1. Ի՞նչ է էլեկտրոնային առևտուրն առարկայորեն: Արդյո՞ք այն ինտերնետում գնումներ կատարելու մասին է…
Էլեկտրոնային առևտուրը (eTrade) միջսահմանային անթուղթ առևտուրն է: Այն համընդգրկուն երևույթ է, որն ընդգրկում է երկրների միջև ապրանքների և ծառայությունների ներմուծման ու արտահանման ցիկլը՝ անդրադառնալով այնպիսի ոլորտների, ինչպիսիք են.
- Աշխարհի ցանկացած կետից ապրանքների կամ ծառայությունների առցանց գնում կամ վաճառք.
- Ապրանքների կամ ծառայությունների միջսահմանային տեղափոխում՝ ներառելով բիզնեսների և կառավարության միջև անթուղթ փաստաթղթաշրջանառությունը և գնորդին այդ ապրանքների կամ ծառայությունների առաքումը:
ԵՄ-ն միասնական շուկա է, որը ստանդարտացված տեխնոլոգիաներով ու շրջանակներով ապահովված ապրանքների, ծառայությունների և համապատասխան տեղեկատվության ազատ փոխանակման հնարավորություն է ընձեռում իր անդամ երկրների միջև: Արևելյան գործընկերության երկրների դեպքում, սակայն, առկա է անթուղթ առևտրի ընթացակարգերի ներդաշնակեցման պակաս, ըստ որում՝ ինչպես այդ երկրների միջև, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ: Օրինակ՝ տարբեր երկրների կողմից հավասարապես չեն ճանաչվում միմյանց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերն ու պայմանագրերը:
Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև առևտրի ներդաշնակեցմանը: Այն նաև աջակցում է հենց Արևելյան գործընկերության երկրների միջև առևտրի ներդաշնակեցմանը:
2. Այսպիսով, ի՞նչ է անում EU4Digital-ն՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի խթանման ուղղությամբ
Որպես EU4Digital-ի մաս, մի շարք գործողություններ և պիլոտային ծրագրեր աջակցում են միջսահմանային համագործակցությանը: Ուշադրության կենտրոնում էլեկտրոնային առևտրի հետևյալ ոլորտների ներդաշնակեցումն է.
- Միջսահմանայինէլեկտրոնայինառևտուր. տարբեր երկրներից առևտրային գործընկերների (օրինակ ՝ բիզնեսների և կառավարության) միջև անթուղթ փաստաթղթաշրջանառություն.
- Էլեկտրոնայինմաքսայինծառայություններ. լոգիստիկ ընկերությունների և մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկատվության համակարգված ու ավտոմատացված փոխանակում (օր.՝ նախաժամանումային տեղեկատվության փոխանակում, ռիսկերի գնահատում, տվյալների համապատասխանեցում, մաքսային հսկողության արդյունքներ).
- Թվայինտրանսպորտայինմիջանցք. ֆիզիկական տրանսպորտային միջանցքների շրջանում տվյալների հետ կապված ծառայություններ` փոխադրման բոլոր մակարդակներում (օդային, ճանապարհային, երկաթուղային և ծովային) միջանցիկ տեղեկատվության փոխանակման համար.
- էլեկտրոնայինկոմերցիա. ապրանքների վաճառք համակարգչային ցանցերում իրականացվող էլեկտրոնային գործարքների միջոցով:
- Նեթվորքինգ. Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի ներգրավում ԵՄ-ի գործընկերների հետ գործարար կապերի զարգացման ու էլեկտրոնային առևտրի ոլորտային միտումների, գործողությունների և ներկա իրադրության մասին տեղեկատվության փոխանակման գործընթացում:
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում միջսահմանային էլեկտրոնային առևտրի պիլոտավորումը: Ո՞ր երկրներն են ներգրավված դրանում և կոնկրետ ինչո՞վ է այն զբաղված: Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկա տարիներին դրա օգուտները կտարածվեն բոլոր երկրներում
Պիլոտային գործողության նպատակը էլեկտրոնային առաքման լուծում օգտագործող մի շարք պետական և մասնավոր սուբյեկտների միջև միջսահմանային տվյալների փոխանակման փորձարկումն է: Նպատակը պարզելն է՝ արդյոք տվյալների նմանատիպ փոխանակումը կարող է լիարժեք գործառնել՝ ելնելով հետևյալ հեռանկարներից.
- Տեխնիկական. փորձարկել՝ հնարավոր է արդյոք հասնել փոխգործունակության, և արդյոք գոյություն ունեն միջսահմանային մակարդակում տվյալ լուծման օգտագործմանը խոչընդոտող տեխնիկական արգելքներ.
- Իրավական. պիլոտավորման ընթացքում կիրականացվի իրավական միջավայրի նախնական վերանայում և կստեղծվի ժամանակավոր միջավայր, որտեղ հնարավոր կլինի ապահովել փոխանակված տվյալների ընդունելիությունն իրավական տեսանկյունից (դա հնարավոր է անել փոխըմբռնման հուշագրի կամ այլ միջազգային համաձայնագրի ստորագրմամբ):
- Կազմակերպչական. պետք է հստակեցվեն գործընթացի համար պատասխանատու հաստատությունները և պետք է իրականացվեն անհրաժեշտ կազմակերպչական / ինստիտուցիոնալ փոփոխություններ:
Պիլոտային ծրագրի ավարտից հետո «EU4Digital» նախաձեռնության թիմը կհավաքի մասնակից ընկերությունների / կառավարական հաստատությունների հետադարձ արձագանքներն ու առաջարկություններ կպատրաստի վերոնշյալ ոլորտներում պահանջվող փոփոխությունների վերաբերյալ` լայնամասշտաբ լուծում ներդնելու և դրա լիարժեք գործառնությունն ապահովելու, ինչպես նաև այն իրավականորեն պարտադիր դարձնելու նպատակով:
Կիրականացվեն էլեկտրոնային առաքման երկու պիլոտային ծրագրեր, որոնցից մեկը՝ Արևելյան գործընկերոջ և ԵՄ անդամ երկրի, իմա՝ Ուկրաինայի և Լեհաստանի միջև, իսկ մյուսը՝ Արևելյան գործընկերության երկու երկրների, իմա՝ Մոլդովայի և Բելառուսի միջև:
Գործընկեր երկրների ներկայացուցիչների համար կկազակերպվեն ճանաչողական այցեր` պիլոտային լուծումները դիտարկելու նպատակով, ինչը նրանց հնարավորություն կտա տեղեկացված որոշումներ կայացնել իրենց երկրներում հատուկ լուծումների կիրարկման վերաբերյալ:
4. Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային մաքսային ծառայությունների համակարգը, և ինչպիսի՞ օգուտներ կան դրանից
Էլեկտրոնային մաքսային ծառայությունների համակարգը (eCustoms) լոգիստիկ ընկերությունների և մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկատվության համակարգված ու ավտոմատ փոխանակումն է (օր.՝ նախաժամանումային տեղեկատվության փոխանակում, ռիսկերի գնահատում, տվյալների համապատասխանեցում, մաքսային հսկողության արդյունքներ):
Երբ լոգիստիկ ընկերություններն իրականացնում են սահմանների միջև ապրանքների տեղափոխում և շփվում են մաքսային մարմինների հետ, նրանք առնչվում են ավտոմատացման և մաքսային մարմինների միջև ժամանակին հաղորդակցության բացակայության պատճառով առաջացող ուշացումների հետ: Արդյունքում, վերջնական գնորդները ևս առնչվում են ուշացումների հետ՝ իրենց ապրանքները ձեռք բերելիս: Դա տեղի է ունենում, քանի որ.
- Մաքսային տեղեկատվությունը ժամանակին տեղ չի հասնում՝ անվտանգային ռիսկերի անարդյունավետ կառավարման խնդիրներ ստեղծելով մաքսային մարմինների և բիզնեսների համար.
- Ներդրված չէ տվյալների ավտոմատ համադրման համակարգ (օր.՝ համադրել, թե արդյոք մեկնման երկրում հայտարարագրված տեղեկատվությունը նույնն է, ինչ ժամանման երկրում).
- Նախաժամանումային տեղեկատվության փոխանակում տեղի չի ունեցել (օր.՝ երբ բեռը հասնում է սահմանային անցակետ, փոխադրողը պետք է նախքան սահմանն անցնելը սպասի, մինչև ռիսկի գնահատումը ավարտվի):
eCustoms-ն օգնում է լուծել նշված խնդիրները՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը հնարավոր դարձնող համագործակցության անհրաժեշտ մոդելներ տրամադրելով բիզնեսներին ու կառավարություններին (օր.՝ համագործակցության գործընթացներ, հաղորդակցության համակարգեր): Այն լավարկում է մաքսային մարմինների հետ փոխգործակցությունը` նվազեցնելով բիզնեսի համար ծախսերն ու բարձրացնելով ապրանքների և ծառայությունների առաքման արագությունը:
«EU4Digital» նախաձեռնությունը վերլուծեց առկա լուծումներն ու տարածաշրջանում դրանց կիրառելիությունը և որոշում ընդունեց eCustoms-ի պիլոտավորման համար կիրառել «SEED» (էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակում) լուծումը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող SEED-ն իրականացվում է Արևմտյան Բալկանյան երկրների մաքսային մարմինների կողմից՝ առաջարկելով.
- Ապացուցված անվտանգություն.
- Տվյալների ստանդարտներ.
- Ազգային համակարգերին հեշտ հարմարվողականություն.
- Ճկունություն՝ գործառնությունների և տվյալների շտեմարանների փոխանակման նկատամամբ պահանջների առումով:
Արևմտյան Բալկաններում SEED-ը հաջողությամբ լուծել է հետևյալ խնդիրները.
- Հաշիվ-ապրանքագրերի փոփոխման և մուտքի պահին մաքսային արժեքի նվազեցման միջոցով թերարժևորում.
- Բեռնված բեռնատարների ելքի կեղծ հաստատում (ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված խախտումներ).
- Տրանսպորտային փաստաթղթերի (օր.՝ ներմուծման գրքույկների (APA Carnet)) (սխալ) օգտագործման հետ կապված խախտումներ.
- Մաքսային օրինախախտման լուրջ դեպքերի հայտնաբերում, ինչպիսիք են ծխախոտի և թմրանյութերի մաքսանենգությունը:
Պիլոտային ծրագրի նպատակն Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային մաքսային տվյալների փոխանակման ապահովումն է: Սա մեկնարկային կետն է, երբ պիլոտավորվելու են նախնական (սահմանափակ) գործառույթներ ու տվյալների հավաքածուներ:
Կիրականացվեն eCustoms-ի երկու պիլոտային ծրագրեր, որոնցից մեկը՝ Արևելյան գործընկերոջ և ԵՄ անդամ երկրի, իմա՝ Բելառուսի և Լիտվայի միջև, իսկ մյուսը՝ Արևելյան գործընկերության դեռևս հաստատման ենթակա երկու երկրների միջև:
Պիլոտավորման շրջանակներում հավաքվելու են հետադարձ տվյալներ՝ մաքսային մարմինների միջև մաքսային տվյալների փոխանակման գործընթացի բարելավման, ինչպես նաև մաքսային ձևակերպումների լավարկման, ռիսկերի գնահատման ու միջսահմանային մաքսային մարմինների միջև համագործակցության ապահովման համար: Արդյունքում, ակնկալվում է, որ կներկայացվեն լայնամասշտաբ լուծումների ներդրման վերաբերյալ առաջարկություններ, որոնք հնարավոր կդարձնեն այդ լուծումների վերարտադրությունն ամբողջ տարածաշրջանում:
5. Թվային տրանսպորտային միջանցք՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով. հավակնոտ է հնչում, բայց ի՞նչ է այն նշանակում առարկայորեն, և ինչպե՞ս է օժանդակելու առևտրի իրականացմանը
Թվային տրանսպորտային միջանցքը (ԹՏՄ) տվյալների հետ կապված ծառայությունների շարք է, որը ներդրված է ֆիզիկական միջսահմանային տրանսպորտային միջանցքներում` փոխադրումների բոլոր մակարդակներում (օդային, ճանապարհային, երկաթուղային և ծովային) տեղեկատվության միջանցիկ փոխանակման համար: Սա ներառում է մատակարարման ցանցի շահագրգիռ կողմերի համար այնպիսի ծառայություններ և հավելվածներ, ինչպիսիք են՝ իշխանության մարմիններին տեղեկատվության ներկայացումը, տեսանելիության ծառայությունները, շուկայի ծառայությունները, ամրագրման և պատվիրման ծառայություններն ու շղթայի կազմման ծառայությունները:
Սահմանով ապրանքներ և ծառայություններ տեղափոխելիս լոգիստիկ ընկերությունները փոխազդում են Արևելյան գործընկերության ու ԵՄ տարբեր երկրների տարատեսակ լոգիստիկ համակարգերի հետ: Սա ստեղծում է տեխնիկական խոչընդոտներ, որոնք բարդացնում են երկրների միջև լոգիստիկ տեղեկատվության ակնթարթային փոխանակումը: Բացի այդ, լոգիստիկ գործընթացների և տեղեկատվական համակարգերի համար մշակված իրավական շրջանակները նույնը չեն այդ երկրներում, ինչն էլ ավելի է երկարացնում ու բարդացնում լոգիստիկ գործընթացները: Սա լոգիստիկ ծախսերի ավելացման և ապրանքների ու ծառայությունների մատակարարման ուշացումների պատճառ է դառնում:
Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքն օգնում է լոգիստիկ գործընթացներն ու էլեկտրոնային տրանսպորտային տվյալների հոսքը կազմակերպել այնպես, որ տեղեկատվությունը փոխանակվում է անմիջապես լոգիստիկ շղթայի մասնակիցների (առևտրականներ, բեռնառաքողներ, մաքսային մարմիններ, պետական այլ գործակալություններ և սպառողներ) միջև՝ լավարկելով ապրանքների և ծառայությունների հոսքն ու խնայելով ժամանակ և գումար:
Լոգիստիկ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու և ներդաշնակեցնելու համար ԵՄ-ն մշակում է հատկորոշումներ և կանոնակարգեր, որոնց պետք է հետևեն ԵՄ անդամ պետությունների գործընկերներն ու շարժվեն հարթակների ապակենտրոնացված դաշնային ցանցի ուղղությամբ՝ ապոհվելով պետական մարմինների կողմից էլեկտրոնային տվյալների օրինականության ճանաչումը:
EU4Digital-ը մշակում է նախապատրաստական գործողություններ՝ ադապտացնելով Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի մշակումները, որոնք ուղղված են նշված երկրների ներսում և դրանց միջև տեղեկատվության փոխանակման, կարգավորիչ միջավայրի ու կազմակերպական մեխանիզմների համար տեխնոլոգիական մոտեցման գործածման փորձարկմանը: Այս համատեքստում փորձագետները սահմանում են Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքի պիլոտավորման ուղղությամբ նախապատրաստական գործողությունները: Այս գործողությունները ԹՏՄ ծառայությունների դյուրացման հարմարեցված մոտեցում և ապագա փորձարկումների համար նախատեսված ճանապարհային քարտեզ են ներառում:
6. Որո՞նք են էլեկտրոնային կոմերցիայի հիմնական խոչընդոտները, և ի՞նչ է անում EU4Digital-ը` որպես օգնություն
Էլեկտրոնային կոմերցիան կամ eCommerce-ը համակարգչային ցանցերում իրականացվող էլեկտրոնային գործարքների միջոցով ապրանքների վաճառքն է: Չնայած ԵՄ-ն միասնական շուկա է, որն ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակում է թույլ տալիս անդամ պետությունների միջև, բայց դա հնարավոր չէ հեշտությամբ իրականացնել նաև ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև՝ էլեկտրոնային կոմերցիայի օրենսդրության, չափորոշիչների և էկոհամակարգի տարբերությունների պատճառով:
Օրինակ՝ աշխարհի ցանկացած կետի հետ առևտուր անող ԵՄ բիզնեսները ցանկանում են վստահ լինել, որ ապրանքները համապատասխանում են անվտանգության ընդհանուր պահանջներին, բայց հանդիպում են խոչընդոտների՝ պայմանավորված այն փաստով, որ ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում գործող չափորոշիչներն ու օրենսդրությունը ներդաշնակված չեն:
EU4Digital-ն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում իր գործունեության շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներին տրամադրում է խորհուրդներ՝ ԵՄ-ի հետ հարթ էլեկտրոնային առևտրի հասնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով առաջարկներ ներկայացնել էլեկտրոնային կոմերցիայի երեք ոլորտների ներդաշնակեցման վերաբերյալ: Մասնավորապես՝
- Օրենսդրություն.
- Չափորոշիչներ.
- Էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ:
ԵՄ-ին և Արևելյան գործընկերության երկրներին առավելագույն արժեք ներկայացնելու համար վերլուծությունն այնուհետև կօգտագործվի հատուկ խնդիրների վերհանման ու այդ խնդիրների հաղթահարման նպատակով փորձնական լուծման մշակման և գործարկման համար: Փորձնական լուծման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կոմերցիայի վերլուծության ավարտվելուն պես:
7. Ի՞նչ է իրենից ներկայացնում նեթվորքինգը: Ինչպե՞ս է այն նպաստում էլեկտրոնային առևտրին
Նեթվորքինգը վերաբերում է գործարար կապերի հաստատմանը և էլեկտրոնային առևտրի ոլորտում միտումների ու գործունեության մասին տեղեկատվության փոխանակմանը: EU4Digital-ն էլեկտրոնային առևտրի բաղկացուցիչի շրջանակներում իրականացնում է բազմաթիվ գործողություններ ու փորձնական ծրագրեր, որոնք միջսահմանային համագործակցության պահանջ ունեն: Տեղեկատվության փոխանակումը, հետևաբար, կենսական պայման է էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, բարեփոխումների իրականացումը խթանելու և միջազգային շահագրգիռ կողմերի միջև գործունեության համահարթեցման համար:
Միջազգային նեթվորքինգային գործողությունները ներառում են փորձնական լուծումների դիտարկման, ուսումնասիրման և քննարկման նպատակով ուսումնական այցեր, Արևելյան գործընկերության երկրների սահմաններից դուրս առկա լուծումներն ու լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով ուսումնական այցեր և կոնտակտներով ու էլեկտրոնային առևտրի ոլորտում միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցառումներ: Այս միջոցառումները նախատեսված են քաղաքականություն մշակողների, ներդրողների, թվային տեխնոլոգիաների մատակարարների, ծառայություն մատուցող ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, ակադեմիաների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, պետական կառավարման մարմինների, գործակալությունների և էլեկտրոնային առևտրի ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար: Նեթվորքինգային գործունեության շրջանակներում վերջերս կազմակերպված միջոցառումների թվում են Թվային տրանսպորտի օրերը, «SEED» ճանաչողական այցն ու «eDelivery» ճանաչողական այցը՝ Լիտվա:
8. Հետագայում ի՞նչ տեսք կարող է ունենալ էլեկտրոնային առևտուրը տարածաշրջանում: Ինչպե՞ս է EU4Digital-ը նպաստելու դրան
EU4Digital-ի նպատակն էլեկտրոնային առևտրի ներդաշնակեցմանն աջակցելն է, որպեսզի այն դառնա անթուղթ, ավտոմատացված և ունիֆիկացված՝ տարբեր երկրների բիզնեսների և իշխանությունների միջև (առևտրային գործընթացների, հաղորդակցության, օրենսդրության և չափորոշիչների առումով): Այս սցենարին ավելի մոտենալու համար EU4Digital-ը նպաստում է վերլուծությունների իրականացմանն ու խնդիրների վեր հանմանը, միմյանց հետ կապում է համագործակիցներին, փորձարկում է եղած լուծումները և ներկայացնում է առաջարկություններ:
Առևտրի ապագայի առնչությամբ մենք կարող ենք աչքի առաջ ունենալ հետևյալ լավագույն սցենարը.
Ստոկհոլմում (Շվեդիա) տեղակայված բիզնեսը հենց նոր առևտրային համաձայնություն է ձեռք բերել Օդեսայում (Ուկրաինա) տեղակայված բիզնեսի հետ: Երկու բիզնեսների ներկայացուցիչները ծանոթացել են EU4Digital-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային առևտրին նվիրված միջոցառման ժամանակ: Ապրանքներն ընտրվել են էլեկտրոնային կոմերցիայի առցանց շուկայի, իսկ փաստաթղթերը փոխանակվել և ստորագրվել են համակարգչային ցանցերի միջոցով: Պայմանագրերը կնքվել են, իսկ հաշիվ-ապրանքագրերի վճարումը կատարվել է առանց թղթի գեթ մեկ կտորի օգտագործման: Այս փաստաթղթերի կառավարումը շատ արագ և հեշտ է ստացվել, քանի որ օրենսդրությունը և տեխնիկական չափորոշիչնրեը մոտարկված են: Սա նշանակում է, որ չկան այնպիսի լրացուցիչ փաստաթղթեր, որոնց մասին բիզնեսները տեղյակ չեն եղել կամ դրանց հետ գործ ունենալու փորձ չեն ունեցել:
Բիզնեսները պայմանավորվել են ձեռք բերված ապրանքը բեռնել Շվեդիայում (մեկնման երկիր), որը ծովային ճանապարհով հասել է մինչև Բալթիկ ծով, իսկ հետո Լիտվայի (տարանցման երկիր) Կլայպեդա նավահանգստում վերստին բեռնվել է բեռնատարի մեջ: Այնուհետև բեռնատարը ձեռք բերված ապրանքն առաքել է Ուկրաինայի (նշանակման երկիր) Օդեսա քաղաք:
Շվեդիայում ապրանքները բեռնելիս բիզնեսներն էլեկտրոնային եղանակով ներկայացրել են մաքսային փաստաթղթերը: Սա արվել է նախքան ապրանքների սահման հասնելը: Մաքսային մարմինը կարողացել է նախապես ուսումնասիրել փաստաթղթերը և կատարել ռիսկերի գնահատում: Շվեդիայի, ինչպես նաև տարանցման ու նշանակման երկրների մաքսային մարմինների համար հեշտ է եղել համագործակցելը, քանի որ գործընթացները (օրինակ՝ պահանջվող փաստաթղթեր, ձևաչափեր) և հաղորդակցության համակարգերը մոտարկված են: Այս ամենը մաքսային գործառնությունները դարձրել է արագ և անվտանգ: Փոխադրամիջոցի ներսում հայտնված ապօրինի որևէ բան չի կարող աննկատ մնալ գործողություններ իրականացնող մաքսային մարմինների աչքից:
Ապրանքները սկսել են իրենց ճանապարհորդությունը Շվեդիայից՝ օգտագործելով ծովային փոխադրամիջոց: Լիտվայի նավահանգիստ հասնելուն պես հեշտ և արագ է ստացվել ապրանքը ցամաքային փոխադրամիջոցի մեջ տեղափոխելը: Դրա պատճառը Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած թվային տրանսպորտային միջանցքն է: Առևտրային կողմերի համար դա նշանակում է, որ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել անմիջապես, ուստի ստուգման և համաձայնեցման գործընթացները ևս արագ են կազմակերպվել:
Ամեն անգամ, երբ բեռնատարը հասել է սահմանին, ճանապարհը շարունակելու հետ կապված որևէ ուշացում տեղի չի ունեցել: Քանզի մաքսային գործարքները կնքվել են ճանապարհ ընկնելու սկզբին, իշխանությունները միայն ստուգել են, թե արդյոք ապրանքը կնքված է: Բեռնատարը շարժվում է առաջ:
Ի վերջո, բեռնատարը ժամանել է Ուկրաինայի Օդեսա քաղաք: Ապրանքները կնիքազերծվել և ստուգվել են: Բաեհաջող առաքման փաստը հաստատվել է էլեկտրոնային եղանակով, որպեսզի շվեդական կողմը կարողանա հեշտությամբ հետևել առաքմանը:
Երկու ընկերություններն անհամբեր սպասում են գործարար համագործակցության հետագա հնարավորություններին:
9. ՏՀՏ ոլորտում նորարարություններն, անշուշտ, կենսական կարևորություն ունեն թվային դարաշրջանում տնտեսության զարգացման համար: Որքանո՞վ են Արևելյան գործընկերության երկրները հետ մնում այս հարցում՝ համեմատած Եվրոպական միության հետ:
ՏՀՏ ոլորտում նորարարությունները հանդիսանում են սոցիալ-տնտեսական փոփոխությունների շարժիչ ուժը: ՏՀՏ-ն երկրներին զինում է գործիքներով՝ իրենց տնտեսությունները վերակազմավորելու և համաշխարհայնացնելու, ավելի արագ տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման, կենսամակարդակի բարձրացման և անհավասարությունների նվազեցման համար: ԵՄ-ում ՏՀՏ ոլորտը կարևոր նշանակություն ունի և արագ է զարգանում. 2012 թ.-ից մինչև 2017 թ.-ն ընկած ժամանակահատվածում ՏՀՏ ծառայությունների կողմից ավելացված արժեքն աճել է 18.3%-ով, իսկ ՏՀՏ արդյունաբերության կողմից ավելացված արժեքն աճել է 22.5%-ով: ԵՄ-ում ՏՀՏ հատվածի կողմից ավելացված արժեքը 2017 թ.-ին կազմել է ՀՆԱ-ի 3.6%-ը, և ներկայում այն ԵՄ տնտեսության ամենաարդյունավետ ճյուղերից մեկն է. 2017 թ.-ին ՏՀՏ հատվածի առերևույթ աշխատանքային արտադրողականությունը 65.2%-ով բարձր էր, քան այն արձանագրվել էր ամբողջ ոչ ֆինանսական գործարար հատվածում: Բելգիայում այդ ցուցանիշը մեկ աշխատողի համար կազմել է մինչև 117 600 եվրո, իսկ Ֆինլանդիայում ու Ֆրանսիայում՝ շուրջ 100 000 եվրո: Այնուամենայնիվ, ՏՀՏ ամենամեծ ազդեցությունն այն է, որ վերջինս այն քիչ ոլորտներից է, որը հնարավորություն է տալիս ստեղծել տնտեսության ավանդական հատվածների արտադրողականությանը և ավելացված արժեքին նպաստող ընդհանուր նշանակության տեխնոլոգիաներ՝ թվայնացման ու թվային փոխակերպումների միջոցով:
Արևելյան հարևանության երկրները ևս աճ են արձանագրել ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Բելառուսում և Ուկրաինայում 2017 թ.-ի կտրվածքով ՏՀՏ ծառայությունների արտահանման մասնաբաժինը կազմել է ընդհանուր արտահանման շուրջ 5%-ը և ծառայությունների արտահանման շուրջ 19%-ը: Տարածաշրջանը հարուստ է նորարարական գաղափարներով, և որոշ լուծումներ արդեն իսկ համաշխարհային նշանակություն են ձեռք բերել: Այնուամենայնիվ, այս երկրների նորարարական էկոհամակարգը, որն ունի մեծ ներուժ՝ տնտեսության ոչ ՏՀՏ ոլորտների զարգացմանը նպաստելու տեսանկյունից, հետ է մնում ԵՄ-ից: ՏՀՏ նորարարությունների ուսումնասիրության արդյունքում Արևելյան գործընկերության երկրներում հաշվվել է ընդամենը 42 բիզնես ինկուբատոր ու 19 արագացուցիչ (աքսելերատոր), մինչդեռ ԵՄ-ում գործում են ավելի քան 80 ինկուբատորներ և 150 աքսելերատորներ:
Տարածաշրջանում ՏՀՏ-ի միջոցով զարգացումը պետք է ներառի ավելի համակարգված ջանքեր՝ ուղղված ՏՀՏ ազգային էկոհամակարգերից աջակցության բացակայությանը, ինչը վճռական նշանակություն ունի կայուն տնտեսական զարգացման գործում ՏՀՏ-ների օգտագործման համար: Անհրաժեշտ է նոր թափ հաղորդել ի խթան մեկնարկային և վենչուրային ֆինանսավորմանը, արագացման ծրագրերին, գործարար կապերի ընդլայնմանը և կլաստերավորմանը, ինչպես նաև արձագանքել գլոբալ շուկաներում աշխատելու համար հատուկ իրավասությունների և հմտությունների կարիքներին: Այս տարրերը կենսական նշանակություն ունեն անխափան և ուժեղ ՏՀՏ ոլորտի համար: Նորարարական էկոհամակարգերի նկատմամբ անբավարար ուշադրությունը հանգեցնում է Արևելյան գործընկերության երկրներից դեպի ավելի զարգացած ՏՀՏ էկոհամակարգ ունեցող երկրներ ուղեղների և ստարտափների արտահոսքի: EU4Digital-ը նպատակ ունի նպաստել նման էկոհամակարգերի ընդլայնմանը` տարածաշրջանում ընկերությունների աճի խթանումն ու ՀՆԱ-ի, արտահանման և զբաղվածության ուղղությամբ նրանց մասնաբաժնի ավելացումը հնարավոր դարձնելու համար:
10. Ի՞նչ է անում EU4Digital-ը ՏՀՏ նորարարությունների ոլորտում:
ՏՀՏ նորարարությունների ոլորտում EU4Digital-ի գործունեության ուղղությունները հինգն են.
- Արևելյան հարևանության տարածաշրջանում ընդհանուր օրենսդրական դաշտի ստեղծում, որը, հիմնվելով ԵՄ նորմերի ու լավագույն փորձի վրա, կնպաստի ՏՀՏ նորարարություններին: Սա ներառում է լավագույն քաղաքականությունների ու պրակտիկաների վեր հանում և փոխանակում՝ հիմնվելով ՏՀՏ նորարարությունների ուսումնասիրության արդյունքների ու առաջարկությունների վրա:
- Ընդհանուր ուսումնական փաթեթների մշակում` տարածաշրջանում էկոհամակարգի շահագրգիռ կողմերի հիմնական խմբերի (քաղաքականության մշակողներ, ՏՀՏ նորարարությունների ենթակառուցվածքային կազմակերպություններ, ՏՀՏ ոլորտի հետ առնչվող և չառնչվող ձեռնարկություններ) կարիքներին արձագանքելու համար:
- Տարածաշրջանի ներսում նորարարական էկոհամակարգի դերակատարների շրջանում, ինչպես նաև ԵՄ-ի հետ գործարար կապերի ընդլայնման խթանում՝ համապատասխան միջոցառումների և ուսումնական այցերի միջոցով: «Ստարտափ Եվրոպա» («Start-up Europe») խոշորագույն միջոցառման հետ համաժամանակեցված «Start-EaP week» ամենամյա միջոցառման գործարկում:
- «Ստարտափ Եվրոպա» ցանցերի և հարթակների ընդլայնում` ներառելով Արևելյան գործընկերության երկրները: Դրանում ընդգրկված են, օրինակ, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Եվրոպայի բիզնես հրեշտակներն ու Աքսելերատորների համագումարը: Որպես հաջորդ քայլ՝ EU4Digital-ը կգնահատի Արևելյան գործընկերության երկրներում ՏՀՏ-ների հետ կապված տեխնոպարկերի միջև ոլորտային համագործակցության լրացուցիչ գործառույթների անհրաժեշտությունը, և, ըստ նպատակահարմարության, կներդնի դրանք:
- Արևելյան գործընկերության երկրներում առաջխաղացման արշավների իրականացում` ՏՀՏ նորարարությունների կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար:
- Արևելյան գործընկերության երկրներում «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնության համար շուկայի գնահատման իրականացում՝ թվային նորարարությունների ոլորտում ներդրումային բացերի խնդիրը լուծելու և տարածաշրջանում թվային ստարտափների մասշտաբների ընդլայնմանն օժանդակելու համար: Շուկայի գնահատումը Եվրոպական հանձնաժողովին կօգնի հասկանալ ներդրումային բացերը և հիմք կծառայի Արևելյան գործընկերության երկրներում DISC-ի նմանությամբ նախաձեռնության (այն ի սկզբանե գործարկվել է ԵՄ երկրներում) իրականացումը դիտարկելու համար:
11. Ի՞նչն այն չէ գործող օրենսդրական դաշտի հետ: Արդյո՞ք ավելի կարևոր չէ նորարարություններին տեղում աջակցելը
Նորարարությունները բարենպաստ միջավայրի կարիք ունեն, որպեսզի զարգանան: Սա ներառում է գիտելիքների մատչելիությունը, ռիսկակայուն ֆինանսավորումը և սխալներ թույլ տալու իրավունքը: Ձեռնարկատերերը հաճախ ասում են, թե իրենք կառավարության կողմից աջակցության կարիք չունեն, և վերջինիցս իրենց միակ ակնկալիքն այն է, որպեսզի այն չմիջամտի իրենց գործունեությանն ու թույլ տա նորարարություններ անել:
Այնուամենայնիվ, նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը քաղաքական գործիչների կողմից որոշակի քայլերի կարիք ունի: Քաղաքական միջամտությունն անհրաժեշտ է այն ոլորտներում, որտեղ նկատվում են շուկայի ձախողումներ, մասնավորապես՝ խորքային տեխնոլոգիական ոլորտներում հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարելու փուլերում, որտեղից նորարարական ընկերությունները առաջատար փորձ են ձեռք բերում:
Անհրաժեշտ է ներդնել ամբոխավճարների (քրաուդֆանդինգ), բիզնես հրեշտակների և վենչուրային կապիտալի գործառնության համակարգ, որը կպաշտպանի ինչպես ներդրողներին, այնպես էլ սկսնակ ձեռնարկություններին: Կարգավորիչ ավազանները (վերահսկվող միջավայր, որտեղ կարող են տեղի ունենալ նորարարություններ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում՝ միաժամանակ ապահովելով ռիսկերի կառավարման երաշխիքներ և դաշտում գործող խաղացողներին թույլ տալով կատարել նորարարական ֆինանսական արտադրանքների ու ծառայությունների փորձարկումներ) ստեղծվում են՝ ստուգելու համար, թե բլոքչեյնի ու ինքնավար տրանսպորտային միջոցների նման նորագույն տեխնոլոգիաները ինչպես կարող են բավարարել հաճախորդների կարիքները՝ առանց վերջիններիս վտանգի ենթարկելու: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարիք ունի ինստիտուցիոնալ շրջանակի, որը ներդաշնակեցված կլինի համաշխարհային համակարգի հետ:
Հիմնական հասկացությունների համաձայնեցումն ու ԵՄ լավագույն պրակտիկաների, գործիքների ու կարգավորումների ուսումնասիրությունը թույլ կտա, որպեսզի Արևելյան հարևանության երկրները և ԵՄ երկրները ներկայացնող գործարարներն աշխատեն նույնական կանոնների վրա և կնպաստի եվրոպական ռիսկային ներդրումների հոսքին դեպի Արևելյան գործընկերության երկրներ:
12. Ի՞նչ է իրենից ներկայացնում «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնությունը և ինչպե՞ս կարող է այն օգնել տարածաշրջանում նորարարություններին:
«Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» (DISC) նախաձեռնությունն ի սկզբանե գործարկվել է Կենտրոնական, Արևելյան ու Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում և նպատակ ունի արձագանքել թվային նորարարությունների ուղղությամբ ներդրումային բացերին ու աջակցել տարածաշրջանում թվային ստարտափների մասշտաբների ընդլայնմանը:
Հիմնվելով այս մոտեցման վրա՝ Եվրոպական հանձնաժողովը նպատակ ունի չափել Արևելյան գործընկերության երկրներում նույնատիպ նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Դրան հասնելու համար «EU4Digital» ծրագիրը նախաձեռնել է նոր՝ «Արևելյան գործընկերության երկրներում «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնության համար շուկայի գնահատում» (DISC ուսումնասիրություն) գործողությունը:
Շուկայի գնահատումը Եվրոպական հանձնաժողովին կօգնի հասկանալ ներդրումային բացերը և հիմք կծառայի Արևելյան գործընկերության երկրներում DISC-ի նմանությամբ նախաձեռնության (ԵՄ ֆինանսական աջակցության հատուկ մեխանիզմի) իրականացումը դիտարկելու համար՝ ի աջակցություն տեղի բարձր տեխնոլոգիական ստարտափներին ու սքեյլափներին, ինչպես նաև վերջիններիս համար ֆինանսների մատչելիությանն ու տարածաշրջանի ներսում դրանց զարգացմանը:
13. Դուք նշեցիք եվրոպական ցանցերին ինտեգրման մասին: Լավ է հնչում, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում Արևելյան գործընկերության երկրների նորարարական բիզնեսի համար:
ԵՄ-ն ստեղծել է առցանց սկզբունքով գործող մի շարք ցանցեր և հարթակներ ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի դերակատարների համար, ինչպիսիք են՝ ստարտափները, աքսելերատորները, վենչուրային կապիտալիստները և այլն: Դրանք ԵՄ անդամ տարբեր պետություններում գործող բիզնեսներին ու կազմակերպություններին թույլ են տալիս կապ հաստատել միմյանց հետ՝ կոնտակտներով ու գաղափարներով փոխանակվելու և համատեղ նախաձեռնություններին ու միջոցառումներին մասնակցելու համար:
Նշված ցանցերի և հարթակների ընդլայնումը դեպի Արևելյան գործընկերության վեց երկրներ այդտեղ գործող համապատասխան շահագրգիռ կողմերին թույլ կտա ինտեգրվել ԵՄ ՏՀՏ նորարարությունների և ստարտափների ավելի խոշոր էկոհամակարգում: Արևելյան հարևանության երկրների բիզնեսների ու կազմակերպությունների համար ավելի կհեշտանա ԵՄ-ում համապատասխան գործակիցներ, ներդրումներ, ծառայություններ ու բիզնես գործընկերներ գտնելը, ինչը կնպաստի երկու տարածաշրջաններում ՏՀՏ նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը:
14. Իսկ ի՞նչ կասեք ուսումնական փաթեթների մասին: Ո՞ւմ համար են դրանք նախատեսված և հմտությունների ո՞ր բացերն են դրանք փակում: Ե՞րբ կարող ենք ակնկալել, որ դրանք ուժի մեջ կմտնեն:
Ընդհանուր ուսումնական փաթեթներն ուղղված են Արևելյան գործընկերության երկրների էկոհամակարգայինշահագրգիռկողմերիհիմնականխմբերին.
- Տեղերում քաղաքականություն մշակողներ (քաղաքական գործիչներ).
- ՏՀՏ նորարարությունների ենթակառուցվածքային կազմակերպություններ.
- ՏՀՏ-ների հետ առնչություն ունեցող և չունեցող բիզնեսներ:
Ուսումնական փաթեթները նախատեսում են տարբեր մոդուլներ, որպեսզի թիրախային խմբերը լուծեն իրենց կոնկրետ կարիքները: Մոդուլներից յուրաքանչյուրը նախատեսված է ՏՀՏ ցանցերից և ենթակառուցվածքներից, ինչպես նաև զարգացող տեխնոլոգիաներից ու տրենդային հավելվածներից օգտվելու հիմունքները շահագրգիռ կողմերին ուսուցանելուն:
Ուսումնական փաթեթների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները մեծապես հիմնված են ՏՀՏ նորարարությունների ուսումնասիրության վրա, որը բացահայտել է Արևելյան գործընկեր երկրներից յուրաքանչյուրում հմտությունների և գիտելիքների բացերը: Այս թիրախային ոլորտները հիմք են ծառայում շահագրգիռ կողմերի թիրախային խմբերից յուրաքանչյուրի համար մոդուլներ մշակելիս:
Այս գործողության ավարտին EU4Digital-ը շահագրգիռ կողմերի համար հասանելիություն կապահովի այն դասընթացների համապարփակ առցանց քարտեզի նկատմամբ, որոնք ներառվել են ընդհանուր ուսումնական փաթեթներում ու տրամադրվել են համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոնային ուսուցման հարթակների միջոցով՝ այդպիսով շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ զարգացնել իրենց բիզնես գործընթացներում նորարարական արժեքաստեղծ մոտեցում ներդնելու համար:
15. Ի՞նչ է էլեկտրոնային առողջապահությունն առարկայորեն: Ես չեմ ուզում իմ բժշկին փոխարինել հավելվածով…
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահությունը (eHealth) բնութագրում է ուղղակի որպես «առողջապահական նկատառումներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործում»: Առողջապահության ոլորտի մասնագետներն, իհարկե, մոտակա ժամանակներում չեն փոխարինվի տեխնոլոգիաներով, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կարող է օգնել բժիշկներին իրենց ամենօրյա աշխատանքում:
Էլեկտրոնային առողջապահության նպատակը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հիվանդների առողջության մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը և այդպիսով առողջապահական ծառայությունների շարունակականության ու որակի երաշխավորումն է՝ առողջապահության հետ կապված արդյունքների բարելավման համար:
էլեկտրոնային առողջապահության համակարգերն, օրինակ, թույլ են տալիս, որպեսզի՝
- առողջապահության ոլորտի մասնագետներն իրենց ուշադրության մեծ մասը կենտրոնացնեն հիվանդի, այլ ոչ թե ձևաթղթերի լրացման վրա.
- կրճատվի հիվանդների սպասելաժամանակը` առցանց գրանցման ակտիվացման միջոցով.
- դեղագործները վավերացնեն դեղատոմսերը և նվազագույնի հասցնեն թղթաբանական բեռը՝ օգտագործելով էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription (eP)) ծառայություններ:
Ըստ էության, էլեկտրոնային առողջապահությունը ներկայացնում է առողջապահական ծառայությունների մատուցման նոր եղանակներ, որոնք հեշտացնում են տարբեր առողջապահական հաստատությունների միջև համագործակցությունը և հնարավոր են դարձնում կարևոր տեղեկատվության փոխանակումը՝ ապահովելով հիվանդների հետ փոխգործակցության նոր ձևեր:
Դրա հիմքում ընկած է Էլեկտրոնային բժշկական քարտը (ԷԲՔ), որն ունի առանցքային դերակատարություն՝ խնամքի դեպքերի և այլ բնույթի տեղեկատվություն հավաքելով առողջապահական տարբեր ծառայություն մատուցողներից: Նպատակը յուրաքանչյուր անհատի համար միասնական, յուրատեսակ էլեկտրոնային բժշկական քարտի ապահովումն է՝ փոխգործելի ԷԲՔ ծառայությունների միջոցով:
Էլեկտրոնային առողջապահության լուծումներն, այսպիսով, բերում են բազմաթիվ օգուտներ` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շնորհիվ խնայելով առողջապահության ոլորտի մասնագետների ու հիվանդների ժամանակը, և տեղեկատվության ստեղծման, պահպանման և փոխանակման միջոցով խուսափելով կլինիկական ընթացակարգերի կրկնությունից: Առողջապահական տվյալների հասանելիությունը օգնում է նաև նորարարություններին՝ հնարավոր դարձնելով առողջապահական տվյալների վերլուծությունը, և աջակցում է հիվանդությունների կանխարգելման քաղաքականություններին՝ վեր հանելով հետագա խնդիրները: Համակարգը խթանում է նաև թափանցիկությունը, քանզի դրանում գրանցվում են առողջապահության գործընթացի մասնակիցների գործողությունները: Համակարգում տեղակայվում են նաև անվտանգության ստուգման գործիքներ՝ համապատասխան ընթացակարգերի պահպանումն ապահովելու համար:
16. Որքանո՞վ է էլեկտրոնային առողջապահությունը զարգացած Եվրոպական միությունում: Արդյո՞ք Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների միջև այդ առումով առկա է մեծ խզվածք
ԵՄ-ն բախվում է այն նույն հիմնական առողջապահական խնդիրներից շատերին, որոնք նկատվում են Արևելյան գործընկերության երկրներում, ինչպիսին, օրինակ, բնակչության ծերացումն է, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է առողջապահական ծառայությունների օպտիմիզացման և արդիականացման նույնատիպ անհրաժեշտության: Եվրոպական հանձնաժողովը թվային միասնական շուկան հռչակել է որպես իր հիմնական գերակայություններից մեկը, իսկ թվային առողջապահական ծառայություններն այս ռազմավարության մաս են կազմում: ԵՄ-ն արդեն իսկ ընդունել է բժշկական սարքավորումների, տվյալների պաշտպանության, թվային նույնականացման և ՏՏ անվտանգության վերաբերյալ օրենսդրություն, որը հիանալի միջավայր է ապահովում էլեկտրոնային առողջապահական ծառայությունների համար: ԵՄ շատ երկրներ արագ գտնվեցին և ընդունեցին էլեկտրոնային առողջապահության ռազմավարություններ, ինչը հանգեցրեց քաղաքական հանձնառության և էլեկտրոնային առողջապահական ծառայությունների արագացված ու լավ կազմակերպված զարգացման, մինչդեռ Արևելյան գործընկերության երկրները առաջ են շարժվում էլեկտրոնային առողջապահության բազմաթիվ անհատական, բայց սակավ համաձայնեցված ծրագրերով:
Ավելին, ԵՄ-ն ստանդարտիզացրել է էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) և հիվանդների ամփոփագրերի (Patient Summary) ծառայությունների սահմանումները` անդամ երկրների միջև միջսահմանային պիլոտային ծրագրերի հնարավորություն ապահովելու համար: Այժմ ԵՄ-ում էլեկտրոնային առողջապահության ենթակառուցվածքները արհեստական բանականության, գենոմային տվյալների և անհատականացված բժշկական նախաձեռնությունների համար պատրաստ պահելու միտում կա:
17. Այսպիսով, կոնկրետ ի՞նչ է անում EU4Digital-ն էլեկտրոնային առողջապահության ոլորտում
EU4Digital-ն աշխատանքներ է տանում Արևելյան գործընկերության երկրներում առողջապահական տվյալների կառավարման իրավիճակի գնահատման և ուղեցույցների մշակման ուղղությամբ, որպեսզի առողջապահական տեղեկատվության փոխանակման և կառավարման կարողությունները համահունչ լինեն ԵՄ լավագույն փորձին ու հենց Արևելյան գործընկերության երկրներում առկա իրողություններին: Իդեալում, սա նշանակում է, որ նույնական կանոնակարգերին համահունչ տվյալները փոխգործունակ են տարբեր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի և նույնիսկ սահմանների միջև, ինչը կարևոր է հիվանդների համար ավելի լավ խնամքի ապահովման հարցում, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք գտնվում:
Էլեկտրոնային առողջապահության՝ EU4Digital-ի գործունեության առանցքում գտնվող ասպեկտներից մեկն էլ առցանց համագործակցության հարթակն է, որն Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն կտա կիսվել էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրենց երկրների լավագույն փորձով և համագործակցություն ծավալել հետագա զարգացման ուղղությամբ: Դրա նպատակն առաջատար պրակտիկաների խթանումն ու էլեկտրոնային առողջապահական տեղեկատվության, ուսումնական նյութերի և հիմնական փորձագետների հաղորդակցության համար նախատեսված հատուկ տարածք ունենալն է:
Ի լրումն, EU4Digital-ը նպատակ է հետապնդում դյուրացնել Արևելյան գործընկերության երկրների մասնակցությունը հաղորդակցության խթանմանը, նորարարություններին և նորագույն լուծումների ներդրմանն ուղղված ԵՄ նախաձեռնություններին, հատկապես՝ ծերացող բնակչության խնամքի հետ կապված խնդիրներին վերաբերողներին. հեռավար բժշկական խորհրդատվական ծառայությունների մատուցում, ախտորոշման բարելավման համար տվյալների վերլուծություն, խելացի տնային տեխնոլոգիաներ, սոցիալական և գործողությունների ծրագրեր:
EU4Digital-ը նաև նպատակ է հետապնդում նպաստել Արևելյան գործընկերության երկրների մասնակցությանը Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA), որը տիրապետում է վերևում նշված խնդիրների մեծ մասի առնչությամբ եվրոպական երկրներում իրականացված լավագույն պրակտիկաներին:
18. Դուք փոխգործելիությունը որպես հիմնական առաջնահերթություն եք առանձնացնում, բայց ի՞նչ է այն նշանակում և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ինձ համար՝ որպես հիվանդի
Փոխգործելիությունը տարբեր համակարգերի, կազմակերպությունների կամ երկրների՝ առողջապահական տեղեկատվությամբ փոխանակվելու և այն իմաստալից օգտագործելու ունակությունն է: Դա նշանակում է, որ մասնակիցները պետք է ունակ լինեն ճիշտ ընկալել և մեկնաբանել համատեղ օգտագործվող տեղեկատվությունը, ինչը հիմնականում ենթադրում է նույնատիպ չափորոշիչների ու գործընթացների օգտագործում՝ էլեկտրոնային առողջապահական ծառայություններ մատուցելու համար:
Փոխգործելիությունը հատկապես կարևոր նշանակություն ունի առողջապահության հատվածում, քանի որ այս ոլորտը տարասեռ է ու բարդ և ընդգրկում է բազմազան դերակատարների՝ սկսած մատակարարներից մինչև հիվանդների բարդ խմբեր, որոնք այցելում և, հավանական է, գրանցվում են բազմաթիվ առողջապահական հաստատություններում: Ավելին, քանի որ ազգային կառավարությունները հանրային ծառայությունների լայն ընտրանի են առաջարկում, յուրաքանչյուր առողջապահական համակարգ հաճախ բաղկացած է լինում մասնավոր ու հանրային ծառայությունների յուրօրինակ խառնուրդից, որոնք ևս հաճախ վատ ինտեգրված են լինում: Առողջապահական ծառայություն տրամադրողը կարող է առաջարկել հատուկ տեսակի ծառայություններ, և այդպիսով գործ ունենալ հիվանդների ենթաբազմության ու նրանց մասին տեղեկությունների հետ, ինչը հաստատությունների միջև լավ զարգացած փոխգործելիություն է պահանջում` հիվանդի ընդհանուր պատկերով կիսvելու համար: Միջազգային ասպարեզում և ԵՄ անդամ պետությունների միջև կան նաև այլ խնդիրներ, երբ առողջապահական համագործակցությանը հաճախ խոչընդոտում են օգտագործվող էլեկտրոնային առողջապահության բառարանի տարբերությունները և նույն հասկացությունների տարբեր մեկնաբանությունները, ինչը խանգարում է արդյունավետ միջսահմանային համագործակցությանը:
Փոխգործելիության բացակայությունը տարբեր խնդիրներ է առաջ բերում քաղաքացիների համար, երբ վերջիններս փորձում են առողջապահական ծառայություններ ստանալ տարբեր հաստատություններում և երկրներում: Հետևաբար, փոխգործելիությունը կնպաստի Արևելյան գործընկերության երկրներում յուրաքանչյուր քաղաքացու առողջության բարելավմանը: 10 տարվա կտրվածքով մեր տեսլականն այն է, որ A երկրի քաղաքացու՝ B երկրում շտապ օգնության կարիք ունենալու դեպքում բուժաշխատողներն անմիջապես ստանան տեղեկատվություն այն մասին, թե տվյալ հիվանդը որ դեղամիջոցների նկատմամբ է զգայուն կամ ալերգիկ: Հիվանդի առողջական վիճակի մասին այս ամփոփագիրը վճռական նշանակություն ունի առողջապահության ոլորտին բնորոշ կյանքի և մահվան շուրջ անհապաղ ընտրություն կատարելիս:
19. Ի՞նչ է, ըստ էության, իրենից ներկայացնում էլեկտրոնային առողջապահության համագործակցության հարթակը: Ո՞վքեր կօգտվեն դրանից և ինչպե՞ս
Էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության հարթակն Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության փորձագետների միջև տարածաշրջանային համագործակցության նոր խողովակն է: Չնայած այն փակ կլինի լայն հասարակության առջև, սակայն համագործակցության հարթակ կծառայի Արևելյան գործընկերության երկրների մասնագետների համար` էլեկտրոնային առողջապահության ընդհանուր ուղեցույցների, իսկ հետագայում՝ ծառայությունների մշակման ուղղությամբ իրենց աշխատանքում: Այս հարթակը կնպաստի տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության և ներդաշնակեցման միջազգային նախաձեռնությունների զարգացմանը:
Հարթակում տեղ կգտնի հարուստ բովանդակություն՝ օրացույցից և հանդիպումների կառավարումից մինչև ուղեցույցային նախագծեր և տեղակայման ծրագրեր: Սա իրականացնելու համար կօգտագործվի պորտալային հարթակ, որը կառաջարկի փաստաթղթերի ամպային պահեստարան և համագործակցության գործիքներ, ինչպես նաև կստեղծի առանց կոդերի էջեր՝ տարբեր խմբերի համար օգտագործողի առանձին տարածությունների շրջանակներում:
Այս հարթակը կնպաստի փորձագետների միջև գիտելիքների փոխանակմանը՝ ըստ իրենց երկրներում նրանց իրականացրած նախաձեռնությունների: Սա թույլ կտա արագացնել և օպտիմիզացնել տարածաշրջանում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով ամենաարդյունավետ օրինակներն ու գործընկերներին հնարավորություն ընձեռելով խուսափել հարևան երկրներում տեղի գտած փորձություններից:
20. ԵՄ ո՞ր նախաձեռնություններին կարող են մասնակցել Արևելյան գործընկերության երկրները: Ինչպիսի՞ ծրագրերի մասին է խոսքը
Արևելյան գործընկերության երկրներին խրախուսվում է մասնակցել Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA), որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագիրն ունի փոխգործակցության բազմաթիվ մակարդակներ՝ սկսած էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարարությունների մասին տեղեկատվական հոդվածներից՝ մինչև միջոցառումների հաճախում և ավելի ակտիվ դերեր, ինչպիսին, օրինակ, «Action Group» և «Reference Site» ծրագրերին մասնակցությունն է:
«EIP on AHA» ծրագրին մասնակցությունը խթանում է տեղեկատվության փոխանակումը և գործնական կապերի հաստատումը, ինչը նշանակում է, որ, օրինակ, «Reference Site» ծրագրի մասնակիցը կարող է տեղեկանալ ԵՄ անդամ կոնկրետ պետությունում ներդրված լուծման մասին և ծրագրի միջոցով դիմել այն իր տարածաշրջանում ներդնելու համար, կամ հակառակը:
Քանզի գոյություն ունեն մասնակցության բազմաթիվ մակարդակներ, յուրաքանչյուրը կարող է մասնակցության իրեն հարմար ձև գտնել՝ անհատներից մինչև կազմակերպություններ, այդ թվում՝ պետական կառույցներ, մասնավոր հատվածի ընկերություններ, գիտահետազոտական հաստատություններ և հասարակական կազմակերպություններ:
21. Հինգ տարի հետո ինչպիսի՞ն կարող են լինել էլեկտրոնային առողջապահական համակարգերը տարածաշրջանում: EU4Digital-ն ինչպե՞ս կօգնի դրան
Ապագայի առողջապահության բնորոշիչը հիվանդների անընդհատ շարժունակությունն է՝ մատակարարից՝ մատակարար, երկրից՝ երկիր, ինչպես նաև բժշկական խնամքի ապահովման շարունակականությունն ու հիմնավորված որոշումների կայացումը՝ հանուն հիվանդի առողջության հետ կապված դրական արդյունքների: Էլեկտրոնային առողջապահության միջսահմանային ենթակառուցվածքները արտերկրում ճանապարհորդող յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտան իրենց դեղորայքային նշանակումները ձեռք բերել տեղի դեղատներից: Բժշկական ամփոփագրերի փոխանակումը բուժաշխատողներին կօգնի հասկանալ հիվանդների բժշկական պատմությունը և խուսափել սխալներից՝ դեղեր նշանակելիս: Ի լրումն, բժշկական տուրիզմի զարգացող ճյուղը քաղաքացիներին հնարավորություն կտա ստանալ ավելի բարձր որակի խնամք և նվազեցնել ծախսերը:
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը նպատակ ունի մշակել չափորոշիչներ և ուղեցույցներ՝ Արևելյան գործընկերության երկրներում միջսահմանային առողջապահությունը խթանելու համար, ինչը հնարավոր է միայն ընդհանուր փոխըմբռնման և համագործակցության պարագայում: Որպեսզի դա տեղի ունենա, թիմը վերլուծություն է պատրաստել Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության ներկայիս վիճակի վերաբերյալ և սահմանել է յուրաքանչյուր երկրի մարտահրավերներն ու առաջնահերթությունները: Ուղեցույցների փաթեթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) և հիվանդների ամփոփագրերի (Patient Summary) ծառայությունների տրամադրման համար:
Մենք չորս ուղղություն ենք սահմանել տարածաշրջանի համար, որոնք դիտարկվում են որպես էլեկտրոնային առողջապահության ոլորտում ապագայում իրականացվելիք գործողությունների և դրական փոփոխությունների առանցքային գործոններ.
- Թվային առողջապահության համապարփակ և գործուն ռազմավարության սահմանում.
- Հուսալի ֆինանսական և գործառնական մոդելի ստեղծում.
- Թվային առողջապահության կառավարման համակարգի ստեղծում և ներդրում.
- Թվային առողջապահության ճարտարապետության մշակում և կառավարում:
22. Ի՞նչ է EU4Digital-ն անում հեռահաղորդակցության ոլորտում
Հեռահաղորդակցության ոլորտում EU4Digital-ն օժանդակություն է ցուցաբերում միջազգային ռոումինգին վերաբերող խնդիրների լուծմանը և Արևելյան գործընկերության վեց երկրների միջև միջազգային ռոումինգի միասնական տարածքի ստեղծման շուրջ հնարավոր համաձայնությանը՝ ամրապնդելով ազգային կարգավորող մարմինների անկախության մակարդակն ու նպաստելով 700 ՄՀց հաճախության շերտի ազատականացմանը՝ ապագա շարժական օգտագործման, այդ թվում՝ 5G-ի համար:
23. Ռոումինգի համաձայնագիր. հրաշալի է հնչում: Արդյո՞ք դա նշանակում է, որ ճանապարհորդելիս մենք ռոումինգից կօգտվենք նույնպիսի պայմաններով, ինչ տանը, ինչպես դա անում են Եվրոպական միությունում
Ո՛չ, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը ռոումինգի կիրառվող սակագների էական իջեցում կապահովի Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Դա բջջային կապի ցանցերի բաժանորդներին թույլ կտա օգտվել ռոումինգի ավելի մատչելի ծառայություններից՝ Արևելյան գործընկերության երկրների տարածքում: Ելնելով ռոումինգի ոլորտում EU4Digital-ի անցկացրած ուսումնասիրության (2019թ.) վերջին արդյունքներից՝ ակնկալվում է, որ սակագները միջինում կնվազեն ավելի քան 80%-ով:
24. Արդյո՞ք այս ռոումինգի համաձայնագիրը գործելու է միայն Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Հնարավո՞ր է արդյոք, որ այն տարածվի նաև ԵՄ-ի վրա
Այո՛, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը գործելու է Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Այնուամենայնիվ, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների նախարարները պայմանավորվել են ուսումնասիրել միջազգային ռոումինգի ընդհանուր տարածք ունենալու, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ռոումինգի սակագների տնտեսապես կայուն իջեցման հնարավորությունը:
25. Ե՞րբ կարող ենք ակնկալել, որ մեր ռոումինգի հաշիվները կնվազեն
Ակնկալվում է, որ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը կստորագրվի մինչև 2020 թվականի վերջը և ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից, ինչով առնվազն վեցամսյա անցումային ժամանակահատված է նախատեսվում: Անցումային այս ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի Արևելյան գործընկերության երկրները կատարեն ռոումինգի համաձայնագրի պահանջները, իսկ բջջային օպերատորները բավարար ժամանակ ունենան ճշգրտումների համար:
26. 700 ՄՀց շերտի ազատականացմամբ հաճախության վերաբաշխու՞մ: Ի՞նչ է դա իրականում նշանակում: Ի՞նչ փոփոխություն դա կբերի
Բջջային ցանցերի, ներառյալ 5G ծառայությունների ավելի լավ ծածկույթ: Հեռահաղորդակցության ոլորտում EU4Digital-ի գործունեության մի մասը կապված է 700 ՄՀց հաճախությամբ շերտի ազատականացման հետ՝ նպատակ ունենալով մշակել և իրականացնել Արևելյան գործընկերության վեց երկրներում 700 ՄՀց շերտի փոխարկման համակարգված մոտեցում՝ ԵՄ-ի ներսում գործադրվող ջանքերին ու ծրագրերին համահունչ: ԵՄ-ի ներսում գործադրվող ջանքերը բաղկացած են վերգետնյա հեռուստատեսային հեռարձակման ցանցերը 700 ՄՀց շերտից հեռացնելուց և այնուհետև նշված շերտն անլար հասանելիության լայնաշերտ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին և մասնավորապես 5G-ին ամրակցելուց:
Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի ծրագրերին համապատասխան շերտի օգտագործման փոխարկումը կօգնի խուսափել ինչպես Արևելյան գործընկերության երկրներում, այնպես էլ ԵՄ-ում բջջային ցանցերին վնասակար միջամտություններից: Այն կարող է նաև բազմաթիվ օգուտներ բերել ապագայում` կապված 5G-ի ներդրման հետ, այդ թվում` ավելի փոքրաթիվ բազային կայաններ տեղակայելու շնորհիվ ծախսերի նվազեցում, գյուղական բնակավայրերում ծածկույթի բարելավում և, ցանցի տեղակայման հետ կապված ծախսերի նվազեցմամբ պայմանավորված, ավելի ցածր սպառողական գներ:
27. Ինչո՞վ են զբաղվում կարգավորողները: Չէ՞ որ վերջիններս պետական մարմիններ են: Ինչո՞ւ պետք է դրանք անկախ լինեն
Ազգային կարգավորող մարմինները (ԱՀՏ) ազգային օրենսդրությամբ գործող կառույցներ են, որոնք լիազորված են կարգավորիչ գործառույթներ իրականացնել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Այս պետական մարմինները հավասարակշռություն են ապահովում արդյունավետ մրցակցության խթանման, ներդրումների ու սպառողների շահերի միջև՝ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության շուկաների, ծառայությունների և ցանցերի զարգացումը: Այսպիսով, կարգավորող մարմինները պետք է իրավական տեսանկյունից անջատ, իսկ գործառութային տեսանկյունից առանձին գործեն մյուս բոլոր գերատեսչություններից, որոնք կարող են անհարկի ազդեցություն ունենալ իրենց վրա, քանզի անկախությունը և անաչառ որոշումների կայացումն արդյունավետ գործառնող կարգավորիչ համակարգի հիմնարար տարրերն են:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ԱՀՏ-ների անկախության ամրապնդմանը՝ վերջնարդյունքում Արևելյան գործընկերության առնվազն հինգ երկրներում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի անկախ ազգային կարգավորող մարմիններ ունենալու նպատակով:
28. Ի՞նչ նշանակություն ունեն վստահությունը և անվտանգությունը՝ թվային ոլորտում: Արդյո՞ք խոսքը միայն կիբերանվտանգության մասին է
Վստահությունն իրենից ներկայացնում է այն հիմնական գաղափարը, որը մեր հասարակությանը թույլ է տալիս գործառնել: Այս հայեցակարգը կարող է տեղափոխվել թվային աշխարհ և հնարավորություն տալ մեզ վստահություն կառուցել ուրիշների հետ: Կիբերանվտանգությունն այս համատեքստում շատ կարևոր է, բայց այդ վստահության մթնոլորտի ձևավորումն իրապես հնարավոր դարձնող գործիքներ և տեխնոլոգիաներ ունենալը նույնքան կարևոր է, որքան որ այդ գործիքներն անվտանգ ճանապարհով օգտագործել կարողանալը:
Թվային վստահության ծառայությունները և թվային նույնականացման ծառայությունները ժամանակակից հասարակություններին ու ձեռնարկություններին օգնում են արագություն հաղորդել սոցիալական և բիզնես փոխազդեցություններին ու վստահություն կառուցել տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում՝ միաժամանակ անհատներին ու ընկերություններին օգնելով ավելի ցածր գործառնական ծախսերով արժեք ստեղծելու և իսկապես թվային լինելու հարցերում:
Թվային ստորագրության և էլեկտրոնային նույնականացման ծառայություններն այն երկու հիմնական պրոդուկտներն են, որոնք թափ են հաղորդում մասնակիցների միջև թվային փոխազդեցությանը, օրինակ` հանրային ծառայությունների, հարկերի վճարման կամ իրավաբանական պայմանագրերի ստորագրման ոլորտներում:
Որպես «EU4Digital» ծրագրի մի մաս՝ թվային վստահությունն ու կիբերանվտանգությունը կարևոր օժանդակ դեր են խաղում ու թվային տնտեսության և հասարակության բոլոր մյուս բնագավառներին հնարավորություն են տալիս անվտանգ կերպով արժեք ստեղծել:
29. Որքանո՞վ են զարգացած վստահությունն ու անվտանգությունն Արևելյան գործընկերության երկրներում: Արդյո՞ք տարածաշրջանը հետ է մնում այս ոլորտում ավելի առաջադեմ թվային տնտեսություններից, և ինչպիսի՞ն են դրա հետևանքները
Արևելյան գործընկերության երկրներն ունեն զարգացած տեխնոլոգիական հիմք, երբ խոսքը վերաբերում է վստահության ծառայություններին, այնինչ ԵՄ անդամ պետությունների համեմատությամբ հիմնական տարբերությունն այն է, որ ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը գործում է մյուսներից տարբերվող կարգավորիչ շրջանակի հիման վրա: Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև վստահության ծառայությունների միջսահմանային փոխճանաչումը որոշակի ջանքեր է պահանջում կարգավորիչ և կազմակերպչական շրջանակների ներդաշնակեցման ուղղությամբ՝ անհրաժեշտ համատեղելիության մակարդակի հասնելու համար, երբ խոսքը գնում է Արևելյան գործընկերության երկրների միջև փոխադարձ ճանաչման պատրաստակամության մասին:
30. Այսպիսով, ի՞նչ է անում EU4Digital-ը` վստահության և անվտանգության ոլորտում առկա բացերը լրացնելու ուղղությամբ
Վստահության և անվտանգության բնագավառում «EU4Digital» ծրագրի հիմնական նպատակներն են` վստահության ծառայությունների միջսահմանային փոխադարձ ճանաչման համար հնարավոր խնդիրները բացահայտելն ու այդ խնդիրների հաղթահարման ուղղությամբ գործնական գործողությունների ծրագիր և աջակցություն առաջարկելը:
31. Ո՞ր երկրների միջև է EU4Digital-ը փորձարկում էլեկտրոնային ստորագրության համակարգը: Ի՞նչ է այն իրականում ներառելու
Թվային վստահության ծառայությունների բնագավառում EU4Digital-ի պիլոտային ծրագրերը նպատակ ունեն ապացուցել, որ 21-րդ դարի ժամանակակից հասարակությունում գոյություն ունեն գործընթացներ, գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնք ի վիճակի են երկու երկրներին հնարավորություն տալ ճանաչել միմյանց թվային վստահության ծառայությունները՝ այդպիսով զարկ տալով և զարգացնելով նրանց միջև թվային տնտեսությունը:
Կիրականացվի երկու պիլոտային ծրագիր, որպեսզի ի ցույց դրվի համատեղելի ու համապատասխանող թվային ստորագրություններ դնելու ու վավերացնելու հնարավորությունը: Ծրագրերից մեկում կներգրավվեն Արևելյան գործընկերության երկու երկրներ՝ Ուկրաինան ու Մոլդովայի Հանրապետությունը, իսկ մյուսում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ մեկական երկրներ՝ Ուկրաինան ու Էստոնիան: Էլեկտրոնային ստորագրության (eSignature) պիլոտային ծրագիրը մեզ կօգնի վեր հանել կարգավորումների, կազմակերպչական և տեխնիկական տեսանկյուններից առկա բացերն ու խոչընդոտները, ինչը թույլ կտա ուրվագծել հետպիլոտային գործողությունների ծրագիր՝ միջսահմանային փոխճանաչման պահանջվող մակարդակին հասնելու համար: Նախատեսվում է, որ պիլոտային ծրագրերը կիրականացվեն 2020 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին:
32. Եթե պիլոտային ծրագիրն աշխատի, արդյո՞ք այն կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա: Վերջնարդյունքում կարո՞ղ ենք արդյոք հույս ունենալ, որ այն կընդգրկի ԵՄ ողջ տարածքը
ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների միջև միջսահմանային փոխճանաչումը Վստահության և անվտանգության թիմի վերջնական նպատակն է: Դա հավակնոտ, բայց հասանելի նպատակ է: Առաջին քայլերը կլինեն պիլոտային ծրագրերի ընթացքում քաղած դասերի հստակեցումն ու բոլոր գործընկեր երկրների հետ դրանցով կիսվելը, իրավական, կազմակերպչական և տեխնիկական պատրաստվածության հասնելու նպատակով տարածաշրջանի համար ընդհանուր ուղեցույցների մշակումը, որպեսզի այդ ընդհանուր ուղին հնարավոր լինի տեղայնացնել ու ներառել Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար ազգային ճանապարհային քարտեզներում:
33. Որո՞նք են կիբերանվտանգության հետ կապված հիմնական մարտահրավերները տարածաշրջանում: Ինչպե՞ս է EU4Digital-ն օգնում ճկունության ամրապնդմանը գործընկեր երկրներում
Արևելյան գործընկերության երկրների կողմից արդեն իսկ իրականացված պետական կանոնակարգերի, քաղաքականությունների և անվտանգության միջոցառումների վերլուծությունը թույլ է տվել հստակեցնել տարածաշրջանում կիբերանվտանգության հետ կապված հիմնական մարտահրավերները, որոնք են.
- Կիբեր ոլորտում որակավորված կադրերի և ռեսուրսների պակաս.
- Անբավարար հատուկ և համակարգված ֆինանսավորում.
- Ազգային կիբեր ռազմավարությունները կայացած չեն, ժամանակվրեպ են և համահունչ չեն ԵՄ-ի Ցանցային և տեղեկատվական համակարգերի անվտանգության հրահանգին (ՑՏՀ հրահանգ).
- Հնացած ազգային օրենսդրություն, որը չի համապատասխանում ԵՄ գործող օրենսդրությանը և կիբերանվտանգության չափորոշիչներին.
- Ազգային մակարդակում կիբերռիսկերի կանոնավոր գնահատումներ չեն իրականացվել.
- Ազգային մակարդակում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլաններ չեն մշակվել.
- Ազգային մակարդակում սահմանված չէ կամ թերի վիճակում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների (ԿՏԵ) ցանկը:
«EU4Digital» ծրագրի շրջանակներում ազգային իշխանությունների համար հստակեցվել և պատրաստվել են կիբերանվտանգության ոլորտում մի շարք լավ պրակտիկաներ և առաջարկություններ՝ ուղեցույցների տեսքով: Այս ուղեցույցները առաջարկություններ են ներկայացնում կիբերանվտանգության զարգացման և այդ ուղղությամբ միջոցառումների մշակման, իրականացման, գնահատման ու աջակցման արդյունավետ պրակտիկաների մասին: Դա կնպաստի գործընկեր երկրների միջև ավելի ուժեղ և կենսունակ կիբերտարածության ձևավորմանը և կնվազեցնի ցանցային տեղեկատվական համակարգերի խափանման կամ ձախողման ռիսկերը:
Ավելին, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում կիբերանվտանգության մասին մանրամասն ակնարկը (ներկա վիճակը, հիմնական մարտահրավերները և երկրների անհատական զեկույցներում ներկայացված հաջորդական գործողությունները) ավանդ կունենա «EU4Digital. Արևելյան գործընկերության երկրներում կիբերճկունության բարելավում» ծրագրում:
34. Պարզ է, որ էլեկտրոնային հմտություններն (eSkills) էական նշանակություն ունեն մերօրյա աշխարհում, բայց որքանո՞վ է տարածաշրջանն այդ հարցում հետ մնում՝ Եվրոպական միության երկրների համեմատ
ՏՀՏ-ի ներուժն օգտագործելու ամենամեծ խոչընդոտը թվային հմտությունների սղությունն է: Թվային հմտությունները ցանկացած տեսակի թվային փոխակերպման հաջողության առանցքային կատալիզատորն են՝ ինչպես թվային հասարակությունում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը նպաստելու, այնպես էլ՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ տնտեսական աճին աջակցելու առումով: Չնայած թվային հմտությունների պահանջարկը շարունաբար աճում է, եղած առաջարկը հաճախ չի հասցնում բավարարել այն:
Ըստ Աշխատատեղերի ապագայի վերաբերյալ 2018 թվականի զեկույցի (The Future of Jobs Report 2018) տվյալների՝ բոլոր ոլորտներում ընկերությունների մեծ մասն աշխատուժի հմտությունների հետ կապված բացերն ընկալում են որպես նորագույն տեխնոլոգիաների բարեհաջող ներդրման հիմնական խոչընդոտներից մեկը: Ըստ այս զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աշխատուժի կեսից ավելին վերաորակավորման կարիք ունի:
35. Անելիքները հաստատապես շատ են. ի՞նչ է անում EU4Digital-ն՝ այդ բացը լրացնելու ուղղությամբ գործընկեր երկրներին օգնելու համար
Թվային հմտությունների բացը շտկելու ուղղությամբ առաջին քայլը թվային հմտությունների և աշխատատեղերի առաջխաղացման ուղղությամբ իրազեկվածության բարձրացման և աջակցության համակարգված ջանքերի չափումն է: 2014 թվականից ի վեր, թվային տնտեսության և հասարակության ուղղությամբ առաջընթացը ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրում չափվում է Թվային տնտեսության և հասարակության համաթվի (DESI) և Թվային հմտությունների համաթվի (DSI) համաձայն:
Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունում թվային շուկաների ներդաշնակեցման վերաբերյալ 2015 թվականին իրականացված ուսումնասիրությունը, որը գնահատման է ենթարկել ԵՄ միասնական թվային շուկայի հետ Արևելյան հարևանության տարածաշրջանում թվային շուկաների ներդաշնակեցման և ինտեգրման պատրաստվածությունը, հայտնաբերել է, որ տարածաշրջանում թվային հմտությունների ոլորտում եղած բացի համակարգված չափման մեխանիզմ գոյություն չունի:
«EU4Digital» ծրագիրը կաջակցի թվային հմտությունների չափմանը՝ Արևելյան հարևանության տարածաշրջանի համար ԵՄ պրակտիկաներին համահունչ ընդհանուր մեթոդաբանության մշակմամբ:
Թվային հմտություններին, իրազեկվածության բարձրացմանը և լավագույն պրակտիկաների ընդունմանն ու փոխանակմանն առնչվող նախաձեռնությունների համակարգումը կամրապնդվի Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմամբ ու Թվային աշխատատեղերի Եվրոպայի մեծ կոալիցիայում տարածաշրջանի ներառմամբ: Ներկա պահին ազգային կոալիցիաներ ստեղծվել են երկու գործընկեր երկրներում՝ Հայաստանում (2017թ.) և Ուկրաինայում (2019թ.):
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ազգային կոալիցիաների ստեղծմանը:
Վերջապես, կենսական կարևորություն ունի միկրոբիզնեսի և ՓՄՁ-ների աշխատուժի շրջանում թվային հմտությունների զարգացումը: ՓՄՁ-ներն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի տնտեսությունների համար, քանի որ դրանց բաժին է հասնում բոլոր ընկերությունների 99%-ը, թեև դրանք ապահովում են մասնավոր հատվածի զբաղվածության ընդամենը 57%-ը: Համեմատության համար հարկ է նշել, որ ԵՄ-ում ՓՄՁ-ները զբաղվածության ոլորտի շարժիչ ուժն են (նորաստեղծ աշխատատեղերի 85%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին): Իրենց ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար Արևելյան գործընկերության երկրներում գործող ձեռնարկատիրական և արագ զարգացող ՓՄՁ-ները կունենան բազմազան թվային իմացական կոմպետենցիաների անհրաժեշտություն, ինչպիսիք են՝ մեծ տվյալների վերլուծությունն ու գործիքակազմը, ամպային հաշվարկներն ու վիզուալացումը, բջջային հավելվածների մշակումն ու զարգացումը, վեբ ծրագրավորումն ու գործիքակազմը, ՏՏ ճարտարապետությունը և անվտանգային հմտությունները:
«EU4Digital» ծրագիրը կաջակցի ՓՄՁ-ների թվային հմտությունների բարելավմանը` Արևելյան հարևանության տարածաշրջանում ՓՄՁ-ների և միկրոբիզնեսների համար թվային կոմպետենցիաների միասնական շրջանակի մշակմամբ՝ հիմնված ԵՄ թվային կոմպետենցիաների շրջանակների վրա:
36. Հմտությունների չափումն, իհարկե, հրաշալի է, բայց ինչպե՞ս է դա օգնում տեղերում թերությունների վերացմանը
EU4Digital-ը նպատակ ունի մշակել թվային հմտությունների բացերի չափման և համեմատման ընդհանուր մեթոդաբանություն՝ այդպիսով հնարավոր դարձնելով սահմանված խնդրահարույց ոլորտներում գործողությունների փաստահեն թիրախավորումն ու թվային հմտությունների և ռազմավարական թիրախների ուղղությամբ գործունեության ազդեցության չափումը:
Տվյալների առկայությունն առանցքային դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների մշակման և եվրոպական մակարդակի ռազմավարությունների հետ դրանց ներդաշնակեցման գործում: Էլեկտրոնային հմտությունների գործողությունների մի մասը կենտրոնացած է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների բացերի չափման համար հստակ և հակիրճ մեթոդաբանության մշակման վրա, որում հաշվի կառնվի յուրաքանչյուր առանձին երկրի նախապատմությունը և համապատասխան կերպով կտեղայնացվի մեթոդաբանության մոտեցումը:
Թվային հմտությունների չափման ներդաշնակեցված մոտեցումը հնարավորություն է ընձեռում բացահայտել հմտությունների հետ կապված թերությունները, անհամապատասխանություններն ու բացերը` միջոցներ որոնելու և տարածաշրջանային ու ազգային նախաձեռնությունների ազդեցությունը գնահատելու նպատակով: Տվյալների ներդաշնակեցված չափումը հնարավորություն է տալիս նաև համեմատել թվային հմտությունների զարգացման ուղղությամբ անհատական առաջընթացն Արևելյան գործընկերության երկրների միջև, և այն համեմատել ԵՄ երկրների ցուցանիշների հետ:
Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ազգային մակարդակում առկա բացերի չափման և կանխատեսման միասնական մեթոդաբանության մշակումը թույլ կտա՝
- զարգացման ազգային ռազմավարությունները համապատասխանեցնել ԵՄ պրակտիկաների հիման վրա չափված կոնկրետ տվյալների հետ և կօգնի բացահայտել կոնկրետ խնդրահարույց ոլորտներն ու առաջարկի և պահանջարկի հետ կապված բացերը.
- որդեգրել թվային հմտությունների հետ կապված տվյալների հավաքագրման ընդհանուր մոտեցում, որն, իր հերթին, հնարավորություն կընձեռի համեմատություն կատարել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև ու թույլ կտա, որպեսզի երկրները համատեղ լուծումներ գտնեն թվային հմտությունների հետ կապված հիմնահարցերի առնչությամբ.
- իրականացնել համակարգված և կանոնավոր չափում, որը հիմք կծառայի թվային հմտությունների հետ կապված աշխատաշուկայի ապագա կարիքները կանխատեսելու համար:
37. Կոմպետենցիաների միասնական շրջանակը շատ վերացական է հնչում… Ի՞նչ է իրականում այն նշանակում, ինչպե՞ս է օգնում EU4Digital-ը և ինչպիսի՞ տարբերության դա կհանգեցնի
Թվային կոմպետենցիաների դերը մեծանում է բոլոր ոլորտներում և հատվածներում, քանզի ՏՀՏ ոլորտի և դրա հետ կապ չունեցող ոլորտների դերերի սահմաններն ավելի ու ավելի են տարրալուծվում: ՓՄՁ-ներում և միկրոձեռնարկություններում ներգրավված մասնագետները հաճախ կատարում են բազմաթիվ աշխատանքային դերեր և (կամ) միջգերատեսչական (հիբրիդային) աշխատանքային դերեր, այդ թվում այնպիսիք, որոնք տարբեր մակարդակի թվային կոմպետենցիաներ են պահանջում:
Կոմպետենցիաների շրջանակն աջակցելու է կարիերայի և ուսումնառության ուղիների, աշխատանքային դերերի, ուսումնական կարիքների և արդյունքների սահմանմանը` ընդհանուր տեղեկատվական բազայի միջոցով: Այն տարածաշրջանի ցանկացած ՓՄՁ-ի համար՝ անկախ դրա չափից կամ գործունեության ոլորտից, կծառայի որպես հստակ ուղեցույց առ այն, թե ինչպես գտնել, վերապատրաստել և հավաքագրել անհրաժեշտ թվային հմտություններ ունեցող աշխատողների: Ավելին, կոմպետենցիաների շրջանակը նպատակ ունի իր թիրախային լսարանի համար ստեղծել թվային հմտությունների և իրավասությունների ընդհանուր լեզու՝ ՏՏ բարդ տերմինաբանությունը բացատրելով «բիզնեսի լեզվով»:
Կոմպետենցիաների շրջանակը՝
- կաջակցի ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների աշխատողների թվային հմտությունների զարգացմանը.
- կաջակցի Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մրցունակության, արտահանման ներուժի ու նորարարությունների բարելավմանը.
- կխրախուսի ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մասնակցությունը թվային շուկայի զարգացմանը:
38. Ի՞նչ են իրենցից ներկայացնում ազգային կոալիցիաները: Ո՞ւմ են դրանք համախմբում և ի՞նչ նպատակով
Ազգային կոալիցիաները բազմաշահառու գործընկերություններ են, որոնք համագործակցում են ազգային մակարդակում ընդհանուր և հստակ սահմանված նպատակին հասնելու համար, իսկ Արևելյան գործընկերության երկրներում դրանց ստեղծումը կբարձրացնի տարածաշրջանում իրականացվող թվային հմտությունների զարգացման գործողությունների նկատմամբ վերահսկողությունն ու դրանց համակարգումը, ինչպես նաև կարևոր դերակատարություն կունենա ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության բարելավման գործում:
Ազգային կոալիցիաների շահագրգիռ կողմերն են ՏՀՏ ոլորտում գործող ու դրա հետ սերտ կապեր ունեցող ընկերությունները, կրթական և վերապատրաստական ծառայություններ մատուցողները, հանրային հատվածը, զբաղվածության ծառայությունները, ասոցիացիաները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և սոցիալական գործընկերները:
Կոալիցիաներն ի վիճակի են խթանել թվային հմտությունները տարբեր եղանակներով, որոնք համաձայնեցվում են կոալիցիայի ստեղծման ընթացքում: Որոշ երկրներ կոալիցիաների նկատմամբ կարող են որդեգրել առավել նախաձեռնողական մոտեցում, ինչն այդ կոալիցիային հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել թվային հմտություններին վերաբերող տվյալների հավաքագրմանը և թափ հաղորդել թվային փոխակերպմանը՝ հանրային հատվածի քննարկումներին ակտիվ մասնակցությամբ:
Հայաստանը և Ուկրաինան արդեն իսկ ստեղծել են թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաներ, և այժմ նմանատիպ կոալիցիաների ստեղծման վերաբերյալ քննարկումներ են ընթանում Արևելյան գործընկերության մնացած երկրներում:
39. Առաջ նայելով՝ ինչպիսի՞ն եք դուք տեսնում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների զարգացումն՝ առաջիկա հինգ տարվա կտրվածքով: Ինչպե՞ս դրան կօգնի EU4Digital-ը
Թվային հմտությունները ցանկացած տեսակի թվային փոխակերպման հաջողության հիմնական կատալիզատորն են, որոնք քաղաքացիներին թույլ են տալիս ակտիվորեն դրսևորվել թվային հասարակությունում: Նման հմտությունները խիստ անհրաժեշտ են ցանկացած երկրում տնտեսության և մարդկային կապիտալի աճը պահպանելու համար:
Արևելյան գործընկերության երկրները առաջիկայում կկարողանան ամբողջությամբ իրացնել իրենց տնտեսական ներուժը՝ փոխկապակցվածություն ապահովելով աշխատաշուկայում թվային հմտությունների առաջարկի և պահանջարկի միջև, ինչը հետագա տնտեսական զարգացման կարևորագույն հիմնաքարերից մեկն է: Ավելին, Արևելյան գործընկերության երկրները կկարողանան թվային հմտությունների վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալներ ներառել իրենց փաստահեն քաղաքականությունների պլանավորմանն ուղղված ազգային ռազմավարություններում:
EU4Digital-ի ներքո իրականացվող գործողություններն առաջիկա տարիների ընթացքում նպատակ ունեն աջակցել հետևյալին.
- Թվային հմտությունների արդյունավետ կառավարում Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում` գործողությունների համակարգման, մշտադիտարկման և առաջնահերթությունների սահմանման համար, ինչը թույլ կտա համեմատության եզրեր անցկացնել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև, ինչպես նաև համեմատություն և թվային հմտությունների զարգացման համատեղ գործողություններ իրականացնել հենց Արևելյան գործընկերության առանձին երկրների միջև:
- Սահմանված խնդրահարույց ոլորտների ուղղությամբ գործողությունների փաստահեն թիրախավորում, ինչը հնարավոր կդառնա ընդհանուր հիմունքներով և ԵՄ պրակտիկաներին համապատասխան տվյալների հավաքագրման միջոցով: Ակնկալվում է, որ թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիաները կմասնակցեն թվային հմտությունների հետ կապված խնդրահարույց ոլորտների կարգաբերմանն ուղղված միջոցների համակարգմանը:
- Թվային հմտությունների ուղղությամբ գործողությունների և ռազմավարական նշանակության թիրախների ազդեցության չափում, ինչը կնպաստի ՏՀՏ-ի և աշխատաշուկայի հետ կապված տարբեր խնդիրների հատուկ կարիքներին համապատասխան քաղաքականության մշակմանը: