1. Ի՞նչ նշանակություն ունեն վստահությունը և անվտանգությունը՝ թվային ոլորտում: Արդյո՞ք խոսքը միայն կիբերանվտանգության մասին է
Վստահությունն իրենից ներկայացնում է այն հիմնական գաղափարը, որը մեր հասարակությանը թույլ է տալիս գործառնել: Այս հայեցակարգը կարող է տեղափոխվել թվային աշխարհ և հնարավորություն տալ մեզ վստահություն կառուցել ուրիշների հետ: Կիբերանվտանգությունն այս համատեքստում շատ կարևոր է, բայց այդ վստահության մթնոլորտի ձևավորումն իրապես հնարավոր դարձնող գործիքներ և տեխնոլոգիաներ ունենալը նույնքան կարևոր է, որքան որ այդ գործիքներն անվտանգ ճանապարհով օգտագործել կարողանալը:
Թվային վստահության ծառայությունները և թվային նույնականացման ծառայությունները ժամանակակից հասարակություններին ու ձեռնարկություններին օգնում են արագություն հաղորդել սոցիալական և բիզնես փոխազդեցություններին ու վստահություն կառուցել տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում՝ միաժամանակ անհատներին ու ընկերություններին օգնելով ավելի ցածր գործառնական ծախսերով արժեք ստեղծելու և իսկապես թվային լինելու հարցերում:
Թվային ստորագրության և էլեկտրոնային նույնականացման ծառայություններն այն երկու հիմնական պրոդուկտներն են, որոնք թափ են հաղորդում մասնակիցների միջև թվային փոխազդեցությանը, օրինակ` հանրային ծառայությունների, հարկերի վճարման կամ իրավաբանական պայմանագրերի ստորագրման ոլորտներում:
Որպես «EU4Digital» ծրագրի մի մաս՝ թվային վստահությունն ու կիբերանվտանգությունը կարևոր օժանդակ դեր են խաղում ու թվային տնտեսության և հասարակության բոլոր մյուս բնագավառներին հնարավորություն են տալիս անվտանգ կերպով արժեք ստեղծել:
2. Որքանո՞վ են զարգացած վստահությունն ու անվտանգությունն Արևելյան գործընկերության երկրներում: Արդյո՞ք տարածաշրջանը հետ է մնում այս ոլորտում ավելի առաջադեմ թվային տնտեսություններից, և ինչպիսի՞ն են դրա հետևանքները
Արևելյան գործընկերության երկրներն ունեն զարգացած տեխնոլոգիական հիմք, երբ խոսքը վերաբերում է վստահության ծառայություններին, այնինչ ԵՄ անդամ պետությունների համեմատությամբ հիմնական տարբերությունն այն է, որ ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը գործում է մյուսներից տարբերվող կարգավորիչ շրջանակի հիման վրա: Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև վստահության ծառայությունների միջսահմանային փոխճանաչումը որոշակի ջանքեր է պահանջում կարգավորիչ և կազմակերպչական շրջանակների ներդաշնակեցման ուղղությամբ՝ անհրաժեշտ համատեղելիության մակարդակի հասնելու համար, երբ խոսքը գնում է Արևելյան գործընկերության երկրների միջև փոխադարձ ճանաչման պատրաստակամության մասին:
3. Այսպիսով, ի՞նչ է անում EU4Digital-ը` վստահության և անվտանգության ոլորտում առկա բացերը լրացնելու ուղղությամբ
Վստահության և անվտանգության բնագավառում «EU4Digital» ծրագրի հիմնական նպատակներն են` վստահության ծառայությունների միջսահմանային փոխադարձ ճանաչման համար հնարավոր խնդիրները բացահայտելն ու այդ խնդիրների հաղթահարման ուղղությամբ գործնական գործողությունների ծրագիր և աջակցություն առաջարկելը:
4. Ո՞ր երկրների միջև է EU4Digital-ը փորձարկում էլեկտրոնային ստորագրության համակարգը: Ի՞նչ է այն իրականում ներառելու
Թվային վստահության ծառայությունների բնագավառում EU4Digital-ի պիլոտային ծրագրերը նպատակ ունեն ապացուցել, որ 21-րդ դարի ժամանակակից հասարակությունում գոյություն ունեն գործընթացներ, գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնք ի վիճակի են երկու երկրներին հնարավորություն տալ ճանաչել միմյանց թվային վստահության ծառայությունները՝ այդպիսով զարկ տալով և զարգացնելով նրանց միջև թվային տնտեսությունը:
Կիրականացվի երկու պիլոտային ծրագիր, որպեսզի ի ցույց դրվի համատեղելի ու համապատասխանող թվային ստորագրություններ դնելու ու վավերացնելու հնարավորությունը: Ծրագրերից մեկում կներգրավվեն Արևելյան գործընկերության երկու երկրներ՝ Ուկրաինան ու Մոլդովայի Հանրապետությունը, իսկ մյուսում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ մեկական երկրներ՝ Ուկրաինան ու Էստոնիան: Էլեկտրոնային ստորագրության (eSignature) պիլոտային ծրագիրը մեզ կօգնի վեր հանել կարգավորումների, կազմակերպչական և տեխնիկական տեսանկյուններից առկա բացերն ու խոչընդոտները, ինչը թույլ կտա ուրվագծել հետպիլոտային գործողությունների ծրագիր՝ միջսահմանային փոխճանաչման պահանջվող մակարդակին հասնելու համար: Նախատեսվում է, որ պիլոտային ծրագրերը կիրականացվեն 2020 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին:
5. Եթե պիլոտային ծրագիրն աշխատի, արդյո՞ք այն կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա: Վերջնարդյունքում կարո՞ղ ենք արդյոք հույս ունենալ, որ այն կընդգրկի ԵՄ ողջ տարածքը
ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների միջև միջսահմանային փոխճանաչումը Վստահության և անվտանգության թիմի վերջնական նպատակն է: Դա հավակնոտ, բայց հասանելի նպատակ է: Առաջին քայլերը կլինեն պիլոտային ծրագրերի ընթացքում քաղած դասերի հստակեցումն ու բոլոր գործընկեր երկրների հետ դրանցով կիսվելը, իրավական, կազմակերպչական և տեխնիկական պատրաստվածության հասնելու նպատակով տարածաշրջանի համար ընդհանուր ուղեցույցների մշակումը, որպեսզի այդ ընդհանուր ուղին հնարավոր լինի տեղայնացնել ու ներառել Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար ազգային ճանապարհային քարտեզներում:
6. Որո՞նք են կիբերանվտանգության հետ կապված հիմնական մարտահրավերները տարածաշրջանում: Ինչպե՞ս է EU4Digital-ն օգնում ճկունության ամրապնդմանը գործընկեր երկրներում
Արևելյան գործընկերության երկրների կողմից արդեն իսկ իրականացված պետական կանոնակարգերի, քաղաքականությունների և անվտանգության միջոցառումների վերլուծությունը թույլ է տվել հստակեցնել տարածաշրջանում կիբերանվտանգության հետ կապված հիմնական մարտահրավերները, որոնք են.
- Կիբեր ոլորտում որակավորված կադրերի և ռեսուրսների պակաս.
- Անբավարար հատուկ և համակարգված ֆինանսավորում.
- Ազգային կիբեր ռազմավարությունները կայացած չեն, ժամանակվրեպ են և համահունչ չեն ԵՄ-ի Ցանցային և տեղեկատվական համակարգերի անվտանգության հրահանգին (ՑՏՀ հրահանգ).
- Հնացած ազգային օրենսդրություն, որը չի համապատասխանում ԵՄ գործող օրենսդրությանը և կիբերանվտանգության չափորոշիչներին.
- Ազգային մակարդակում կիբերռիսկերի կանոնավոր գնահատումներ չեն իրականացվել.
- Ազգային մակարդակում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլաններ չեն մշակվել.
- Ազգային մակարդակում սահմանված չէ կամ թերի վիճակում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների (ԿՏԵ) ցանկը:
«EU4Digital» ծրագրի շրջանակներում ազգային իշխանությունների համար հստակեցվել և պատրաստվել են կիբերանվտանգության ոլորտում մի շարք լավ պրակտիկաներ և առաջարկություններ՝ ուղեցույցների տեսքով: Այս ուղեցույցները առաջարկություններ են ներկայացնում կիբերանվտանգության զարգացման և այդ ուղղությամբ միջոցառումների մշակման, իրականացման, գնահատման ու աջակցման արդյունավետ պրակտիկաների մասին: Դա կնպաստի գործընկեր երկրների միջև ավելի ուժեղ և կենսունակ կիբերտարածության ձևավորմանը և կնվազեցնի ցանցային տեղեկատվական համակարգերի խափանման կամ ձախողման ռիսկերը:
Ավելին, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում կիբերանվտանգության մասին մանրամասն ակնարկը (ներկա վիճակը, հիմնական մարտահրավերները և երկրների անհատական զեկույցներում ներկայացված հաջորդական գործողությունները) ավանդ կունենա «EU4Digital. Արևելյան գործընկերության երկրներում կիբերճկունության բարելավում» ծրագրում: