Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահությունը (eHealth) բնութագրում է ուղղակի որպես «առողջապահական նկատառումներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործում»: Առողջապահության ոլորտի մասնագետներն, իհարկե, մոտակա ժամանակներում չեն փոխարինվի տեխնոլոգիաներով, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կարող է օգնել բժիշկներին իրենց ամենօրյա աշխատանքում:
Էլեկտրոնային առողջապահության նպատակը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հիվանդների առողջության մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը և այդպիսով առողջապահական ծառայությունների շարունակականության ու որակի երաշխավորումն է՝ առողջապահության հետ կապված արդյունքների բարելավման համար:
էլեկտրոնային առողջապահության համակարգերն, օրինակ, թույլ են տալիս, որպեսզի՝
- առողջապահության ոլորտի մասնագետներն իրենց ուշադրության մեծ մասը կենտրոնացնեն հիվանդի, այլ ոչ թե ձևաթղթերի լրացման վրա.
- կրճատվի հիվանդների սպասելաժամանակը` առցանց գրանցման ակտիվացման միջոցով.
- դեղագործները վավերացնեն դեղատոմսերը և նվազագույնի հասցնեն թղթաբանական բեռը՝ օգտագործելով էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription (eP)) ծառայություններ:
Ըստ էության, էլեկտրոնային առողջապահությունը ներկայացնում է առողջապահական ծառայությունների մատուցման նոր եղանակներ, որոնք հեշտացնում են տարբեր առողջապահական հաստատությունների միջև համագործակցությունը և հնարավոր են դարձնում կարևոր տեղեկատվության փոխանակումը՝ ապահովելով հիվանդների հետ փոխգործակցության նոր ձևեր:
Դրա հիմքում ընկած է Էլեկտրոնային բժշկական քարտը (ԷԲՔ), որն ունի առանցքային դերակատարություն՝ խնամքի դեպքերի և այլ բնույթի տեղեկատվություն հավաքելով առողջապահական տարբեր ծառայություն մատուցողներից: Նպատակը յուրաքանչյուր անհատի համար միասնական, յուրատեսակ էլեկտրոնային բժշկական քարտի ապահովումն է՝ փոխգործելի ԷԲՔ ծառայությունների միջոցով:
Էլեկտրոնային առողջապահության լուծումներն, այսպիսով, բերում են բազմաթիվ օգուտներ` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շնորհիվ խնայելով առողջապահության ոլորտի մասնագետների ու հիվանդների ժամանակը, և տեղեկատվության ստեղծման, պահպանման և փոխանակման միջոցով խուսափելով կլինիկական ընթացակարգերի կրկնությունից: Առողջապահական տվյալների հասանելիությունը օգնում է նաև նորարարություններին՝ հնարավոր դարձնելով առողջապահական տվյալների վերլուծությունը, և աջակցում է հիվանդությունների կանխարգելման քաղաքականություններին՝ վեր հանելով հետագա խնդիրները: Համակարգը խթանում է նաև թափանցիկությունը, քանզի դրանում գրանցվում են առողջապահության գործընթացի մասնակիցների գործողությունները: Համակարգում տեղակայվում են նաև անվտանգության ստուգման գործիքներ՝ համապատասխան ընթացակարգերի պահպանումն ապահովելու համար: