1. Պարզ է, որ էլեկտրոնային հմտություններն (eSkills) էական նշանակություն ունեն մերօրյա աշխարհում, բայց որքանո՞վ է տարածաշրջանն այդ հարցում հետ մնում՝ Եվրոպական միության երկրների համեմատ
ՏՀՏ-ի ներուժն օգտագործելու ամենամեծ խոչընդոտը թվային հմտությունների սղությունն է: Թվային հմտությունները ցանկացած տեսակի թվային փոխակերպման հաջողության առանցքային կատալիզատորն են՝ ինչպես թվային հասարակությունում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը նպաստելու, այնպես էլ՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ տնտեսական աճին աջակցելու առումով: Չնայած թվային հմտությունների պահանջարկը շարունաբար աճում է, եղած առաջարկը հաճախ չի հասցնում բավարարել այն:
Ըստ Աշխատատեղերի ապագայի վերաբերյալ 2018 թվականի զեկույցի (The Future of Jobs Report 2018) տվյալների՝ բոլոր ոլորտներում ընկերությունների մեծ մասն աշխատուժի հմտությունների հետ կապված բացերն ընկալում են որպես նորագույն տեխնոլոգիաների բարեհաջող ներդրման հիմնական խոչընդոտներից մեկը: Ըստ այս զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աշխատուժի կեսից ավելին վերաորակավորման կարիք ունի:
2. Անելիքները հաստատապես շատ են. ի՞նչ է անում EU4Digital-ն՝ այդ բացը լրացնելու ուղղությամբ գործընկեր երկրներին օգնելու համար
Թվային հմտությունների բացը շտկելու ուղղությամբ առաջին քայլը թվային հմտությունների և աշխատատեղերի առաջխաղացման ուղղությամբ իրազեկվածության բարձրացման և աջակցության համակարգված ջանքերի չափումն է: 2014 թվականից ի վեր, թվային տնտեսության և հասարակության ուղղությամբ առաջընթացը ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրում չափվում է Թվային տնտեսության և հասարակության համաթվի (DESI) և Թվային հմտությունների համաթվի (DSI) համաձայն: Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունում թվային շուկաների ներդաշնակեցման վերաբերյալ 2015 թվականին իրականացված ուսումնասիրությունը, որը գնահատման է ենթարկել ԵՄ միասնական թվային շուկայի հետ Արևելյան հարևանության տարածաշրջանում թվային շուկաների ներդաշնակեցման և ինտեգրման պատրաստվածությունը, հայտնաբերել է, որ տարածաշրջանում թվային հմտությունների ոլորտում եղած բացի համակարգված չափման մեխանիզմ գոյություն չունի:
«EU4Digital» ծրագիրը կաջակցի թվային հմտությունների չափմանը՝ Արևելյան հարևանության տարածաշրջանի համար ԵՄ պրակտիկաներին համահունչ ընդհանուր մեթոդաբանության մշակմամբ:
Թվային հմտություններին, իրազեկվածության բարձրացմանը և լավագույն պրակտիկաների ընդունմանն ու փոխանակմանն առնչվող նախաձեռնությունների համակարգումը կամրապնդվի Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմամբ ու Թվային աշխատատեղերի Եվրոպայի մեծ կոալիցիայում տարածաշրջանի ներառմամբ: Ներկայումս ազգային կոալիցիաներ են ստեղծվել երեք գործընկեր երկրներում՝ Հայաստանում (2017թ.), Ուկրաինայում (2019թ.) և Ադրբեջանում (2020թ.), մինչդեռ Մոլդովայում և Վրաստանում դրանք ստեղծման ճանապարհին են:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ազգային կոալիցիաների ստեղծմանը:
Վերջապես, կենսական կարևորություն ունի միկրոբիզնեսի և ՓՄՁ-ների աշխատուժի շրջանում թվային հմտությունների զարգացումը: ՓՄՁ-ներն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի տնտեսությունների համար, քանի որ դրանց բաժին է հասնում բոլոր ընկերությունների 99%-ը, թեև դրանք ապահովում են մասնավոր հատվածի զբաղվածության ընդամենը 57%-ը: Համեմատության համար հարկ է նշել, որ ԵՄ-ում ՓՄՁ-ները զբաղվածության ոլորտի շարժիչ ուժն են (նորաստեղծ աշխատատեղերի 85%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին): Իրենց ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար Արևելյան գործընկերության երկրներում գործող ձեռնարկատիրական և արագ զարգացող ՓՄՁ-ները կունենան բազմազան թվային իմացական կոմպետենցիաների անհրաժեշտություն, ինչպիսիք են՝ մեծ տվյալների վերլուծությունն ու գործիքակազմը, ամպային հաշվարկներն ու վիզուալացումը, բջջային հավելվածների մշակումն ու զարգացումը, վեբ ծրագրավորումն ու գործիքակազմը, ՏՏ ճարտարապետությունը և անվտանգային հմտությունները:
«EU4Digital» ծրագիրը կաջակցի ՓՄՁ-ների թվային հմտությունների բարելավմանը` Արևելյան հարևանության տարածաշրջանում ՓՄՁ-ների և միկրոբիզնեսների համար թվային կոմպետենցիաների միասնական շրջանակի մշակմամբ՝ հիմնված ԵՄ թվային կոմպետենցիաների շրջանակների վրա:
3. Հմտությունների չափումն, իհարկե, հրաշալի է, բայց ինչպե՞ս է դա օգնում տեղերում թերությունների վերացմանը
EU4Digital-ը մշակել է թվային հմտությունների բացերի չափման և համեմատման ընդհանուր մեթոդաբանություն՝ այդպիսով հնարավոր դարձնելով սահմանված խնդրահարույց ոլորտներում գործողությունների փաստահեն թիրախավորումն ու թվային հմտությունների և ռազմավարական թիրախների ուղղությամբ գործունեության ազդեցության չափումը:
Տվյալների առկայությունն առանցքային դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների մշակման և եվրոպական մակարդակի ռազմավարությունների հետ դրանց ներդաշնակեցման գործում: Էլեկտրոնային հմտությունների գործողությունների մի մասը կենտրոնացած է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների բացերի չափման համար հստակ և հակիրճ մեթոդաբանության մշակման վրա, որում հաշվի կառնվի յուրաքանչյուր առանձին երկրի նախապատմությունը և համապատասխան կերպով կտեղայնացվի մեթոդաբանության մոտեցումը:
Թվային հմտությունների չափման ներդաշնակեցված մոտեցումը հնարավորություն է ընձեռում բացահայտել հմտությունների հետ կապված թերությունները, անհամապատասխանություններն ու բացերը` միջոցներ որոնելու և տարածաշրջանային ու ազգային նախաձեռնությունների ազդեցությունը գնահատելու նպատակով: Տվյալների ներդաշնակեցված չափումը հնարավորություն է տալիս նաև համեմատել թվային հմտությունների զարգացման ուղղությամբ անհատական առաջընթացն Արևելյան գործընկերության երկրների միջև, և այն համեմատել ԵՄ երկրների ցուցանիշների հետ:
Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ազգային մակարդակում առկա բացերի չափման և կանխատեսման միասնական մեթոդաբանության մշակումը թույլ կտա՝
- զարգացման ազգային ռազմավարությունները համապատասխանեցնել ԵՄ պրակտիկաների հիման վրա չափված կոնկրետ տվյալների հետ և կօգնի բացահայտել կոնկրետ խնդրահարույց ոլորտներն ու առաջարկի և պահանջարկի հետ կապված բացերը.
- որդեգրել թվային հմտությունների հետ կապված տվյալների հավաքագրման ընդհանուր մոտեցում, որն, իր հերթին, հնարավորություն կընձեռի համեմատություն կատարել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև ու թույլ կտա, որպեսզի երկրները համատեղ լուծումներ գտնեն թվային հմտությունների հետ կապված հիմնահարցերի առնչությամբ.
- իրականացնել համակարգված և կանոնավոր չափում, որը հիմք կծառայի թվային հմտությունների հետ կապված աշխատաշուկայի ապագա կարիքները կանխատեսելու համար:
4. Կոմպետենցիաների միասնական շրջանակը շատ վերացական է հնչում… Ի՞նչ է իրականում այն նշանակում, ինչպե՞ս է օգնում EU4Digital-ը և ինչպիսի՞ տարբերության դա կհանգեցնի
Թվային կոմպետենցիաների դերը մեծանում է բոլոր ոլորտներում և հատվածներում, քանզի ՏՀՏ ոլորտի և դրա հետ կապ չունեցող ոլորտների դերերի սահմաններն ավելի ու ավելի են տարրալուծվում: ՓՄՁ-ներում և միկրոձեռնարկություններում ներգրավված մասնագետները հաճախ կատարում են բազմաթիվ աշխատանքային դերեր և (կամ) միջգերատեսչական (հիբրիդային) աշխատանքային դերեր, այդ թվում այնպիսիք, որոնք տարբեր մակարդակի թվային կոմպետենցիաներ են պահանջում:
Կոմպետենցիաների շրջանակն աջակցում է կարիերայի և ուսումնառության ուղիների, աշխատանքային դերերի, ուսումնական կարիքների և արդյունքների սահմանմանը` ընդհանուր տեղեկատվական բազայի միջոցով: Այն տարածաշրջանի ցանկացած ՓՄՁ-ի համար՝ անկախ դրա չափից կամ գործունեության ոլորտից, կծառայի որպես հստակ ուղեցույց առ այն, թե ինչպես գտնել, վերապատրաստել և հավաքագրել անհրաժեշտ թվային հմտություններ ունեցող աշխատողների: Ավելին, կոմպետենցիաների շրջանակն իր թիրախային լսարանի համար ստեղծել է թվային հմտությունների և իրավասությունների ընդհանուր լեզու՝ ՏՏ բարդ տերմինաբանությունը բացատրելով «բիզնեսի լեզվով»:
Կոմպետենցիաների շրջանակը՝
- աջակցում է ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների աշխատողների թվային հմտությունների զարգացմանը.
- աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մրցունակության, արտահանման ներուժի ու նորարարությունների բարելավմանը.
- խրախուսում է ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մասնակցությունը թվային շուկայի զարգացմանը:
5. Ի՞նչ են իրենցից ներկայացնում ազգային կոալիցիաները: Ո՞ւմ են դրանք համախմբում և ի՞նչ նպատակով
Ազգային կոալիցիաները բազմաշահառու գործընկերություններ են, որոնք համագործակցում են ազգային մակարդակում ընդհանուր և հստակ սահմանված նպատակին հասնելու համար, իսկ Արևելյան գործընկերության երկրներում դրանց ստեղծումը կբարձրացնի տարածաշրջանում իրականացվող թվային հմտությունների զարգացման գործողությունների նկատմամբ վերահսկողությունն ու դրանց համակարգումը, ինչպես նաև կարևոր դերակատարություն կունենա ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության բարելավման գործում:
Ազգային կոալիցիաների շահագրգիռ կողմերն են ՏՀՏ ոլորտում գործող ու դրա հետ սերտ կապեր ունեցող ընկերությունները, կրթական և վերապատրաստական ծառայություններ մատուցողները, հանրային հատվածը, զբաղվածության ծառայությունները, ասոցիացիաները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և սոցիալական գործընկերները:
Կոալիցիաներն ի վիճակի են խթանել թվային հմտությունները տարբեր եղանակներով, որոնք համաձայնեցվում են կոալիցիայի ստեղծման ընթացքում: Որոշ երկրներ կոալիցիաների նկատմամբ կարող են որդեգրել առավել նախաձեռնողական մոտեցում, ինչն այդ կոալիցիային հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել թվային հմտություններին վերաբերող տվյալների հավաքագրմանը և թափ հաղորդել թվային փոխակերպմանը՝ հանրային հատվածի քննարկումներին ակտիվ մասնակցությամբ:
Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան արդեն իսկ ստեղծել են թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաներ, և այժմ նմանատիպ կոալիցիաների ստեղծման վերաբերյալ քննարկումներ են ընթանում Արևելյան գործընկերության մնացած երկրներում:
6. Առաջ նայելով՝ ինչպիսի՞ն եք դուք տեսնում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների զարգացումն՝ առաջիկա հինգ տարվա կտրվածքով: Ինչպե՞ս դրան կօգնի EU4Digital-ը
Թվային հմտությունները ցանկացած տեսակի թվային փոխակերպման հաջողության հիմնական կատալիզատորն են, որոնք քաղաքացիներին թույլ են տալիս ակտիվորեն դրսևորվել թվային հասարակությունում: Նման հմտությունները խիստ անհրաժեշտ են ցանկացած երկրում տնտեսության և մարդկային կապիտալի աճը պահպանելու համար:
Արևելյան գործընկերության երկրները առաջիկայում կկարողանան ամբողջությամբ իրացնել իրենց տնտեսական ներուժը՝ փոխկապակցվածություն ապահովելով աշխատաշուկայում թվային հմտությունների առաջարկի և պահանջարկի միջև, ինչը հետագա տնտեսական զարգացման կարևորագույն հիմնաքարերից մեկն է: Ավելին, Արևելյան գործընկերության երկրները կկարողանան թվային հմտությունների վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալներ ներառել իրենց փաստահեն քաղաքականությունների պլանավորմանն ուղղված ազգային ռազմավարություններում:
EU4Digital-ի ներքո իրականացվող գործողություններն առաջիկա տարիների ընթացքում նպատակ ունեն աջակցել հետևյալին.
- Թվային հմտությունների արդյունավետ կառավարում Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում` գործողությունների համակարգման, մշտադիտարկման և առաջնահերթությունների սահմանման համար, ինչը թույլ կտա համեմատության եզրեր անցկացնել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև, ինչպես նաև համեմատություն և թվային հմտությունների զարգացման համատեղ գործողություններ իրականացնել հենց Արևելյան գործընկերության առանձին երկրների միջև:
- Սահմանված խնդրահարույց ոլորտների ուղղությամբ գործողությունների փաստահեն թիրախավորում, ինչը հնարավոր կդառնա ընդհանուր հիմունքներով և ԵՄ պրակտիկաներին համապատասխան տվյալների հավաքագրման միջոցով: Ակնկալվում է, որ թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիաները կմասնակցեն թվային հմտությունների հետ կապված խնդրահարույց ոլորտների կարգաբերմանն ուղղված միջոցների համակարգմանը:
- Թվային հմտությունների ուղղությամբ գործողությունների և ռազմավարական նշանակության թիրախների ազդեցության չափում, ինչը կնպաստի ՏՀՏ-ի և աշխատաշուկայի հետ կապված տարբեր խնդիրների հատուկ կարիքներին համապատասխան քաղաքականության մշակմանը: