Cable.co.uk-ի հետազոտության համաձայն՝ Արևելյան գործընկերության երկրներն աշխարհում ամենաէժան լայնաշերտ կապ ունեցող պետությունների թվում են. գնահատված 206 երկրների շարքում Ուկրաինան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Բելառուսը՝ հինգերորդ:
Ուկրաինան ԱլԳ տարածքում ամենաէժան երկիրն է, որտեղ միջին փաթեթի ամսական արժեքը կազմում է ընդամենը 6,64 ԱՄՆ դոլար: Վերջինիս հաջորդում են Բելառուսը՝ հինգերորդ տեղում (9,87 ԱՄՆ դոլար), Մոլդովան՝ 12-րդ տեղում (11,57 ԱՄՆ դոլար), Վրաստանը՝ 19-րդ տեղում (13,86 ԱՄՆ դոլար), Հայաստանը՝ 21-րդ տեղում (14,60 ԱՄՆ դոլար), իսկ Ադրբեջանն այս ցուցանիշով 25-րդն է աշխարհում (16,76 ԱՄՆ դոլար):
Ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ն աներկբայորեն լայնաշերտ կապի ամենաէժան տարածաշրջանն է աշխարհում, որի 12 երկրներից 11-ը հարմարավետորեն տեղավորվել են աղյուսակի առաջին կեսում, 9-ը՝ առաջին քառորդում, իսկ 4-ը՝ առաջին տասնյակում: Լայնաշերտ կապի ենթակառուցվածքները լավ զարգացած են տարածաշրջանի մեծ մասում և հիմնականում առանձնանում են առողջ մրցակցային շուկաներով: Բացառություն են կազմում միայն Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, որոնց համեմատաբար նոսր բնակչությունը քիչ է նպաստում լայնաշերտ կապի առողջ շուկայի զարգացմանը:
Զեկույցում ասվում է, որ թեև լայնաշերտ կապն Ուկրաինայում արագ է ու էժան, դրա օգտագործումը շարունակում է համեմատաբար ցածր մակարդակում գտնվել. ինտերնետ հասանելիություն ունի ազգաբնակչության շուրջ կեսը՝ համեմատած Մեծ Բրիտանիայի 90%-ի հետ:
Պատերազմով բզկտված Սիրիան առաջարկում է լայնաշերտ կապի միջինում ամենաէժան փաթեթներն աշխարհում (6,60 ԱՄՆ դոլար), բայց դա հիմնականում պայմանավորված է սիրիական ֆունտի շարունակական գահավիժմամբ, մինչդեռ հասանելի արագություններն անչափ ցածր են:
Տվյալ ցուցանիշով Միացյալ Թագավորությունն աշխարհում 71-րդն է, որտեղ միջին փաթեթի ամսական արժեքը կազմում է 35,71 ԱՄՆ դոլար, Ֆրանսիան՝ 49-րդն է (27.81 ԱՄՆ դոլար), իսկ Գերմանիան՝ 52-րդը (28,74 ԱՄՆ դոլար):
Միացյալ Նահանգներն ամենաթանկ արևմտյան երկրներից մեկն է, որը զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը, իսկ միջին փաթեթի ամսական արժեքն այստեղ կազմում է ուղիղ 50.00 ԱՄՆ դոլար:
Cable.co.uk-ի լայնաշերտ կապի սակագների համեմատության հարցերով փորձագետները 2019 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2020 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում վերլուծության են ենթարկել 206 երկրում իրականացված ֆիքսված լայնաշերտ կապի ընդհանուր առմամբ 3,095 գործարքներ:
Cable.co.uk. Ֆիքսված լայնաշերտ կապի արժեքը 206 երկրներում