Նոյեմբերի 12-ին Վիլնյուսում (Լիտվա) կայացած Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg ցանց) Ռոումինգի շահագրգիռ կողմերի հանդիպման շրջանակներում համաձայնեցվել են Արևելյան գործընկերության երկրների համար տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները: Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև 2020 թվականի ավարտը:
Ռոումինգի շահագրգիռ կողմերի հանդիպումը «EaPeReg» ցանցի Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (ՌՓԱԽ) մշտական նախաձեռնությունն է, որը նախագահում են Ուկրաինայի կապի և տեղեկատվայնացման պետական կարգավորման ազգային հանձնաժողովի ու Լիտվայի Հանրապետության հաղորդակցության ոլորտի կարգավորող մարմնի (ՀԿՄ) ներկայացուցիչները: ՌՓԱԽ աշխատանքային խումբը պատասխանատու է նախաձեռնության իրականացման համակարգման համար, որն Ուկրաինայի կողմից ներդրվել է 2015 թվականին՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների համար ընդհանուր ռոումինգի տարածության ձևավորման նպատակով:
Վիլնյուսում կայացած հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները բանակցություններ են վարել Արևելյան գործընկերության համապատասխան նախարարությունների հետ և պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱլԳ վեց երկրների միջև ստորագրվելիք տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքների շուրջ: Տվյալ համաձայնագրի նպատակը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև ռոումինգի գների ներդաշնակեցումը և իջեցումն է: Հանդիպումից հետո կկազմվի համաձայնագրի նախագիծը, որից հետո տեղի կունենան ազգային մակարդակում հանրային քննարկումներ՝ օպերատորների և իրավասու մարմինների հետ: Նախատեսվում է, որ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը կստորագրվի մինչև 2020 թվականի ավարտը:
Մյուս հատկանշական փուլը, որը կարևոր է ԵՄ-ի հետ ԱլԳ երկրների սոցիալական և տնտեսական ինտեգրման առավել ընդգրկուն համատեքստում, ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ռոումինգի տարածության ստեղծումն է: 2019 թվականի փետրվարի 28-ին Բուխարեստում կայացած «Թվային տնտեսություն» խորագրով Արևելյան գործընկերության երկրների երրորդ նախարարական հանդիպմանը կատարվել է այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը. շահագրգիռ կողմերը պայմանավորվել են քննարկումներ սկսել ԱլԳ և ԵՄ տարածաշրջանների միջև ռոումինգի սակագների իջեցման նախաձեռնության իրականացման շուրջ, ինչպես նաև ձեռնարկել իրագործելիության ուսումնասիրություն: Այս հավակնոտ նպատակը քաղաքական առավել լայն մակարդակով ներկայացնելու նպատակով ռոումինգի շահագրգիռ կողմերի հանդիպումից հետո կազմակերպվեց հատուկ բրիֆինգ՝ ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների դեսպանների համար: Բրիֆինգի մասնակիցներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի
Մոլդովայի, Ուկրաինայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի և Գերմանիայի դեսպաններին և ներկայացուցիչներին, ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն՝ ԱլԳ վեց երկրների միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ստորագրման ներկա վիճակի և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ: Մասնակիցները նաև տեղեկացվեցին նախաձեռնության հաջորդ փուլի՝ ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ռոումինգի տարածության ստեղծման մասին:
Ռոումինգի շահագրգիռ կողմերի հանդիպումը կազմակերպվել էր Լիտվայի Հանրապետության հաղորդակցության ոլորտի կարգավորող մարմնի կողմից՝ Ուկրաինայի կապի և տեղեկատվայնացման պետական կարգավորման ազգային հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: