Արևելյան գործընկերները հանձն են առնում մինչև դեկտեմբեր ամիսը վերջնական տեսքի բերել ռոումինգի և սպեկտրի համաձայնագրերը

  • Ամսաթիվ: 24/09/21
  • Կիսվել:

Արևելյան գործընկեր վեց երկրների ներկայացուցիչները հանձն են առել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի և՛ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը, և՛ Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրը 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ պատրաստ լինեն ստորագրման:

Նշված հանձնառությունը ստանձնվել է երկու համաձայնագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ֆորումի ժամանակ, որը ս.թ. սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների EaPeReg ցանցը, և որին իրենց մասնակցությունն էին բերել բոլոր վեց գործընկեր երկրների համապատասխան կազմակերպությունները:

Երկու համաձայնագրերը «EU4Digital» նախաձեռնության հիմնական առաջնահերթություններից են: Ակնկալվում է, որ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը հինգ տարվա ընթացքում գրեթե 90 տոկոսով կնվազեցնի ռոումինգի արժեքը արևելյան գործընկեր երկրներում, իսկ դրա ընդհանուր դրական ազդեցությունը գնահատվում է 4,6 մլն եվրո: Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրն էլ հնարավորություն կտա ներդաշնակեցնել Արևելյան գործընկերության տարածաշրջանում 5G տեխնոլոգիայի զարգացման հիմնական հաճախականությունների տիրույթները` արագացնելով գերարագ շարժական տեխնոլոգիաների տեղակայումը գործընկեր երկրներում:

Շահագրգիռ կողմերի ֆորումին մասնակցում էին արևելյան գործընկեր երկրների կազմակերպությունների, ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական հանձնաժողովի 84 ներկայացուցիչներ:

Մասնակիցները նաև տեղեկացան կարգավորիչ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: «EU4Digital» ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ աշխատանքը կեզրափակվի յուրաքանչյուր գործընկեր երկրի համար օրենքի նախագծերի պատրաստմամբ, որոնք կբարելավեն ազգային կարգավորող մարմինների կարողությունները և կնպաստեն ռոումինգի և սպեկտրի համաձայնագրերի իրականացմանը, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության շուկաներում մրցակցության խթանմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը