EaPeReg-ի հետ «EU4Digital» ծրագրի II փուլի առաջին հանդիպման ժամանակ գնահատվել է հեռահաղորդակցության կանոնների ուղղությամբ EU4Digital-ի գործունեությունը

  • Ամսաթիվ: 14/11/22
  • Կիսվել:

Ուսուցումը, գործնական կապերի ընդլայնումը և համագործակցությունն առանցքային նշանակություն ունեն հեռահաղորդակցության կանոնների ուղղությամբ «EU4Digital» նախաձեռնության հաջող գործունեության համար: Այսպիսի եզրահանգում է արվել Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցին (EaPeReg) «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում վերջին ձեռքբերումներն ու ապագա նպատակները ներկայացնելու ժամանակ, որը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Սա «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտին առնչվող առաջին հանդիպումն էր «EU4Digital» ծրագրի II փուլի շրջանակներում։

Միջոցառմանն անձամբ կամ առցանց կարգով միացել էին 25 փորձագետ, այդ թվում՝ EU4Digital-ի «Հեռահաղորդակցության կանոններ» թիմից ու EaPeReg-ից, Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Մոլդովա) և ԵՄ անդամ երկրներից (Չեխիա, Իռլանդիա, Լիտվա, Լատվիա և Ռումինիա): Նրանք գնահատեցին «EU4Digital» ծրագրի I փուլի շրջանակում «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում  ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի II փուլի շրջանակում անելիքները: Առաջին փուլի գործունեության վերլուծությամբ պարզվեց, որ կարևոր նշանակություն ունեն լավագույն պրակտիկաների ուսումնասիրությունը, ամուր ներքին ցանցի ստեղծումն ու ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող հակամարտությունը՝ մասնակիցներն ընդունեցին, որ II փուլի գործունեությունը ճկունություն և հատուկ մոտեցում կպահանջի։

«EU4Digital» ծրագրի II փուլի շրջանակում «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությամբ գործունեությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել միջազգային ռոումինգի, լայնաշերտ կապի և սպեկտրի թեմաները: Որպես հիմք է ընդունվելու I փուլում իրականացված աշխատանքը, այն է՝ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (ՏՌՀ) և Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրի (ՏՍՀ) իրականացման մոնիտորինգը և աջակցությունը, Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ երկրների միջև ռոումինգի համաձայնագրերի մշակումը, լայնաշերտ կապի շուկայի վերլուծության պատրաստումը և այլն։

Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները հաստատեցին ՏՌՀ և ՏՍՀ համաձայնագրերը ստորագրելու իրենց պատրաստակամությունը։ ՏՍՀ համաձայնագրի հավանական ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, մինչդեռ ՏՌՀ-ի ստորագրման վերաբերյալ մանրամասները կհաստատվեն ավելի ուշ: Համաձայնագրերի ստորագրումը EU4Digital-ին հնարավորություն կտա աջակցել և մոնիտորինգի ենթարկել դրանց իրականացումը II փուլի ողջ ընթացքում:

2019 թվականից ի վեր Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում ապահով և կայուն թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքների զարգացման ջանքերին: «EU4Digital» ծրագիրը «EU4Digital» նախաձեռնության կենտրոնական ծրագիրն է: «EU4Digital» ծրագրի II փուլը պաշտոնապես մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին և նախատեսվում է շարունակել մինչև 2025 թվականը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը