Մեր օրերում, երբ ապացուցված է հեռավար ուսուցման, տնից աշխատելու, բիզնեսի շարունակականության և սոցիալական հարաբերությունների պահպանման համար կապակցելիության առաջնային կարևորությունը, որպես դրան հասնելու հավանական գործիք, վերլուծության են արժանի համընդհանուր սպասարկման կանոնները: Դրանք ապահովում են, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր կարողանա խելամիտ որակով և մատչելի գնով հիմնական կապի ծառայությունների հասանելիություն ստանա:
Մարտի 4-5-ին ԵՄ Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (Թայեքս) կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովի ընթացքում արևելյան գործընկեր երկրներից մասնակիցներին ներկայացվեցին Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգրքով նախատեսված ԵՄ համընդհանուր սպասարկման սկզբունքները: Այսպիսով, միջոցառման քննարկումների առանցքում անվտանգության ցանցի հարցն էր, որն ունիվերսալ ծառայությունների մատչելիության, հասանելիության և ֆինանսավորման հետ մեկտեղ նաև հիմնարար կապ է ապահովում բոլորի համար:
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՀՄ) ներկայացուցիչը ներկայացրեց զարգացող երկրներին հանդիպած համընդհանուր հասանելիության մարտահրավերներն ու Համընդհանուր սպասարկման հիմնադրամի խնդիրները՝ շեշտելով տվյալահեն և համագործակցային կարգավորման անհրաժեշտությունը` թվային դարաշրջանի նոր մարտահրավերները հաղթահարելու և հարափոփոխ ու երևան եկող առաջնահերթություններին արձագանքելու համար արագ հարմարման ունակ համաձայնեցված իրավական դաշտ ապահովելու համար:
Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) և ԵՄ անդամ երկրների փորձագետները ներկայացրեցին ԵՄ պրակտիկաների ընտրանի, որոնք հետագայում կարող են վերլուծվել արևելյան գործընկերների փորձագետների կողմից ու իրականացվել ըստ յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունների և կարիքների:
EU4Digital-ի «EaPConnect» ծրագիրը, ներկայացնելով ԱլԳ հետազոտական և կրթական համայնքների միացման գործում հաջողված արդյունքների մասին ակնարկը, կարևորեց այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել՝ ելնելով ծրագրի գործնական մարտահրավերներից: