսական աճի: Դա տեղի է ունենում շուրջ 200 առաջատար եվրոպական կորպորացիաներից, ՓՄՁ-ներից, ստարտափներից, համալսարաններից ու գիտահետազոտական ինստիտուտներից բաղկացած համաեվրոպական էկոհամակարգի մոբիլիզացիայի միջոցով: EIT Digital-ն իր «MIDIH» նախագծի միջոցով կնպաստի DIH-ների ցանցի զարգացմանը:

Գիտելիքի և փորձի փոխանցումն աջակցվում է նաև այն ընկերությունների քարտեզագրմամբ, որոնք հաջողությամբ թվայնացրել են իրենց գործընթացներն ու ծառայությունները (ինչպիսին «Արդյունաբերություն 4.0-ի քարտեզ»-ն է Գերմանիայում):

Թվային փոխակերպումը դյուրացնող թվային արդյունաբերական հարթակներ

Թվային արդյունաբերական հարթակները տեխնոլոգիական հիմնադրույթները կամրջում են արդյունաբերական հավելվածների հետ: Նմանատիպ հարթակները ստեղծում են սիներգիաներ և ոչ միայն խնայում են գործարքներում ներգրավված բիզնեսների ծախսերը, այլև, ի լրումն, նոր (թվային) ծառայություններ և բիզնես մոդելներ են ապահովում: Բացի այդ, դրանք սովորաբար բարձր մասնագիտացում ունեն առանձին ոլորտներում:

ԵՀ-ն ընդունում է, որ նմանատիպ հարթակների աստիճանական զարգացման և հասունացման համար լայնածավալ պիլոտավորում և գիտափորձեր են անհրաժեշտ, և 2018-2020 թվականների համար 1 միլիարդ եվրոյի չափով ԵՄ ներդրումներ է նախատեսել՝ հարթակների ստեղծման, լայնածավալ պիլոտավորման, պիլոտային հոսքագծերի և հարակից գործունեության (լայնածավալ դաշնային նախագծեր) համար:

Օրինակներ. մեծ տվյալների ոլորտում պետություն – մասնավոր գործընկերություն, կիբերանվտանգություն, ֆոտոնիկա, բարձր արդյունավետության հաշվողական տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, ապագայի ինտերնետ (5G), ECSEL (էլեկտրոնային բաղադրիչներ և ներկառուցված ծրագրային ապահովում), ապագայի ֆաբրիկաներ: Թվային արդյունաբերության գերմանական հարթակներ – BDI

Հետագա քայլեր

Համապատասխան բնագավառում ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ ամբողջական զեկույցն օգտագործվել է ԵՄ-ի և Բելառուսի միջև գոյություն ունեցող բացերի վերլուծության շրջանակի մշակման համար, իսկ այդ վերլուծության հիման վրա ազգային քաղաքականության գործիքների համար կազմվել է քաղաքական առաջարկությունների շարք: Նշված առաջարկություններն այնուհետև հիմք են ստեղծել արդյունաբերության թվայնացման (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում) ոլորտում Բելառուսի ազգային քաղաքականության իրականացման գործողությունների ծրագրի համար: Գործողությունների ծրագիրը կարող է հիմք ծառայել հետագա գործունեության և ազգային շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հնարավոր համատեղ անկախ նախագծերի համար: «EU4Digital» ծրագրի հետագա գործողությունները (դասընթացներ, ուսումնական այցեր, ցանցային միջոցառումներ, առաջխաղացման գործողություններ և այլն) շահագրգիռ կողմերին կօգնեն բացերի վերացմանն ուղղված իրենց հետագա գործունեության մեջ:

ԵՄ լավագույն փորձի ընդօրինակումն այսպիսով կօգնի խթանել Արևելյան գործընկերության երկրներում լավ գործառնող օժանդակ կազմակերպություններով ՏՀՏ նորարարությունների և ստարտափների հասուն էկոհամակարգի զարգացումը:

Ի վերջո, ընդհանուր օրենսդրական դաշտը Բելառուսին հնարավորություն կտա օգտվել ԵՄ թվային միասնական շուկայից և ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ փոխանակվել ու զարգացնել նորարարական նոր գաղափարներով:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը