«EaPConnect» ծրագիրը 2020 թվականի հուլիսի 1-ից մտնում է երկրորդ փուլ: GÉANT ասոցիացիայի համակարգմամբ և ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝ «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միջև կապի ապահովում» (EaPConnect2) 60-ամսյա ծրագիրը կմիավորի Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական համայնքներին և կնվազեցնի թվային խզվածքը:
Նոր ծրագիրը կհիմնվի առաջին «EaPConnect» ծրագրի նվաճումների վրա, որն ավելի մեծ ինտեգրում է ապահովել GÉANT-ի գործունեության, ծառայությունների և ցանցերի հետ, ինչպես նաև օգտակար է գտնվել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հետազոտությունների, կրթության և հանրության լայն շրջանակների համար.
- Ինտերնետ կապի սակագները Բելառուսում և Ուկրաինայում նվազել են մոտ 60%-ով, իսկ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ շուրջ 80%-ով՝ GÉANT-ի հետ համագործակցությամբ իրականացված գնումների շնորհիվ:
- Առաջին ծրագրի մեկնարկի պահի համեմատ՝ GÉANT-ի հետազոտությունների և կրթության համաեվրոպական ցանցի հետ ինտերնետ կապի հզորությունը Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում ավելացել է տասն անգամ, իսկ Հայաստանում՝ 7 անգամ:
- Միացած հաստատությունների թիվը զգալիորեն աճել է Վրաստանում (17%), Հայաստանում (26%) ու Ադրբեջանում (58%), իսկ համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների ու այլ հարակից հաստատությունների շուրջ 800,000 ուսանող, հետազոտող և աշխատող այժմ կարող են մուտք ստանալ EaPConnect-ի գործընկեր ցանցերի ու ծառայությունների նկատմամբ:
- Տրամադրված ցանցերից և ծառայությունների ընդլայնվող շրջանակից օգտվում են տարբեր բնագավառներ ներկայացնող գիտնականներ, ինչպիսիք են՝ տարրական մասնիկների ֆիզիկան, սեյսմոլոգիան, կլիմայագիտությունը, կենսաբժշկական գիտություններն ու խոսքի սինթեզը և ճանաչումը:
- Ծրագրի շրջանակներում ստեղծվել և ամրապնդվել են մարդկային ցանցեր, որոնցում ներգրավվել են չորս «EaPEC» համաժողովների և 30 դասընթացների ու աշխատաժողովների շուրջ 530 մասնակիցներ, ինչը շուրջ 500 մասնակիցներին միմյանց հանդիպելու և միասին սովորելու հնարավորություն է ընձեռել:
Երկրորդ «EaPConnect» ծրագիրը կզարգացնի ցանցային ենթակառուցվածքները՝ միջսահմանային գիտական փոխանակումներն ավելացնելու նպատակով, կավելացնի
EaPConnect-ի ներքո իրականացվող ծառայությունների օգտագործումը և կառաջարկի նոր ծառայություններ՝ հետազոտությունների և կրթության ոլորտում միջազգային համագործակցության բարելավելու նպատակով, ինչպես նաև կամրապնդի ԱլԳ ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ-ներ) դիրքն՝ իրենց ազգային հետազոտական և կրթական էկոհամակարգերում:
Ֆինանսավորում և գործընկերներ
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների գլխավոր տնօրինությունը (DG NEAR), ֆինանսավորելով EaPConnect-ի երկրորդ ծրագիրը, ծածկում է դրա ծախսերի 95%-ը (10 միլիոն եվրո): Մնացած 5%-ը համաֆինանսավորվում է վեց շահառու երկրների կողմից:
Երկրորդ «EaPConnect» ծրագրի շահառու գործընկերներն են՝ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ն (Հայաստան), ԱԳԱԱ ՏՏԻ-ն (Ադրբեջան), ԲԳԱԱ ԻՊՄԻ-ն (Բելառուս), GRENA-ն (Վրաստան), RENAM-ը (Մոլդովա) և URAN-ը (Ուկրաինա): Համաշահառու գործընկերներն են՝ DFN-ը (Գերմանիա), EENet-ը (Էստոնիա), LITNET-ը (Լիտվա), GRNET-ը (Հունաստան), GARR-ը (Իտալիա), PSNC-ն (Լեհաստան), RoEduNet-ը (Ռումինիա) և SURF-ը (Հունաստան): Առաջիկա համաժողովների, աշխատաժողովների, մենթորական սխեմաների և այլ համատեղ գործունեության շրջանակներում գործընկերները միասին աշխատելու են ծրագրի նպատակներին հասնելու և Արևելյան գործընկերության տարածաշրջանում հետազոտական և կրթական ցանցերի կայունության ապահովման ուղղությամբ:
«Ես ակնկալում եմ աշխատել բոլոր գործընկերների հետ` մեր աշխատանքը հաջորդ մակարդակի հասցնելու և ԵՄ-Արևելյան գործընկերություն համագործակցություններին, ինչպես նաև հասարակությանն ու տարածաշրջանում հետազոտական և կրթական համայնքներին հավելյալ օգուտներ ապահովելու նպատակով»,- ասել է «EaPConnect» ծրագրի ղեկավար Վերոնիկա Դի Լունան (GÉANT):
Լրացուցիչ տեղեկատվություն «EU4Digital» նախաձեռնությունը նպատակ ունի Եվրոպական միության Միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը` տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով: Նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների իջեցմանը, գերարագ լայնաշերտ կապի զարգացմանը՝ տնտեսական խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով, համակարգված
կիբերանվտանգությանն ու հասարակությունում թվային կառուցակարգերի ներդաշնակեցմանը՝ լոգիստիկայից մինչև առողջապահություն, հմտությունների բարելավմանը և թվային ոլորտում աշխատատեղերի ստեղծմանը:
GÉANT ասոցիացիան անդամության վրա հիմնված կազմակերպություն է, որն իր անդամների հետ միասին (և հանուն վերջիններիս) հետազոտությունների և կրթության ցանցերի հետագա զարգացման ուղղությամբ գործունեություն է ծավալում Եվրոպայում և աշխարհում: GÉANT-ը մրցանակակիր, բարձր թողունակության, գերարագ և խիստ ճկուն համաեվրոպական կապուղու միջոցով փոխկապակցում է Եվրոպայում գործող ազգային հետազոտական և կրթական ցանցի (ԱՀԿՑ) կազմակերպություններին` միմյանց հետ կապելով Եվրոպայի հետազոտողներին, գիտնականներին ու ուսանողներին, ինչպես նաև վերջիններիս կապելով աշխարհի երկրների գրեթե կեսի հետ: