1. Ի՞նչ է էլեկտրոնային առևտուրն առարկայորեն: Արդյո՞ք այն ինտերնետում գնումներ կատարելու մասին է…
Էլեկտրոնային առևտուրը (eTrade) միջսահմանային անթուղթ առևտուրն է: Այն համընդգրկուն երևույթ է, որն ընդգրկում է երկրների միջև ապրանքների և ծառայությունների ներմուծման ու արտահանման ցիկլը՝ անդրադառնալով այնպիսի ոլորտների, ինչպիսիք են.
- Աշխարհի ցանկացած կետից ապրանքների կամ ծառայությունների առցանց գնում կամ վաճառք.
- Ապրանքների կամ ծառայությունների միջսահմանային տեղափոխում՝ ներառելով բիզնեսների և կառավարության միջև անթուղթ փաստաթղթաշրջանառությունը և գնորդին այդ ապրանքների կամ ծառայությունների առաքումը:
ԵՄ-ն միասնական շուկա է, որը ստանդարտացված տեխնոլոգիաներով ու շրջանակներով ապահովված ապրանքների, ծառայությունների և համապատասխան տեղեկատվության ազատ փոխանակման հնարավորություն է ընձեռում իր անդամ երկրների միջև: Արևելյան գործընկերության երկրների դեպքում, սակայն, առկա է անթուղթ առևտրի ընթացակարգերի ներդաշնակեցման պակաս, ըստ որում՝ ինչպես այդ երկրների միջև, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ: Օրինակ՝ տարբեր երկրների կողմից հավասարապես չեն ճանաչվում միմյանց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերն ու պայմանագրերը:
Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև առևտրի ներդաշնակեցմանը: Այն նաև աջակցում է հենց Արևելյան գործընկերության երկրների միջև առևտրի ներդաշնակեցմանը:
2. Այսպիսով, ի՞նչ է անում EU4Digital-ն՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի խթանման ուղղությամբ
Որպես EU4Digital-ի մաս, մի շարք գործողություններ և պիլոտային ծրագրեր աջակցում են միջսահմանային համագործակցությանը: Ուշադրության կենտրոնում էլեկտրոնային առևտրի հետևյալ ոլորտների ներդաշնակեցումն է.
- Միջսահմանայինէլեկտրոնայինառևտուր. տարբեր երկրներից առևտրային գործընկերների (օրինակ ՝ բիզնեսների և կառավարության) միջև անթուղթ փաստաթղթաշրջանառություն.
- Էլեկտրոնայինմաքսայինծառայություններ. լոգիստիկ ընկերությունների և մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկատվության համակարգված ու ավտոմատացված փոխանակում (օր.՝ նախաժամանումային տեղեկատվության փոխանակում, ռիսկերի գնահատում, տվյալների համապատասխանեցում, մաքսային հսկողության արդյունքներ).
- Թվայինտրանսպորտայինմիջանցք. ֆիզիկական տրանսպորտային միջանցքների շրջանում տվյալների հետ կապված ծառայություններ` փոխադրման բոլոր մակարդակներում (օդային, ճանապարհային, երկաթուղային և ծովային) միջանցիկ տեղեկատվության փոխանակման համար.
- էլեկտրոնայինկոմերցիա. ապրանքների վաճառք համակարգչային ցանցերում իրականացվող էլեկտրոնային գործարքների միջոցով:
- Նեթվորքինգ. Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի ներգրավում ԵՄ-ի գործընկերների հետ գործարար կապերի զարգացման ու էլեկտրոնային առևտրի ոլորտային միտումների, գործողությունների և ներկա իրադրության մասին տեղեկատվության փոխանակման գործընթացում:
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում միջսահմանային էլեկտրոնային առևտրի պիլոտավորումը: Ո՞ր երկրներն են ներգրավված դրանում և կոնկրետ ինչո՞վ է այն զբաղված: Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկա տարիներին դրա օգուտները կտարածվեն բոլոր երկրներում
Պիլոտային գործողության նպատակը էլեկտրոնային առաքման լուծում օգտագործող մի շարք պետական և մասնավոր սուբյեկտների միջև միջսահմանային տվյալների փոխանակման փորձարկումն է: Նպատակը պարզելն է՝ արդյոք տվյալների նմանատիպ փոխանակումը կարող է լիարժեք գործառնել՝ ելնելով հետևյալ հեռանկարներից.
- Տեխնիկական. փորձարկել՝ հնարավոր է արդյոք հասնել փոխգործունակության, և արդյոք գոյություն ունեն միջսահմանային մակարդակում տվյալ լուծման օգտագործմանը խոչընդոտող տեխնիկական արգելքներ.
- Իրավական. պիլոտավորման ընթացքում կիրականացվի իրավական միջավայրի նախնական վերանայում և կստեղծվի ժամանակավոր միջավայր, որտեղ հնարավոր կլինի ապահովել փոխանակված տվյալների ընդունելիությունն իրավական տեսանկյունից (դա հնարավոր է անել փոխըմբռնման հուշագրի կամ այլ միջազգային համաձայնագրի ստորագրմամբ):
- Կազմակերպչական. պետք է հստակեցվեն գործընթացի համար պատասխանատու հաստատությունները և պետք է իրականացվեն անհրաժեշտ կազմակերպչական / ինստիտուցիոնալ փոփոխություններ:
Պիլոտային ծրագրի ավարտից հետո «EU4Digital» նախաձեռնության թիմը կհավաքի մասնակից ընկերությունների / կառավարական հաստատությունների հետադարձ արձագանքներն ու առաջարկություններ կպատրաստի վերոնշյալ ոլորտներում պահանջվող փոփոխությունների վերաբերյալ` լայնամասշտաբ լուծում ներդնելու և դրա լիարժեք գործառնությունն ապահովելու, ինչպես նաև այն իրավականորեն պարտադիր դարձնելու նպատակով:
Կիրականացվեն էլեկտրոնային առաքման երկու պիլոտային ծրագրեր, որոնցից մեկը՝ Արևելյան գործընկերոջ և ԵՄ անդամ երկրի, իմա՝ Ուկրաինայի և Լեհաստանի միջև, իսկ մյուսը՝ Արևելյան գործընկերության երկու երկրների, իմա՝ Մոլդովայի և Բելառուսի միջև:
Գործընկեր երկրների ներկայացուցիչների համար կկազակերպվեն ճանաչողական այցեր` պիլոտային լուծումները դիտարկելու նպատակով, ինչը նրանց հնարավորություն կտա տեղեկացված որոշումներ կայացնել իրենց երկրներում հատուկ լուծումների կիրարկման վերաբերյալ:
4. Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային մաքսային ծառայությունների համակարգը, և ինչպիսի՞ օգուտներ կան դրանից
Էլեկտրոնային մաքսային ծառայությունների համակարգը (eCustoms) լոգիստիկ ընկերությունների և մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկատվության համակարգված ու ավտոմատ փոխանակումն է (օր.՝ նախաժամանումային տեղեկատվության փոխանակում, ռիսկերի գնահատում, տվյալների համապատասխանեցում, մաքսային հսկողության արդյունքներ):
Երբ լոգիստիկ ընկերություններն իրականացնում են սահմանների միջև ապրանքների տեղափոխում և շփվում են մաքսային մարմինների հետ, նրանք առնչվում են ավտոմատացման և մաքսային մարմինների միջև ժամանակին հաղորդակցության բացակայության պատճառով առաջացող ուշացումների հետ: Արդյունքում, վերջնական գնորդները ևս առնչվում են ուշացումների հետ՝ իրենց ապրանքները ձեռք բերելիս: Դա տեղի է ունենում, քանի որ.
- Մաքսային տեղեկատվությունը ժամանակին տեղ չի հասնում՝ անվտանգային ռիսկերի անարդյունավետ կառավարման խնդիրներ ստեղծելով մաքսային մարմինների և բիզնեսների համար.
- Ներդրված չէ տվյալների ավտոմատ համադրման համակարգ (օր.՝ համադրել, թե արդյոք մեկնման երկրում հայտարարագրված տեղեկատվությունը նույնն է, ինչ ժամանման երկրում).
- Նախաժամանումային տեղեկատվության փոխանակում տեղի չի ունեցել (օր.՝ երբ բեռը հասնում է սահմանային անցակետ, փոխադրողը պետք է նախքան սահմանն անցնելը սպասի, մինչև ռիսկի գնահատումը ավարտվի):
eCustoms-ն օգնում է լուծել նշված խնդիրները՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը հնարավոր դարձնող համագործակցության անհրաժեշտ մոդելներ տրամադրելով բիզնեսներին ու կառավարություններին (օր.՝ համագործակցության գործընթացներ, հաղորդակցության համակարգեր): Այն լավարկում է մաքսային մարմինների հետ փոխգործակցությունը` նվազեցնելով բիզնեսի համար ծախսերն ու բարձրացնելով ապրանքների և ծառայությունների առաքման արագությունը:
«EU4Digital» նախաձեռնությունը վերլուծեց առկա լուծումներն ու տարածաշրջանում դրանց կիրառելիությունը և որոշում ընդունեց eCustoms-ի պիլոտավորման համար կիրառել «SEED» (էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակում) լուծումը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող SEED-ն իրականացվում է Արևմտյան Բալկանյան երկրների մաքսային մարմինների կողմից՝ առաջարկելով.
- Ապացուցված անվտանգություն.
- Տվյալների ստանդարտներ.
- Ազգային համակարգերին հեշտ հարմարվողականություն.
- Ճկունություն՝ գործառնությունների և տվյալների շտեմարանների փոխանակման նկատամամբ պահանջների առումով:
Արևմտյան Բալկաններում SEED-ը հաջողությամբ լուծել է հետևյալ խնդիրները.
- Հաշիվ-ապրանքագրերի փոփոխման և մուտքի պահին մաքսային արժեքի նվազեցման միջոցով թերարժևորում.
- Բեռնված բեռնատարների ելքի կեղծ հաստատում (ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված խախտումներ).
- Տրանսպորտային փաստաթղթերի (օր.՝ ներմուծման գրքույկների (APA Carnet)) (սխալ) օգտագործման հետ կապված խախտումներ.
- Մաքսային օրինախախտման լուրջ դեպքերի հայտնաբերում, ինչպիսիք են ծխախոտի և թմրանյութերի մաքսանենգությունը:
Պիլոտային ծրագրի նպատակն Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային մաքսային տվյալների փոխանակման ապահովումն է: Սա մեկնարկային կետն է, երբ պիլոտավորվելու են նախնական (սահմանափակ) գործառույթներ ու տվյալների հավաքածուներ:
Կիրականացվեն eCustoms-ի երկու պիլոտային ծրագրեր, որոնցից մեկը՝ Արևելյան գործընկերոջ և ԵՄ անդամ երկրի, իմա՝ Բելառուսի և Լիտվայի միջև, իսկ մյուսը՝ Արևելյան գործընկերության դեռևս հաստատման ենթակա երկու երկրների միջև:
Պիլոտավորման շրջանակներում հավաքվելու են հետադարձ տվյալներ՝ մաքսային մարմինների միջև մաքսային տվյալների փոխանակման գործընթացի բարելավման, ինչպես նաև մաքսային ձևակերպումների լավարկման, ռիսկերի գնահատման ու միջսահմանային մաքսային մարմինների միջև համագործակցության ապահովման համար: Արդյունքում, ակնկալվում է, որ կներկայացվեն լայնամասշտաբ լուծումների ներդրման վերաբերյալ առաջարկություններ, որոնք հնարավոր կդարձնեն այդ լուծումների վերարտադրությունն ամբողջ տարածաշրջանում:
5. Թվային տրանսպորտային միջանցք՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով. հավակնոտ է հնչում, բայց ի՞նչ է այն նշանակում առարկայորեն, և ինչպե՞ս է օժանդակելու առևտրի իրականացմանը
Թվային տրանսպորտային միջանցքը (ԹՏՄ) տվյալների հետ կապված ծառայությունների շարք է, որը ներդրված է ֆիզիկական միջսահմանային տրանսպորտային միջանցքներում` փոխադրումների բոլոր մակարդակներում (օդային, ճանապարհային, երկաթուղային և ծովային) տեղեկատվության միջանցիկ փոխանակման համար: Սա ներառում է մատակարարման ցանցի շահագրգիռ կողմերի համար այնպիսի ծառայություններ և հավելվածներ, ինչպիսիք են՝ իշխանության մարմիններին տեղեկատվության ներկայացումը, տեսանելիության ծառայությունները, շուկայի ծառայությունները, ամրագրման և պատվիրման ծառայություններն ու շղթայի կազմման ծառայությունները:
Սահմանով ապրանքներ և ծառայություններ տեղափոխելիս լոգիստիկ ընկերությունները փոխազդում են Արևելյան գործընկերության ու ԵՄ տարբեր երկրների տարատեսակ լոգիստիկ համակարգերի հետ: Սա ստեղծում է տեխնիկական խոչընդոտներ, որոնք բարդացնում են երկրների միջև լոգիստիկ տեղեկատվության ակնթարթային փոխանակումը: Բացի այդ, լոգիստիկ գործընթացների և տեղեկատվական համակարգերի համար մշակված իրավական շրջանակները նույնը չեն այդ երկրներում, ինչն էլ ավելի է երկարացնում ու բարդացնում լոգիստիկ գործընթացները: Սա լոգիստիկ ծախսերի ավելացման և ապրանքների ու ծառայությունների մատակարարման ուշացումների պատճառ է դառնում:
Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքն օգնում է լոգիստիկ գործընթացներն ու էլեկտրոնային տրանսպորտային տվյալների հոսքը կազմակերպել այնպես, որ տեղեկատվությունը փոխանակվում է անմիջապես լոգիստիկ շղթայի մասնակիցների (առևտրականներ, բեռնառաքողներ, մաքսային մարմիններ, պետական այլ գործակալություններ և սպառողներ) միջև՝ լավարկելով ապրանքների և ծառայությունների հոսքն ու խնայելով ժամանակ և գումար:
Լոգիստիկ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու և ներդաշնակեցնելու համար ԵՄ-ն մշակում է հատկորոշումներ և կանոնակարգեր, որոնց պետք է հետևեն ԵՄ անդամ պետությունների գործընկերներն ու շարժվեն հարթակների ապակենտրոնացված դաշնային ցանցի ուղղությամբ՝ ապոհվելով պետական մարմինների կողմից էլեկտրոնային տվյալների օրինականության ճանաչումը:
EU4Digital-ը մշակում է նախապատրաստական գործողություններ՝ ադապտացնելով Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի մշակումները, որոնք ուղղված են նշված երկրների ներսում և դրանց միջև տեղեկատվության փոխանակման, կարգավորիչ միջավայրի ու կազմակերպական մեխանիզմների համար տեխնոլոգիական մոտեցման գործածման փորձարկմանը: Այս համատեքստում փորձագետները սահմանում են Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքի պիլոտավորման ուղղությամբ նախապատրաստական գործողությունները: Այս գործողությունները ԹՏՄ ծառայությունների դյուրացման հարմարեցված մոտեցում և ապագա փորձարկումների համար նախատեսված ճանապարհային քարտեզ են ներառում:
6. Որո՞նք են էլեկտրոնային կոմերցիայի հիմնական խոչընդոտները, և ի՞նչ է անում EU4Digital-ը` որպես օգնություն
Էլեկտրոնային կոմերցիան կամ eCommerce-ը համակարգչային ցանցերում իրականացվող էլեկտրոնային գործարքների միջոցով ապրանքների վաճառքն է: Չնայած ԵՄ-ն միասնական շուկա է, որն ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակում է թույլ տալիս անդամ պետությունների միջև, բայց դա հնարավոր չէ հեշտությամբ իրականացնել նաև ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև՝ էլեկտրոնային կոմերցիայի օրենսդրության, չափորոշիչների և էկոհամակարգի տարբերությունների պատճառով:
Օրինակ՝ աշխարհի ցանկացած կետի հետ առևտուր անող ԵՄ բիզնեսները ցանկանում են վստահ լինել, որ ապրանքները համապատասխանում են անվտանգության ընդհանուր պահանջներին, բայց հանդիպում են խոչընդոտների՝ պայմանավորված այն փաստով, որ ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում գործող չափորոշիչներն ու օրենսդրությունը ներդաշնակված չեն:
EU4Digital-ն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում իր գործունեության շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներին տրամադրում է խորհուրդներ՝ ԵՄ-ի հետ հարթ էլեկտրոնային առևտրի հասնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով առաջարկներ ներկայացնել էլեկտրոնային կոմերցիայի երեք ոլորտների ներդաշնակեցման վերաբերյալ: Մասնավորապես՝
- Օրենսդրություն.
- Չափորոշիչներ.
- Էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ:
ԵՄ-ին և Արևելյան գործընկերության երկրներին առավելագույն արժեք ներկայացնելու համար վերլուծությունն այնուհետև կօգտագործվի հատուկ խնդիրների վերհանման ու այդ խնդիրների հաղթահարման նպատակով փորձնական լուծման մշակման և գործարկման համար: Փորձնական լուծման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կոմերցիայի վերլուծության ավարտվելուն պես:
7. Ի՞նչ է իրենից ներկայացնում նեթվորքինգը: Ինչպե՞ս է այն նպաստում էլեկտրոնային առևտրին
Նեթվորքինգը վերաբերում է գործարար կապերի հաստատմանը և էլեկտրոնային առևտրի ոլորտում միտումների ու գործունեության մասին տեղեկատվության փոխանակմանը: EU4Digital-ն էլեկտրոնային առևտրի բաղկացուցիչի շրջանակներում իրականացնում է բազմաթիվ գործողություններ ու փորձնական ծրագրեր, որոնք միջսահմանային համագործակցության պահանջ ունեն: Տեղեկատվության փոխանակումը, հետևաբար, կենսական պայման է էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, բարեփոխումների իրականացումը խթանելու և միջազգային շահագրգիռ կողմերի միջև գործունեության համահարթեցման համար:
Միջազգային նեթվորքինգային գործողությունները ներառում են փորձնական լուծումների դիտարկման, ուսումնասիրման և քննարկման նպատակով ուսումնական այցեր, Արևելյան գործընկերության երկրների սահմաններից դուրս առկա լուծումներն ու լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով ուսումնական այցեր և կոնտակտներով ու էլեկտրոնային առևտրի ոլորտում միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցառումներ: Այս միջոցառումները նախատեսված են քաղաքականություն մշակողների, ներդրողների, թվային տեխնոլոգիաների մատակարարների, ծառայություն մատուցող ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, ակադեմիաների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, պետական կառավարման մարմինների, գործակալությունների և էլեկտրոնային առևտրի ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար: Նեթվորքինգային գործունեության շրջանակներում վերջերս կազմակերպված միջոցառումների թվում են Թվային տրանսպորտի օրերը, «SEED» ճանաչողական այցն ու «eDelivery» ճանաչողական այցը՝ Լիտվա:
8. Հետագայում ի՞նչ տեսք կարող է ունենալ էլեկտրոնային առևտուրը տարածաշրջանում: Ինչպե՞ս է EU4Digital-ը նպաստելու դրան
EU4Digital-ի նպատակն էլեկտրոնային առևտրի ներդաշնակեցմանն աջակցելն է, որպեսզի այն դառնա անթուղթ, ավտոմատացված և ունիֆիկացված՝ տարբեր երկրների բիզնեսների և իշխանությունների միջև (առևտրային գործընթացների, հաղորդակցության, օրենսդրության և չափորոշիչների առումով): Այս սցենարին ավելի մոտենալու համար EU4Digital-ը նպաստում է վերլուծությունների իրականացմանն ու խնդիրների վեր հանմանը, միմյանց հետ կապում է համագործակիցներին, փորձարկում է եղած լուծումները և ներկայացնում է առաջարկություններ:
Առևտրի ապագայի առնչությամբ մենք կարող ենք աչքի առաջ ունենալ հետևյալ լավագույն սցենարը.
Ստոկհոլմում (Շվեդիա) տեղակայված բիզնեսը հենց նոր առևտրային համաձայնություն է ձեռք բերել Օդեսայում (Ուկրաինա) տեղակայված բիզնեսի հետ: Երկու բիզնեսների ներկայացուցիչները ծանոթացել են EU4Digital-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային առևտրին նվիրված միջոցառման ժամանակ: Ապրանքներն ընտրվել են էլեկտրոնային կոմերցիայի առցանց շուկայի, իսկ փաստաթղթերը փոխանակվել և ստորագրվել են համակարգչային ցանցերի միջոցով: Պայմանագրերը կնքվել են, իսկ հաշիվ-ապրանքագրերի վճարումը կատարվել է առանց թղթի գեթ մեկ կտորի օգտագործման: Այս փաստաթղթերի կառավարումը շատ արագ և հեշտ է ստացվել, քանի որ օրենսդրությունը և տեխնիկական չափորոշիչնրեը մոտարկված են: Սա նշանակում է, որ չկան այնպիսի լրացուցիչ փաստաթղթեր, որոնց մասին բիզնեսները տեղյակ չեն եղել կամ դրանց հետ գործ ունենալու փորձ չեն ունեցել:
Բիզնեսները պայմանավորվել են ձեռք բերված ապրանքը բեռնել Շվեդիայում (մեկնման երկիր), որը ծովային ճանապարհով հասել է մինչև Բալթիկ ծով, իսկ հետո Լիտվայի (տարանցման երկիր) Կլայպեդա նավահանգստում վերստին բեռնվել է բեռնատարի մեջ: Այնուհետև բեռնատարը ձեռք բերված ապրանքն առաքել է Ուկրաինայի (նշանակման երկիր) Օդեսա քաղաք:
Շվեդիայում ապրանքները բեռնելիս բիզնեսներն էլեկտրոնային եղանակով ներկայացրել են մաքսային փաստաթղթերը: Սա արվել է նախքան ապրանքների սահման հասնելը: Մաքսային մարմինը կարողացել է նախապես ուսումնասիրել փաստաթղթերը և կատարել ռիսկերի գնահատում: Շվեդիայի, ինչպես նաև տարանցման ու նշանակման երկրների մաքսային մարմինների համար հեշտ է եղել համագործակցելը, քանի որ գործընթացները (օրինակ՝ պահանջվող փաստաթղթեր, ձևաչափեր) և հաղորդակցության համակարգերը մոտարկված են: Այս ամենը մաքսային գործառնությունները դարձրել է արագ և անվտանգ: Փոխադրամիջոցի ներսում հայտնված ապօրինի որևէ բան չի կարող աննկատ մնալ գործողություններ իրականացնող մաքսային մարմինների աչքից:
Ապրանքները սկսել են իրենց ճանապարհորդությունը Շվեդիայից՝ օգտագործելով ծովային փոխադրամիջոց: Լիտվայի նավահանգիստ հասնելուն պես հեշտ և արագ է ստացվել ապրանքը ցամաքային փոխադրամիջոցի մեջ տեղափոխելը: Դրա պատճառը Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած թվային տրանսպորտային միջանցքն է: Առևտրային կողմերի համար դա նշանակում է, որ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել անմիջապես, ուստի ստուգման և համաձայնեցման գործընթացները ևս արագ են կազմակերպվել:
Ամեն անգամ, երբ բեռնատարը հասել է սահմանին, ճանապարհը շարունակելու հետ կապված որևէ ուշացում տեղի չի ունեցել: Քանզի մաքսային գործարքները կնքվել են ճանապարհ ընկնելու սկզբին, իշխանությունները միայն ստուգել են, թե արդյոք ապրանքը կնքված է: Բեռնատարը շարժվում է առաջ:
Ի վերջո, բեռնատարը ժամանել է Ուկրաինայի Օդեսա քաղաք: Ապրանքները կնիքազերծվել և ստուգվել են: Բաեհաջող առաքման փաստը հաստատվել է էլեկտրոնային եղանակով, որպեսզի շվեդական կողմը կարողանա հեշտությամբ հետևել առաքմանը:
Երկու ընկերություններն անհամբեր սպասում են գործարար համագործակցության հետագա հնարավորություններին: