EaPConnect-ը նշանավորել է STEM ոլորտում առանձնացած կանանց Արևելյան գործընկերության երկրներից

  • Ամսաթիվ: 24/01/23
  • Կիսվել:

Ի նշանավորումն իր գործունեության առաջին տարվա ավարտի՝ «EU4Digital՝ Հետազոտական և կրթական համայնքների միացում» (EaPConnect) ծրագիրն առանձնացրել է չորս կանանց, որոնց փորձը նպաստում է իր գործընկերների հաջողությանը և այն հետազոտական ու կրթական կազմակերպություններին, որոնց նրանք աջակցում են։ Կարճ տեսանյութերում կանայք խորհրդածում են գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության կամ մաթեմատիկայի (STEM) ոլորտներում իրենց կարիերայի և այն մասին, թե ինչպես լավագույնս ոգեշնչել աղջիկների հետագա սերունդներին՝ մուտք գործելու նման ոլորտներ:

Ի սկզբանե սոցիալական ցանցերում ավելի լայն արշավի շրջանակներում «Մարտահրավերների հաղթահարում», «Կին դերային մոդելներ և մենթորներ», «Ինչու՞ է բազմազանությունը կարևոր», «Կանանց ցանցերի ուժը» և «Խոսքեր ապագա սերունդների համար» վերնագրերի ներքո թողարկված տեսահատվածները կարելի է դիտել EaPConnect-ի վեբկայքում հրապարակված հոդվածում:

«Իմ կարիերայի սկզբում ես հանդիպել եմ մեծ քանակությամբ ոգեշնչող կանանց, ովքեր ցանցերի, վստահության և նույնականացման ու ծառայությունների ոլորտների պրոֆեսիոնալներ են», – հիշում է «EaPConnect» ծրագրի նախկին ղեկավար Իևա Մուրասկիենեն: «Նրանք բոլորը հարգանք են վայելում՝ շնորհիվ իրենց գիտելիքների և փորձի, և ես ուզում էի մի օր նույնը զգալ, իմա՝ ազդեցություն թողնել»: EaPConect-ի գործընկեր LITNET-ում նախկինում որպես ՏՏ մասնագետ աշխատած, իսկ այժմ NORDUnet-ի ռազմավարության և քաղաքականության պատասխանատու Իևան ասում է, որ կանայք կարող են լինել հիանալի առաջնորդներ, կարող են հասնել իրենց ուզած նպատակին և նրանց պետք է քաջալերել, որ գիտակցեն՝ իրենք ունակ են «ստիպել ցանկացած տեխնոլոգիայի աշխատել որպես ժամացույց»:

«Ես խորապես համոզված եմ, որ երբ խոսքը վերաբերում է գիտությանը, գենդերային բազմազանությունը մի շարք առավելություններ ունի», – ասում է EaPConnect-ի գործընկեր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Ինֆորմացիայի տեսության և վիճակագրական մոդելների բաժնի ղեկավար Մարիամ Հարությունյանը։ Նրա փորձը ցույց է տալիս, որ բազմազանությունը բարելավում է արդյունավետության, ստեղծագործականության ու նորարարության մակարդակները և ապահովում, որ ուսումնասիրությունները արտացոլեն ավելի լայն փորձ ու տեսակետներ: Հակառակ կարծրատիպերին՝ «ես ապացուցել եմ, որ գիտությունը, դասավանդումը, ընտանիքը և այլ զբաղմունքները կարելի է համատեղել»։

EaPConnect-ի գործընկեր RENAM-ից Եկատերինա Մատենկոն սկզբում կարծում էր, որ կիբերանվտանգության ոլորտում կարիերան անհասանելի է Մոլդովայի փոքր քաղաքից սերող աղջկա համար: Երբ նա միացավ RENAM-ին, նրա մտահորիզոնն ընդլայնվեց, քանզի նա ծանոթացավ ՏՏ ոլորտի բազմաթիվ ճյուղերից հաջողակ կանանց հետ: «Այդժամ ես աջակցություն զգացի, տեսա օրինակներ և կարողացա ոգեշնչվել դրանցից», – ասում է նա: Եկատերինան կարծում է, որ կանացի ցանցերի աջակցությունը շատ կարևոր է այն աղջիկների համար, ովքեր վստահ չեն իրենց նպատակների իրատեսական լինելու մեջ, բայց խանդավառված են հասնելու դրանց:

Կովկասի համալսարանի (Վրաստան) պրոֆեսոր Իրմա Խաչիձեի համար վերապատրաստումը գենդերային անհավասարության նվազեցման և STEM-ում կանանց ներկայացվածության բարձրացման բանալիներից մեկն է: Նա ականատես է եղել, թե ինչպես են իր իգական սեռի ասպիրանտները STEM-ի նկատմամբ հետաքրքրություն ներշնչում այլ երիտասարդ կանանց շրջանում: Բայց նա ընդունում է, որ ԵՄ ծրագրերը և գործնական միջոցառումներն ու խորհուրդները, որոնք մեծացնում են ինստիտուցիոնալ և ազգային հանդիպումներում ու սիմպոզիումներում կանանց ներկայացվածությունը, նույնպես կարևոր գործոններ են: Նա կոչ է անում բոլոր աղջիկներին, ովքեր հավակնություն ունեն մուտք գործել STEM. «Սկսեք՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է, հետո այն, ինչ հնարավոր է, և հանկարծ կհայտնաբերեք, որ անում եք «անհնարինը»»:

Նորություններ

Ցուցադրել բոլորը