Ծրագիրը նպատակ ունի տարածել Եվրոպական միության Միասնական թվային շուկայի օգուտներն Արևելյան գործընկեր երկրներում՝ վերջիններիս աջակցելով ռոումինգի սակագների նվազեցման, տնտեսության խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով գերարագ լայնաշերտ կապի զարգացման, տարբեր բնագավառներում (լոգիստիկայից մինչև առողջապահություն) թվային կառուցակարգերի ներդաշնակեցման, կիբեռանվտանգության ապահովման, հմտությունների զարգացման և թվային ոլորտում ավելի շատ աշխատատեղերի ստեղծման հարցերում:
Նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է վերացնել համաեվրոպական առցանց ծառայությունների համար առկա խոչընդոտներն ու պատնեշները քաղաքացիների, պետական կառավարման մարմինների և բիզնեսների համար, այդ թվում՝ ԱլԳ գործընկեր երկրների շրջանում ու Եվրամիության հետ թվային միջավայրերի ներդաշնակեցման միջոցով:
Գործողություններ
Ծրագիրն իր աջակցությունը կենտրոնացնում է վեց առանցքային քաղաքական ուղղություններով.
Հեռահաղորդակցության կարգավորումներ
Ծրագիրն աջակցում է մինչև 2020 թվականը ԱլԳ երկրներում ընդհանուր ռոումինգի տարածություն ունենալու, ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդման և հաճախությունների բաշխման համար համակարգված ռազմավարությունների մշակման ջանքերին: Գործողությունները ներառում են.
- ԱլԳ տարածաշրջանում ռոումինգի գնագոյացման ընդհանուր մոտեցման մշակում և իրագործում.
- էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների կազմակերպական և ֆինանսական անկախության ամրապնդում.
- Արևելյան գործընկեր 6 երկրներում 700 ՄՀց հաճախությամբ տիրույթի ազատականացման շուրջ համակարգված մոտեցմանն աջակցություն:
Վստահություն և անվտանգություն
«EU4Digital»-ն հույժ կարևոր ենթակառուցվածքների կայունության ապահովման նպատակով Արևելյան գործընկերության տարածաշրջանում աջակցում է թվային տնտեսությունում վստահության ծառայություններիզարգացմանն ու կիբեռանվտանգությանը, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների համար: Գործողությունները ներառում են.
- ԱլԳ տարածաշրջանում էլեկտրոնային նույնականացման փոխադարձ ճանաչման ճանապարհային քարտեզի ու ազգային գործողությունների ծրագրերի մշակում և իրագործում.
- Տարածաշրջանում փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտավորում.
- Միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների տարածաշրջանային կառուցակարգի մշակում.
- Կիբեռանվտանգության ուղեցույցների ստանդարտ փաթեթի մշակում ԱլԳ տարածաշրջանի համար:
Էլեկտրոնային առևտուր
Ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրների շրջանում, ինչպես նաև ԵՄ-ի հետ վերջիններիս առևտրի դյուրացմանն ու ներդաշնակեցմանը՝ խթանելով էլեկտրոնային կոմերցիայի, մաքսային էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային լոգիստիկայի ընդհանուր կառուցակարգերին, ինչպես նաև՝ աշխատելով թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ: Գործողությունները ներառում են.
- Միջսահմանային էլեկտրոնային առևտրի բաղադրիչների պիլոտավորում ԱլԳ գործընկեր երկրների շրջանում և Եվրամիության անդամ պետությունների հետ.
- Տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի շահագրգիռ կողմերի միջև կապերի ընդլայնման խթանում.
- Միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի իրականացման գործիքների պիլոտավորում ԱլԳ գործընկեր երկրների շրջանում և Եվրամիության հետ.
- Միջսահմանային մաքսատների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների պիլոտավորում.
- Աշխատանք Բալթիկ ծովի և Սև ծովի միջև Թվային բազմամոդալ (ծովային և ցամաքային) տրանսպորտային միջանքի ստեղծման պիլոտային ծրագրի ուղղությամբ:
ՏՎՏ նորարարություն
«EU4Digital»-ն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի ՏՀՏ հետազոտությունների, ստարտափների և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ փորձի և լավագույն փորձառությունների վրա: Գործողությունները ներառում են.
- Աջակցություն ՏՀՏ նորարարության ընդհանուր օրենսդրական դաշտի ստեղծմանն ԱլԳ տարածքում.
- Քաղաքականություն մշակողների, ՏՀՏ կազմակերպությունների և բիզնեսների համար նախատեսված ընդհանուր ուսումնական փաթեթի մշակում.
- Նորարարական էկոհամակարգի դերակատարների միջև կապերի հաստատման խթանում
- «Սթարթափ Եվրոպա»-ի ցանցերի ու հարթակների ընդլայնում՝ այնտեղ բոլոր 6 գործընկեր երկրներին ընդգրկելու նպատակով.
- Իրազեկման արշավների իրականացում:
Էլեկտրոնային առողջապահություն
Ծրագիրն աջակցում է էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված ազգային կառուցակարգերիմշակմանն ինչպես ԱլԳ գործընկեր երկրների շրջանում, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ: Գործողությունները ներառում են.
- Էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման ուղեցույցների ու չափանիշների մշակում ԱլԳ տարածաշրջանի համար.
- Միջսահմանային էլեկտրոնային առողջապահության հարթակի ստեղծում ԱլԳ տարածաշրջանում.
- Տարածաշրջանի ներգրավում ԵՄ համապատասխան նախագծերում, ծրագրերում ու նախաձեռնություններում:
Էլեկտրոնային հմտություններ
«EU4Digital»-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների իրականացմանը՝ գործելով ի նպաստ թվային աշխատատեղերի ազգային կոալիցիաների և փոքր ձեռնարկությունների համար իրավասությունների շրջանակի ստեղծման: Գործողությունները ներառում են.
- Ազգային թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման մեթոդաբանության սահմանում.
- ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար ընդհանուր իրավասությունների շրջանակի սահմանում.
- Հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծում.
- Ուսումնական դասընթացների և աշխատաժողովների կազմակերպում.
- Գործընկեր երկրներում իրազեկման արշավների իրականացում: