1. Ի՞նչ է EU4Digital-ն անում հեռահաղորդակցության ոլորտում
Հեռահաղորդակցության ոլորտում EU4Digital-ն օժանդակություն է ցուցաբերում միջազգային ռոումինգին վերաբերող խնդիրների լուծմանը և Արևելյան գործընկերության վեց երկրների միջև միջազգային ռոումինգի միասնական տարածքի ստեղծման շուրջ հնարավոր համաձայնությանը՝ ամրապնդելով ազգային կարգավորող մարմինների անկախության մակարդակն ու նպաստելով 700 ՄՀց հաճախության շերտի ազատականացմանը՝ ապագա շարժական օգտագործման, այդ թվում՝ 5G-ի համար:
2. Ռոումինգի համաձայնագիր. հրաշալի է հնչում: Արդյո՞ք դա նշանակում է, որ ճանապարհորդելիս մենք ռոումինգից կօգտվենք նույնպիսի պայմաններով, ինչ տանը, ինչպես դա անում են Եվրոպական միությունում
Ո՛չ, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը ռոումինգի կիրառվող սակագների էական իջեցում կապահովի Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Դա բջջային կապի ցանցերի բաժանորդներին թույլ կտա օգտվել ռոումինգի ավելի մատչելի ծառայություններից՝ Արևելյան գործընկերության երկրների տարածքում: Ելնելով ռոումինգի ոլորտում EU4Digital-ի անցկացրած ուսումնասիրության (2019թ.) վերջին արդյունքներից՝ ակնկալվում է, որ սակագները միջինում կնվազեն ավելի քան 80%-ով:
3. Արդյո՞ք այս ռոումինգի համաձայնագիրը գործելու է միայն Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Հնարավո՞ր է արդյոք, որ այն տարածվի նաև ԵՄ-ի վրա
Այո՛, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը գործելու է Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Այնուամենայնիվ, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների նախարարները պայմանավորվել են ուսումնասիրել միջազգային ռոումինգի ընդհանուր տարածք ունենալու, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ռոումինգի սակագների տնտեսապես կայուն իջեցման հնարավորությունը:
4. Ե՞րբ կարող ենք ակնկալել, որ մեր ռոումինգի հաշիվները կնվազեն
Սպասվում է, որ ռոումինգի տարածաշրջանային համաձայնագիրը կստորագրվի 2021 թ․ աշնանը և օրինական ուժի մեջ կմտնի 2022 թ․-ից` հաշվի առնելով առնվազն վեց ամիս տևողությամբ անցումային շրջանը: Անցումային այս ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի Արևելյան գործընկերության երկրները կատարեն ռոումինգի համաձայնագրի պահանջները, իսկ բջջային օպերատորները բավարար ժամանակ ունենան ճշգրտումների համար:
5. 700 ՄՀց շերտի ազատականացմամբ հաճախության վերաբաշխու՞մ: Ի՞նչ է դա իրականում նշանակում: Ի՞նչ փոփոխություն դա կբերի
Բջջային ցանցերի, ներառյալ 5G ծառայությունների ավելի լավ ծածկույթ: Հեռահաղորդակցության ոլորտում EU4Digital-ի գործունեության մի մասը կապված է 700 ՄՀց հաճախությամբ շերտի ազատականացման հետ՝ նպատակ ունենալով մշակել և իրականացնել Արևելյան գործընկերության վեց երկրներում 700 ՄՀց շերտի փոխարկման համակարգված մոտեցում՝ ԵՄ-ի ներսում գործադրվող ջանքերին ու ծրագրերին համահունչ: ԵՄ-ի ներսում գործադրվող ջանքերը բաղկացած են վերգետնյա հեռուստատեսային հեռարձակման ցանցերը 700 ՄՀց շերտից հեռացնելուց և այնուհետև նշված շերտն անլար հասանելիության լայնաշերտ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին և մասնավորապես 5G-ին ամրակցելուց:
Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի ծրագրերին համապատասխան շերտի օգտագործման փոխարկումը կօգնի խուսափել ինչպես Արևելյան գործընկերության երկրներում, այնպես էլ ԵՄ-ում բջջային ցանցերին վնասակար միջամտություններից: Այն կարող է նաև բազմաթիվ օգուտներ բերել ապագայում` կապված 5G-ի ներդրման հետ, այդ թվում` ավելի փոքրաթիվ բազային կայաններ տեղակայելու շնորհիվ ծախսերի նվազեցում, գյուղական բնակավայրերում ծածկույթի բարելավում և, ցանցի տեղակայման հետ կապված ծախսերի նվազեցմամբ պայմանավորված, ավելի ցածր սպառողական գներ:
6. Ինչո՞վ են զբաղվում կարգավորողները: Չէ՞ որ վերջիններս պետական մարմիններ են: Ինչո՞ւ պետք է դրանք անկախ լինեն
Ազգային կարգավորող մարմինները (ԱՀՏ) ազգային օրենսդրությամբ գործող կառույցներ են, որոնք լիազորված են կարգավորիչ գործառույթներ իրականացնել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Այս պետական մարմինները հավասարակշռություն են ապահովում արդյունավետ մրցակցության խթանման, ներդրումների ու սպառողների շահերի միջև՝ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության շուկաների, ծառայությունների և ցանցերի զարգացումը: Այսպիսով, կարգավորող մարմինները պետք է իրավական տեսանկյունից անջատ, իսկ գործառութային տեսանկյունից առանձին գործեն մյուս բոլոր գերատեսչություններից, որոնք կարող են անհարկի ազդեցություն ունենալ իրենց վրա, քանզի անկախությունը և անաչառ որոշումների կայացումն արդյունավետ գործառնող կարգավորիչ համակարգի հիմնարար տարրերն են:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ԱՀՏ-ների անկախության ամրապնդմանը՝ վերջնարդյունքում Արևելյան գործընկերության առնվազն հինգ երկրներում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի անկախ ազգային կարգավորող մարմիններ ունենալու նպատակով: