«EU4Digital» ծրագիրը դեկտեմբերի 9-ին կայացած վիրտուալ միջոցառման ժամանակ ցուցադրել է իր eDelivery պիլոտային ծրագիրը, որը նախատեսված է Ուկրաինայի և Լեհաստանի միջև հաշիվ – ապրանքագրերի տվյալների միջսահմանային փոխանակման համար:
Էլեկտրոնային առևտրի 9-րդ ցանցային աշխատաժողովին զուգահեռ անցկացված վիրտուալ ցուցադրությունը մեկտեղել էր ավելի քան 50 մասնակիցների ինչպես արևելյան գործընկեր երկրներից, այնպես էլ՝ Եվրոպական միությունից: Մասնակիցների թվում էին՝ EU4Digital–ի էլեկտրոնային առաքման հարցերով փորձագետներ, էլեկտրոնային առևտրի ցանցի միջսահմանային աշխատանքային խմբի անդամներ, Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներ և արևելյան գործընկեր երկրների նախարարություններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ ներկայացնող տարբեր մասնակիցներ:
«EU4Digital» ծրագրային թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե – Տամոսյունիենեն ներկայացրեց միջոցառումը, որը գործնական հայացք էր առաջարկում առ eDelivery (էլեկտրոնային առաքում) պիլոտային ծրագիրը՝ մասնակիցներին հնարավորություն տալով քայլ առ քայլ պատկերացում կազմել, թե ինչպես է տեղի ունենում էլեկտրոնային հաշիվ – ապրանքագրերի փոխանակումն eDelivery լուծման միջոցով: EU4Digital–ի ավագ փորձագետներ Յոնաս Զալինկեվիչուսն ու Ռիսարդաս Բեդուլսկիսը ներկայացրեցին երկու պիլոտային երկրների՝ Ուկրաինայի և Լեհաստանի միջև գործերի ընթացքը։
Ուկրաինայի և Լեհաստանի միջև eDelivery պիլոտային ծրագրի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 9-ին, երբ նախապես ընտրված ներմուծող և արտահանող չորս ընկերությունների միջև տեղի ունեցավ ստանդարտացված հաշիվ – ապրանքագրերի տվյալների հաջող փոխանակում։ Ցուցադրության շրջանակներում լուսաբանվեցին գործընթացի տեխնիկական ասպեկտները, ինչպիսիք են՝ պիլոտավորման հայեցակարգը, eDelivery-ի ներդրման որոշ հիմնական պահանջներն ու Peppol ցանցին միանալու հիմնական առավելությունները, ինչին հաջորդեց պիլոտային ծրագրի ընթացքում հաշիվ – ապրանքագրերի փոխանակման գործընթացի յուրաքանչյուր քայլի մանրակրկիտ ներկայացումը։ Հաջորդիվ ցուցադրությունը դուրս եկավ լոկ Ուկրաինայի և Լեհաստանի օրինակի սահմաններից և ներկայացվեց, թե ինչպես հասանելիության կետ ունեցող երկիրը կարող է հետագայում տվյալներ փոխանակել Peppol ցանցի մաս կազմող ցանկացած անդամի հետ։ Վերջինս ներկայում գործող անդամներ ունի ավելի
քան 30 երկրներում։ Դիտարկվող օրինակի պարագայում տվյալների փոխանակումն իրականացվեց Լիտվայի հետ:
Մասնակիցները լսեցին նաև իրենց գործընկերներին, ովքեր վճռական դերակատարություն են ունեցել պիլոտային ծրագրի հաջող իրականացման գործում: Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունից Միխայել Լատինսկին բացատրեց, թե, չնայած մարտահրավերներին, որքան շատ աշխատանք է կատարվել, ներառյալ՝ գործընկեր ընկերությունների ընտրությունը, շահագրգիռ կողմերի ներգրավումը, բազմաթիվ սեմինարները, ուղիղ հեռարձակումները և այլն
Առաջ նայելով՝ Լատինսկին ասաց, որ Ուկրաինան այժմ EU4Digital–ի գործընկերների հետ աշխատանք է տանում «Ուկրաինայում հանրային և մասնավոր ընկերությունների աջակցությամբ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի իրավական հիմքի ձևավորման» և eDelivery–ի օգտագործման հարցում առաջ շարժվելու ուղղությամբ: «Որպես նախարարություն, մենք [eDelivery լուծման մեջ] միջոլորտային գործունեության չափելի ներուժ ենք տեսնում», – ասաց նա:
«EU4Digital» ծրագիրը վերջերս Հայաստանի և Ուկրաինայի հետ նախաձեռնել էր ԱլԳ երկրների միջև eDelivery–ի սցենարի փորձարկման նախապատրաստական գործողություններ՝ տարածաշրջանի ներսում լուծման գործառնությունը պիլոտավորելու նպատակով: Մեկ ամիս տևած աշխատանքից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից Կարեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք ևս eDelivery–ի հետագա ներդրման զգալի ներուժ են տեսնում՝ տվյալների միջսահմանային փոխանակման համար:
Պիլոտային գործողությանը կհետևեն «EU4Digital» ծրագրի առաջարկությունները, որոնք կենտրոնացած են երկու հիմնական առաջնահերթությունների վրա.
- Բացազատում և ընդարձակում, այսինքն` ինչպես կարող են երկրները փորձարկման միջավայրից տեղափոխվել դեպի eDelivery-ի լիարժեք օգտագործում․
- Ճանաչում և վերօգտագործում, այսինքն` ինչպես կարող են արևելյան գործընկեր մյուս երկրները օգտվել այս պիլոտային ծրագրից և ընդօրինակել նույն լուծումը: