Թվային անցմանն օժանդակությունն ընկած է հետագա տարիներին ԵՄ արևելյան գործընկերների հետ համագործակցության առաջնահերթությունների հիմքում: Դրանք նախանշված են հուլիսի 2-ին հրապարակված «Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» փաստաթղթում:
Oրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված «Արևելյան գործընկերության ապագան» տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների և երաշխիքային միջոցներից բաղկացած բյուջեով, որոնք կարող են հավաքագրել մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Եվրամիության առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում` 2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում:
Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարել միակցվածության ուղղությամբ, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային փոխակերպումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։
Առաջարկը տասը հիմնական թիրախային նպատակ է ներառում 2025 թվականի համար, որոնք ընտրվել են համագործակցության բոլոր գերակա ոլորտներում հստակ պարտավորություններ սահմանելու համար: ԱլԳ թվային փոխակերպման առնչությամբ թիրախային նպատակը հետևյալն է.
- Գերարագ ինտերնետ. տնային տնտեսությունների առնվազն 80 տոկոսն ունի գերարագ ինտերնետի մատչելի հասանելիություն: Հատուկ ուշադրություն է դարձվելու գենդերային հավասարությանը, քաղաքների և գյուղերի միջև խզվածքի հաղթահարմանը և սոցիալական ներառականությանը:
Այս ոլորտում 2025 թվականի համար մյուս կարևոր թիրախային նպատակներն են.
- Միջազգային ռոումինգ. գործընկեր երկրներում միջազգային ռոումինգի մանրածախ գների իջեցում առնվազն 80 տոկոսով` Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (պետք է ստորագրվի 2021 թվականին) կիրարկմամբ: ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր միջազգային ռոումինգի տարածության ստեղծման հնարավորության ուսումնասիրության շարունակում։
- 5G ցանցերի ապահովում՝ ԵՄ համակարգված մոտեցմանը մոտարկելու, 5G ցանցերի և ծառայությունների համար համաչափ, պատշաճ ու ռիսկերի գնահատման վրա հիմնված անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու և հաճախականությունների տիրույթները բջջային օպերատորների համար ազատելու միջոցով: ԱլԳ երկրների շրջանում լիարժեքորեն կկիրառվի տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրը (պետք է ստորագրվի 2021 թվականին):
- էլեկտրոնային կառավարում. պետական ծառայությունների առնվազն 80 տոկոսը փոխգործելի հարթակների միջոցով հասանելի կլինեն առցանց: ԱլԳ առնվազն չորս երկիր միմյանց և ԵՄ-ի հետ կունենան փոխադարձաբար ճանաչված թվային ստորագրություններ, իսկ սահմանից դուրս փոխանցվող փաստաթղթերի 30 տոկոսը կրելու են թվային ստորագրություն: Պետք է գործեն առնվազն չորս թվային տրանսպորտային միջանցքներ, որոնք կլրացնեն TEN-T ցանցը, ընդ որում՝ սահմանից դուրս փոխանցվող լոգիստիկ փաստաթղթերի 30 տոկոսը կրելու են թվային ստորագրություն:
- Թվային տնտեսություն և նորարարություններ. ԵՄ-ի հետ անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ավելացում 50 տոկոսով։ ԱլԳ մեկ միլիոն քաղաքացիների թվային կարողությունների զարգացում՝ թվային կրթության հարթակի ստեղծմամբ։ 100 միլիոն եվրոյի ներդրում՝ թվային նորարարությունները խթանելու և բարձր արդյունավետության թվային ստարտափներին աջակցելու, ինչպես նաև համապատասխան բարձրակարգ աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու համար:
- Կիբերդիմակակունություն – կիբերանվտանգություն. ԱլԳ բոլոր երկրներում կիբերանվտանգության՝ ԵՄ օրենսդրության և ուղեցույցների հետ համատեղելի ինստիտուցիոնալ, քաղաքական և օրենսդրական շրջանակների ստեղծում։ ԱլԳ բոլոր երկրներում ENISA կիբերսպառնալիքների լանդշաֆտային մեթոդաբանության ներդրում։ Տվյալների պաշտպանության Եվրոպական միության և միջազգային ստանդարտներին մոտարկման խթանում։
Բացի այդ, թվային փոխակերպումն արդիական է նաև այլ գերակա ոլորտներում, ինչպիսիք են՝ թվային անցում կատարելու գործում ՓՄՁ–ներին աջակցելը, կրթության և ուսուցման թվայնացմանն ու երիտասարդների շրջանում թվային հմտությունների զարգացմանն աջակցելը, հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ներդրումներ կատարելն ու թվային գործիքներին և էլեկտրոնային առողջապահական ծառայություններին աջակցելը։
Ի նպաստ թվային անցման վրա այսպիսի ուշադրության կենտրոնացմանը՝ տնտեսական և ներդրումային պլանը կներգրավի մինչև 1,5 միլիարդ եվրոյի հնարավոր ներդրումներ՝ լայնաշերտ ինտերնետային ենթակառուցվածքի (օպտիկական մանրաթել, շարժական համակարգեր) զարգացման և արդիականացման համար, մասնավորապես՝ հեռավոր և գյուղական բնակավայրերում՝ երկրի ներսում առկա թվային խզվածքը նվազեցնելու նպատակով: ԵՄ-ն կաջակցի նաև թվային ծառայությունների էկոհամակարգերի զարգացմանը:
Պլանով նախատեսվում է 100 միլիոն եվրո ներդնել Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնման նախաձեռնության (DISC) միջոցով՝ թվային նորարարությունների ու բարձր արդյունավետության թվային ստարտափների խթանման և համապատասխան բարձրակարգ աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու համար: DISC նախաձեռնությամբ կամրապնդվի նաև ստարտափների զարգացման և ֆինանսական կարողությունների հասանելիության բարելավման ԱլԳ էկոհամակարգը (սաղմնային ֆինանսավորում, բիզնես հրեշտակներ և վենչուրային կապիտալ): Եվրամիության «Կոպեռնիկուս» ու «Գալիլեո» տիեզերական ծրագրերի անվճար և բաց տվյալների ու ծառայությունների յուրացումը հետագա խթան կհանդիսանա թվային ստարտափների համար և հնարավորություն կտա ստեղծել տեղական պայմաններին հարմարեցված լուծումներ և հավելվածներ:
Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։
Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որոնք համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:
Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը:
Լրացուցիչ տեղեկություններ
Տեղեկատվական թերթիկ: Ապագա առաջնահերթություններ
Տեղեկատվական թերթիկ: «20 թիրախային արդյունք 2020-ի համար» օրակարգի ձեռքբերումները
Հարցուպատասխան: Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո