Թվային հմտությունների բացը շտկելու ուղղությամբ առաջին քայլը թվային հմտությունների և աշխատատեղերի առաջխաղացման ուղղությամբ իրազեկվածության բարձրացման և աջակցության համակարգված ջանքերի չափումն է: 2014 թվականից ի վեր, թվային տնտեսության և հասարակության ուղղությամբ առաջընթացը ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրում չափվում է Թվային տնտեսության և հասարակության համաթվի (DESI) և Թվային հմտությունների համաթվի (DSI) համաձայն: Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունում թվային շուկաների ներդաշնակեցման վերաբերյալ 2015 թվականին իրականացված ուսումնասիրությունը, որը գնահատման է ենթարկել ԵՄ միասնական թվային շուկայի հետ Արևելյան հարևանության տարածաշրջանում թվային շուկաների ներդաշնակեցման և ինտեգրման պատրաստվածությունը, հայտնաբերել է, որ տարածաշրջանում թվային հմտությունների ոլորտում եղած բացի համակարգված չափման մեխանիզմ գոյություն չունի:
«EU4Digital» ծրագիրը կաջակցի թվային հմտությունների չափմանը՝ Արևելյան հարևանության տարածաշրջանի համար ԵՄ պրակտիկաներին համահունչ ընդհանուր մեթոդաբանության մշակմամբ:
Թվային հմտություններին, իրազեկվածության բարձրացմանը և լավագույն պրակտիկաների ընդունմանն ու փոխանակմանն առնչվող նախաձեռնությունների համակարգումը կամրապնդվի Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմամբ ու Թվային աշխատատեղերի Եվրոպայի մեծ կոալիցիայում տարածաշրջանի ներառմամբ: Ներկայումս ազգային կոալիցիաներ են ստեղծվել երեք գործընկեր երկրներում՝ Հայաստանում (2017թ.), Ուկրաինայում (2019թ.) և Ադրբեջանում (2020թ.), մինչդեռ Մոլդովայում և Վրաստանում դրանք ստեղծման ճանապարհին են:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ազգային կոալիցիաների ստեղծմանը:
Վերջապես, կենսական կարևորություն ունի միկրոբիզնեսի և ՓՄՁ-ների աշխատուժի շրջանում թվային հմտությունների զարգացումը: ՓՄՁ-ներն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի տնտեսությունների համար, քանի որ դրանց բաժին է հասնում բոլոր ընկերությունների 99%-ը, թեև դրանք ապահովում են մասնավոր հատվածի զբաղվածության ընդամենը 57%-ը: Համեմատության համար հարկ է նշել, որ ԵՄ-ում ՓՄՁ-ները զբաղվածության ոլորտի շարժիչ ուժն են (նորաստեղծ աշխատատեղերի 85%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին): Իրենց ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար Արևելյան գործընկերության երկրներում գործող ձեռնարկատիրական և արագ զարգացող ՓՄՁ-ները կունենան բազմազան թվային իմացական կոմպետենցիաների անհրաժեշտություն, ինչպիսիք են՝ մեծ տվյալների վերլուծությունն ու գործիքակազմը, ամպային հաշվարկներն ու վիզուալացումը, բջջային հավելվածների մշակումն ու զարգացումը, վեբ ծրագրավորումն ու գործիքակազմը, ՏՏ ճարտարապետությունը և անվտանգային հմտությունները:
«EU4Digital» ծրագիրը կաջակցի ՓՄՁ-ների թվային հմտությունների բարելավմանը` Արևելյան հարևանության տարածաշրջանում ՓՄՁ-ների և միկրոբիզնեսների համար թվային կոմպետենցիաների միասնական շրջանակի մշակմամբ՝ հիմնված ԵՄ թվային կոմպետենցիաների շրջանակների վրա: