Այն ժամանակ, երբ համացանցն ու թվային տեխնոլոգիաները փոխակերպում են մեր աշխարհը, թվային դարաշրջանին Եվրոպայի համապատասխանությունը մեկն է Եվրոպական հանձնաժողովի 6 քաղաքական գերակայություններից, որոնց նպատակը նոր սերնդի տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կարողությունների ընդլայնումն է:
Եվրոպական միության միասնական շուկան թվային դարաշրջանի պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է վերացնել անհարկի կարգավորիչ խոչընդոտները և առանձին ազգային շուկաներից անցում կատարել միասնական համաեվրոպական կանոնակարգերի:
Նշված քայլերը կարող են տարեկան 415 միլիարդ եվրո ներգրավել ԵՄ-ի տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման, մրցակցության, ներդրումների և նորարարությունների խթանման ուղղությամբ:
ԵՄ Միասնական թվային շուկայի ռազմավարությունը կառուցված է երեք հիմնասյուների վրա.
- Հասանելիություն. սպառողների և բիզնեսի համար թվային ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելի լավ հասանելիություն ամբողջ Եվրոպայում.
- Միջավայր. թվային ցանցերի և նորարարական ծառայությունների բարգավաճման համար պատշաճ պայմանների և գործունեության դաշտի ստեղծում.
- Տնտեսություն և հասարակություն. թվային տնտեսության աճի ներուժի մաքսիմալացում: