2020 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի առցանց աշխատաժողով` նվիրված Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրին (ՏՍՀ): Ճանապարհորդական սահմանափակումների պահպանման պատճառով միջոցառումը կազմակերպվել էր վիրտուալ հարթակում` Սպեկտրի փորձագիտական աշխատանքային խմբի կողմից և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ:
Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ազգային մակարդակով անցկացվող խորհրդատվությունների արդյունքները և մշակել ՍՏՀ-ի վերջնական տարբերակը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց իրերի ներկա դրությունը՝ ՍՏՀ-ի ստորագրման, ինչպես նաև 700ՄՀց և 3.4-3.8 ԳՀց հաճախության գոտիների ազատման տեսանկյունից: Բացի այդ, դիտարկվել է ՍՏՀ-ի ներկա տեքստը և քննարկվել են աշխատաժողովի մասնակիցների արձագանքները, ինչպես նաև ՍՏՀ-ի ստորագրման և 700 ՄՀց հաճախության գոտու ազատման հետ կապված հետագա քայլերը:
ՍՏՀ-ի պատրաստումը մեկնարկել է 2019թ.-ի դեկտեմբերին, իսկ դրա նախնական տարբերակն արդեն իսկ անցել է Սպեկտրի փորձագիտական աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ խորհրդակցությունների երկու փուլով: Ակնկալվում է, որ ՍՏՀ-ի վերջնական տարբերակն Արևելյան գործընկերության երկրների կողմից կհամաձայնեցվի և կհաստատվի Թվային շուկաների ներդաշնակեցմանը նվիրված պանելային քննարկմանը: ՍՏՀ-ի ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին՝ ԱլԳ 4-րդ նախարարական հանդիպման շրջանակում:
Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրը սպեկտրային ռեսուրսների ներդաշնակեցված օգտագործում կապահովի գործընկեր երկրների շրջանում և վերջիններիս ու ԵՄ-ի միջև: 700 ՄՀց հաճախության գոտու ազատումը բջջային ցանցերի, մասնավորապես՝ ապագա 5G ծառայությունների ավելի լավ ծածկույթ կապահովի: