Արևելյան գործընկերության երկրներում գործող ստարտափները կլինեն այն կազմակերպությունների թվում, որոնք կօգտվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Բալթյան երկրներում գործունեություն ծավալող առաջատար աքսելերատորի՝ «Startup Wise Guys»-ի միջև նոր գործընկերությունից:
ՎԶԵԲ տարածաշրջանների՝ ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech / Ֆինտեխ) ոլորտում գործող ընկերությունները հատուկ վեբ կայքի միջոցով կարող են դիմել աքսելերատորային ծրագրին, որը նորագույն ֆինանսական տեխնոլոգիաները համատեղում է Բանկի նպատակների հետ` մրցունակ և կայուն տնտեսությունների զարգացումը խթանելու համար: Այս ծրագիրը նախատեսված է ֆինանսական տեխնոլոգիաների լայն սպեկտրի համար, ներառյալ՝ ցանկացած ֆինտեխ լուծման, որը կարող է նպաստել Covid-19-ից հետո վերականգնմանը:
Հաջողակ թեկնածուները ոչ միայն կմասնակցեն հնգամսյա ինտենսիվ դասընթացների ծրագրին, այլև, կախված իրենց հասունության մակարդակից, մինչև 100,000 եվրո ներդրումներ կներգրավեն Startup Wise Guys-ից, ինչը կարող է դառնալ նրանց առաջընթացի բանալին: Մենթորների միջազգային խումբն էլ կկիսվի փորձով ու խորհուրդներով:
Ֆինտեխ աքսելերատորի ծրագիրը փնտրում է ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), սեփականության տեխնոլոգիաների (PropTech), կարգավորող տեխնոլոգիաների (RegTech), ապահովագրական տեխնոլոգիաների (InsurTech), վերլուծության և կիբերանվտանգության ոլորտներում գործող ստարտափների ու կարող է նաև բավարարել ձևավորման վաղ փուլում գտնվող, ինչպես նաև ավելի հասուն թիմերի կարիքները:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը:
Ստարտափ ծրագիրը կմեկնարկի հոկտեմբեր ամսին՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Թայվան Բիզնես – ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից: Սա մշտական հիմունքներով գորրծող ծրագիր է, որը համատեղում է տեղային և առցանց մոդուլներ: Թեև ծրագիրը տեղի կունենա Լիտվայում, հայտատուների համար աշխարհագրական սահմանափակում գոյություն չունի: Խրախուսվում է ՎԶԵԲ ցանկացած տարածաշրջանից, այդ թվում՝ Արևելյան գործընկերության վեց երկրներից ստարտափների մասնակցությունը: Հաջողակ դիմորդները կտեղավորվեն, այսպես
կոչված, «ՎԶԵԲ-ի կոհորտա»-ում, որը կենտրոնացած է Բանկի նպատակների հետ համաձայնեցված լուծումների մշակման վրա:
Startup Wise Guys-ը վաղ փուլի առաջատար աքսելերատորներից մեկն է, որը 2012 թվականից ի վեր գործարկել է 19 աքսելերատոր ծրագիր՝ 45 երկրներից հիմնադիրների և ավելի քան 200 միջազգային մենթորների աջակցությամբ: Այն ներառվել է Եվրոպայի լավագույն 10 աքսելերատոր ծրագրերի շարքում, իսկ 2019 թվականին ճանաչվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն վենչուրային հիմնադրամ:
Startup Wise Guys-ի համար սա կլինի ֆինտեխ ուղղվածությամբ թվով չորրորդ աքսելերատոր ծրագիրը, և առաջինը՝ ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ: ՎԶԵԲ-ի համար, որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարություններին ակտիվորեն աջակցում է ֆինանսական տեխնոլոգիաների իրավակարգավորող դաշտի բարելավման հարցում (օրինակ՝ ստեղծելով կարգավորիչ ավազաններ, որտեղ ֆինտեխ լուծումները հնարավոր կլինի փորձարկել գործող կարգավորիչ միջավայրում՝ ճանապարհային քարտեզների ձևավորմամբ և քաղաքականության այլ գործողություններում ներգրավմամբ), տվյալ գործընկերությունը քայլ առաջ է՝ Բանկի տարածաշրջաններում ֆինտեխ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:
«Մենք ուրախ ենք Startup Wise Guys-ի հետ այս նոր համագործակցությունը սկսելու կապակցությամբ` Թայվան Բիզնես – ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի օգնությամբ ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում ֆինտեխ ստարտափ միջավայրը զարգացնելու նպատակով: Որպես անցումային բանկ՝ մեզ առաջ տանողը մեր տնտեսությունների առաջընթացն է, իսկ ֆինտեխն այդ գործընթացի նոր՝ ոգևորիչ բաղկացուցիչն է: Startup Wise Guys-ի հետ գործակցությունը նոր ուղղություն է տալիս այս աշխատանքին, որի միջոցով մենք կարող ենք մեր տարածաշրջաններում խթանել նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև փորձել անդրադառնալ ՎԶԵԲ-ի համընդգրկուն ռազմավարական նպատակներին», – ասել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների հարցերով ՎԶԵԲ ասոցացված տնօրեն Յացեկ Կուբասը: