Մոլդովայի Հանրապետության կրթության, մշակույթի և հետազոտությունների նախարարությունը` Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության աջակցությամբ, հոկտեմբերի 21-ին կազմակերպել էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) Հետազոտությունների և նորարարությունների ամենամյա համաժողովը, որը նվիրված էր ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև նշված ոլորտում համագործակցությանը 2020 թվականից հետո:
Համաժողովին մասնակցում էին Մոլդովայի Հանրապետությունն ու Եվրոպական հանձնաժողովը ներկայացնող նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, հետազոտությունների ու նորարարությունների համար պատասխանատու մարմինների ավելի քան 100 ներկայացուցիչներ, ինչպես նաև հետազոտողներ և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ԱլԳ վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա):
Մոլդովայի Հանրապետության կրթության, մշակույթի և հետազոտությունների նախարար Լիլիանա Նիկոլաեսկու-Օնոֆրեյն իր խոսքում թվարկեց հետազոտությունների և նորարարությունների բնագավառներում երկրի հիմնական ձեռքբերումները, այդ թվում՝ Եվրոպական հետազոտական տարածքում Մոլդովայի Հանրապետության ինտեգրման ազգային ճանապարհային քարտեզի և Հետազոտությունների ու նորարարությունների 2020-2023թթ. ազգային ծրագրի հասատումը, ինչպես նաև Եվրոպական միության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրին միանալը: «Մեզ համար նոր մարտահրավեր է հետազոտությունների և նորարարությունների ոլորտում հաջորդ ծրագրին` «Հորիզոն Եվրոպային» միանալը: Դա կնշանակեր Մոլդովայի Հանրապետության հետագա ինտեգրում Եվրոպական հետազոտական տարածքում»,- ավելացրեց նա:
Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Սիգնե Ռատսոն ասաց, որ Եվրոպական հետազոտական տարածքը կենտրոնացած է բաց գիտության և բաց նորարարությունների սկզբունքի վրա, իսկ Արևելյան գործընկերությանը լուծումներ է առաջարկում սոցիալական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Եվրոպական միության նոր շրջանակային ծրագիրը՝ «Հորիզոն Եվրոպա»-ն, կնպաստի գիտության և տեխնոլոգիաների ամրապնդմանը` հնարավորություն ստեղծելով արձագանքել այնպիսի գլոբալ մարտահրավերներին, ինչպիսիք են առողջապահությունը, ծերացումը, անվտանգությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և կլիմայի փոփոխությունը: «Մենք տեղյակ ենք ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին, բայց որտեղ կա կամք, կլինի նաև ճանապարհ, իսկ Մոլդովայի Հանրապետությունն ունի այդպիսի կամք»:
Համաժողովը կարևորեց հետազոտական ու նորարարական զարգացումներն ԱլԳ երկրներում, հետազոտողների և հաստատությունների համար հասանելի ԵՄ ծրագրերը, ինչպես նաև հետազոտական և նորարարական ծրագրերում ԱլԳ գործընկեր երկրների գործողությունները:
«EU4Digital» նախաձեռնության ներքո Եվրոպական միությունը նաև օժանդակում է Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանում ՏՀՏ հետազոտությունների, ստարտափ և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ լավագույն փորձի և պրակտիկաների վրա: