1. Ի՞նչ է էլեկտրոնային առողջապահությունն առարկայորեն: Ես չեմ ուզում իմ բժշկին փոխարինել հավելվածով…
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահությունը (eHealth) բնութագրում է ուղղակի որպես «առողջապահական նկատառումներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործում»: Առողջապահության ոլորտի մասնագետներն, իհարկե, մոտակա ժամանակներում չեն փոխարինվի տեխնոլոգիաներով, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կարող է օգնել բժիշկներին իրենց ամենօրյա աշխատանքում:
Էլեկտրոնային առողջապահության նպատակը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հիվանդների առողջության մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը և այդպիսով առողջապահական ծառայությունների շարունակականության ու որակի երաշխավորումն է՝ առողջապահության հետ կապված արդյունքների բարելավման համար:
էլեկտրոնային առողջապահության համակարգերն, օրինակ, թույլ են տալիս, որպեսզի՝
- առողջապահության ոլորտի մասնագետներն իրենց ուշադրության մեծ մասը կենտրոնացնեն հիվանդի, այլ ոչ թե ձևաթղթերի լրացման վրա.
- կրճատվի հիվանդների սպասելաժամանակը` առցանց գրանցման ակտիվացման միջոցով.
- դեղագործները վավերացնեն դեղատոմսերը և նվազագույնի հասցնեն թղթաբանական բեռը՝ օգտագործելով էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription (eP)) ծառայություններ:
Ըստ էության, էլեկտրոնային առողջապահությունը ներկայացնում է առողջապահական ծառայությունների մատուցման նոր եղանակներ, որոնք հեշտացնում են տարբեր առողջապահական հաստատությունների միջև համագործակցությունը և հնարավոր են դարձնում կարևոր տեղեկատվության փոխանակումը՝ ապահովելով հիվանդների հետ փոխգործակցության նոր ձևեր:
Դրա հիմքում ընկած է Էլեկտրոնային բժշկական քարտը (ԷԲՔ), որն ունի առանցքային դերակատարություն՝ խնամքի դեպքերի և այլ բնույթի տեղեկատվություն հավաքելով առողջապահական տարբեր ծառայություն մատուցողներից: Նպատակը յուրաքանչյուր անհատի համար միասնական, յուրատեսակ էլեկտրոնային բժշկական քարտի ապահովումն է՝ փոխգործելի ԷԲՔ ծառայությունների միջոցով:
Էլեկտրոնային առողջապահության լուծումներն, այսպիսով, բերում են բազմաթիվ օգուտներ` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շնորհիվ խնայելով առողջապահության ոլորտի մասնագետների ու հիվանդների ժամանակը, և տեղեկատվության ստեղծման, պահպանման և փոխանակման միջոցով խուսափելով կլինիկական ընթացակարգերի կրկնությունից: Առողջապահական տվյալների հասանելիությունը օգնում է նաև նորարարություններին՝ հնարավոր դարձնելով առողջապահական տվյալների վերլուծությունը, և աջակցում է հիվանդությունների կանխարգելման քաղաքականություններին՝ վեր հանելով հետագա խնդիրները: Համակարգը խթանում է նաև թափանցիկությունը, քանզի դրանում գրանցվում են առողջապահության գործընթացի մասնակիցների գործողությունները: Համակարգում տեղակայվում են նաև անվտանգության ստուգման գործիքներ՝ համապատասխան ընթացակարգերի պահպանումն ապահովելու համար:
2. Որքանո՞վ է էլեկտրոնային առողջապահությունը զարգացած Եվրոպական միությունում: Արդյո՞ք Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների միջև այդ առումով առկա է մեծ խզվածք
ԵՄ-ն բախվում է այն նույն հիմնական առողջապահական խնդիրներից շատերին, որոնք նկատվում են Արևելյան գործընկերության երկրներում, ինչպիսին, օրինակ, բնակչության ծերացումն է, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է առողջապահական ծառայությունների օպտիմիզացման և արդիականացման նույնատիպ անհրաժեշտության: Եվրոպական հանձնաժողովը թվային միասնական շուկան հռչակել է որպես իր հիմնական գերակայություններից մեկը, իսկ թվային առողջապահական ծառայություններն այս ռազմավարության մաս են կազմում: ԵՄ-ն արդեն իսկ ընդունել է բժշկական սարքավորումների, տվյալների պաշտպանության, թվային նույնականացման և ՏՏ անվտանգության վերաբերյալ օրենսդրություն, որը հիանալի միջավայր է ապահովում էլեկտրոնային առողջապահական ծառայությունների համար: ԵՄ շատ երկրներ արագ գտնվեցին և ընդունեցին էլեկտրոնային առողջապահության ռազմավարություններ, ինչը հանգեցրեց քաղաքական հանձնառության և էլեկտրոնային առողջապահական ծառայությունների արագացված ու լավ կազմակերպված զարգացման, մինչդեռ Արևելյան գործընկերության երկրները առաջ են շարժվում էլեկտրոնային առողջապահության բազմաթիվ անհատական, բայց սակավ համաձայնեցված ծրագրերով:
Ավելին, ԵՄ-ն ստանդարտիզացրել է էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) և հիվանդների ամփոփագրերի (Patient Summary) ծառայությունների սահմանումները` անդամ երկրների միջև միջսահմանային պիլոտային ծրագրերի հնարավորություն ապահովելու համար: Այժմ ԵՄ-ում էլեկտրոնային առողջապահության ենթակառուցվածքները արհեստական բանականության, գենոմային տվյալների և անհատականացված բժշկական նախաձեռնությունների համար պատրաստ պահելու միտում կա:
3. Այսպիսով, կոնկրետ ի՞նչ է անում EU4Digital-ն էլեկտրոնային առողջապահության ոլորտում
EU4Digital-ն աշխատանքներ է տանում Արևելյան գործընկերության երկրներում առողջապահական տվյալների կառավարման իրավիճակի գնահատման և ուղեցույցների մշակման ուղղությամբ, որպեսզի առողջապահական տեղեկատվության փոխանակման և կառավարման կարողությունները համահունչ լինեն ԵՄ լավագույն փորձին ու հենց Արևելյան գործընկերության երկրներում առկա իրողություններին: Իդեալում, սա նշանակում է, որ նույնական կանոնակարգերին համահունչ տվյալները փոխգործունակ են տարբեր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի և նույնիսկ սահմանների միջև, ինչը կարևոր է հիվանդների համար ավելի լավ խնամքի ապահովման հարցում, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք գտնվում:
Էլեկտրոնային առողջապահության՝ EU4Digital-ի գործունեության առանցքում գտնվող ասպեկտներից մեկն էլ առցանց համագործակցության հարթակն է, որն Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն կտա կիսվել էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրենց երկրների լավագույն փորձով և համագործակցություն ծավալել հետագա զարգացման ուղղությամբ: Դրա նպատակն առաջատար պրակտիկաների խթանումն ու էլեկտրոնային առողջապահական տեղեկատվության, ուսումնական նյութերի և հիմնական փորձագետների հաղորդակցության համար նախատեսված հատուկ տարածք ունենալն է:
Ի լրումն, EU4Digital-ը նպատակ է հետապնդում դյուրացնել Արևելյան գործընկերության երկրների մասնակցությունը հաղորդակցության խթանմանը, նորարարություններին և նորագույն լուծումների ներդրմանն ուղղված ԵՄ նախաձեռնություններին, հատկապես՝ ծերացող բնակչության խնամքի հետ կապված խնդիրներին վերաբերողներին. հեռավար բժշկական խորհրդատվական ծառայությունների մատուցում, ախտորոշման բարելավման համար տվյալների վերլուծություն, խելացի տնային տեխնոլոգիաներ, սոցիալական և գործողությունների ծրագրեր:
EU4Digital-ը նաև նպատակ է հետապնդում նպաստել Արևելյան գործընկերության երկրների մասնակցությանը Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA), որը տիրապետում է վերևում նշված խնդիրների մեծ մասի առնչությամբ եվրոպական երկրներում իրականացված լավագույն պրակտիկաներին:
4. Դուք փոխգործելիությունը որպես հիմնական առաջնահերթություն եք առանձնացնում, բայց ի՞նչ է այն նշանակում և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ինձ համար՝ որպես հիվանդի
Փոխգործելիությունը տարբեր համակարգերի, կազմակերպությունների կամ երկրների՝ առողջապահական տեղեկատվությամբ փոխանակվելու և այն իմաստալից օգտագործելու ունակությունն է: Դա նշանակում է, որ մասնակիցները պետք է ունակ լինեն ճիշտ ընկալել և մեկնաբանել համատեղ օգտագործվող տեղեկատվությունը, ինչը հիմնականում ենթադրում է նույնատիպ չափորոշիչների ու գործընթացների օգտագործում՝ էլեկտրոնային առողջապահական ծառայություններ մատուցելու համար:
Փոխգործելիությունը հատկապես կարևոր նշանակություն ունի առողջապահության հատվածում, քանի որ այս ոլորտը տարասեռ է ու բարդ և ընդգրկում է բազմազան դերակատարների՝ սկսած մատակարարներից մինչև հիվանդների բարդ խմբեր, որոնք այցելում և, հավանական է, գրանցվում են բազմաթիվ առողջապահական հաստատություններում: Ավելին, քանի որ ազգային կառավարությունները հանրային ծառայությունների լայն ընտրանի են առաջարկում, յուրաքանչյուր առողջապահական համակարգ հաճախ բաղկացած է լինում մասնավոր ու հանրային ծառայությունների յուրօրինակ խառնուրդից, որոնք ևս հաճախ վատ ինտեգրված են լինում: Առողջապահական ծառայություն տրամադրողը կարող է առաջարկել հատուկ տեսակի ծառայություններ, և այդպիսով գործ ունենալ հիվանդների ենթաբազմության ու նրանց մասին տեղեկությունների հետ, ինչը հաստատությունների միջև լավ զարգացած փոխգործելիություն է պահանջում` հիվանդի ընդհանուր պատկերով կիսvելու համար: Միջազգային ասպարեզում և ԵՄ անդամ պետությունների միջև կան նաև այլ խնդիրներ, երբ առողջապահական համագործակցությանը հաճախ խոչընդոտում են օգտագործվող էլեկտրոնային առողջապահության բառարանի տարբերությունները և նույն հասկացությունների տարբեր մեկնաբանությունները, ինչը խանգարում է արդյունավետ միջսահմանային համագործակցությանը:
Փոխգործելիության բացակայությունը տարբեր խնդիրներ է առաջ բերում քաղաքացիների համար, երբ վերջիններս փորձում են առողջապահական ծառայություններ ստանալ տարբեր հաստատություններում և երկրներում: Հետևաբար, փոխգործելիությունը կնպաստի Արևելյան գործընկերության երկրներում յուրաքանչյուր քաղաքացու առողջության բարելավմանը: 10 տարվա կտրվածքով մեր տեսլականն այն է, որ A երկրի քաղաքացու՝ B երկրում շտապ օգնության կարիք ունենալու դեպքում բուժաշխատողներն անմիջապես ստանան տեղեկատվություն այն մասին, թե տվյալ հիվանդը որ դեղամիջոցների նկատմամբ է զգայուն կամ ալերգիկ: Հիվանդի առողջական վիճակի մասին այս ամփոփագիրը վճռական նշանակություն ունի առողջապահության ոլորտին բնորոշ կյանքի և մահվան շուրջ անհապաղ ընտրություն կատարելիս:
5. Ի՞նչ է, ըստ էության, իրենից ներկայացնում էլեկտրոնային առողջապահության համագործակցության հարթակը: Ո՞վքեր կօգտվեն դրանից և ինչպե՞ս
Էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության հարթակն Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության փորձագետների միջև տարածաշրջանային համագործակցության նոր խողովակն է: Չնայած այն փակ կլինի լայն հասարակության առջև, սակայն համագործակցության հարթակ կծառայի Արևելյան գործընկերության երկրների մասնագետների համար` էլեկտրոնային առողջապահության ընդհանուր ուղեցույցների, իսկ հետագայում՝ ծառայությունների մշակման ուղղությամբ իրենց աշխատանքում: Այս հարթակը կնպաստի տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության և ներդաշնակեցման միջազգային նախաձեռնությունների զարգացմանը:
Հարթակում տեղ կգտնի հարուստ բովանդակություն՝ օրացույցից և հանդիպումների կառավարումից մինչև ուղեցույցային նախագծեր և տեղակայման ծրագրեր: Սա իրականացնելու համար կօգտագործվի պորտալային հարթակ, որը կառաջարկի փաստաթղթերի ամպային պահեստարան և համագործակցության գործիքներ, ինչպես նաև կստեղծի առանց կոդերի էջեր՝ տարբեր խմբերի համար օգտագործողի առանձին տարածությունների շրջանակներում:
Այս հարթակը կնպաստի փորձագետների միջև գիտելիքների փոխանակմանը՝ ըստ իրենց երկրներում նրանց իրականացրած նախաձեռնությունների: Սա թույլ կտա արագացնել և օպտիմիզացնել տարածաշրջանում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով ամենաարդյունավետ օրինակներն ու գործընկերներին հնարավորություն ընձեռելով խուսափել հարևան երկրներում տեղի գտած փորձություններից:
6. ԵՄ ո՞ր նախաձեռնություններին կարող են մասնակցել Արևելյան գործընկերության երկրները: Ինչպիսի՞ ծրագրերի մասին է խոսքը
Արևելյան գործընկերության երկրներին խրախուսվում է մասնակցել Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA), որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագիրն ունի փոխգործակցության բազմաթիվ մակարդակներ՝ սկսած էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարարությունների մասին տեղեկատվական հոդվածներից՝ մինչև միջոցառումների հաճախում և ավելի ակտիվ դերեր, ինչպիսին, օրինակ, «Action Group» և «Reference Site» ծրագրերին մասնակցությունն է:
«EIP on AHA» ծրագրին մասնակցությունը խթանում է տեղեկատվության փոխանակումը և գործնական կապերի հաստատումը, ինչը նշանակում է, որ, օրինակ, «Reference Site» ծրագրի մասնակիցը կարող է տեղեկանալ ԵՄ անդամ կոնկրետ պետությունում ներդրված լուծման մասին և ծրագրի միջոցով դիմել այն իր տարածաշրջանում ներդնելու համար, կամ հակառակը:
Քանզի գոյություն ունեն մասնակցության բազմաթիվ մակարդակներ, յուրաքանչյուրը կարող է մասնակցության իրեն հարմար ձև գտնել՝ անհատներից մինչև կազմակերպություններ, այդ թվում՝ պետական կառույցներ, մասնավոր հատվածի ընկերություններ, գիտահետազոտական հաստատություններ և հասարակական կազմակերպություններ:
7. Հինգ տարի հետո ինչպիսի՞ն կարող են լինել էլեկտրոնային առողջապահական համակարգերը տարածաշրջանում: EU4Digital-ն ինչպե՞ս կօգնի դրան
Ապագայի առողջապահության բնորոշիչը հիվանդների անընդհատ շարժունակությունն է՝ մատակարարից՝ մատակարար, երկրից՝ երկիր, ինչպես նաև բժշկական խնամքի ապահովման շարունակականությունն ու հիմնավորված որոշումների կայացումը՝ հանուն հիվանդի առողջության հետ կապված դրական արդյունքների: Էլեկտրոնային առողջապահության միջսահմանային ենթակառուցվածքները արտերկրում ճանապարհորդող յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտան իրենց դեղորայքային նշանակումները ձեռք բերել տեղի դեղատներից: Բժշկական ամփոփագրերի փոխանակումը բուժաշխատողներին կօգնի հասկանալ հիվանդների բժշկական պատմությունը և խուսափել սխալներից՝ դեղեր նշանակելիս: Ի լրումն, բժշկական տուրիզմի զարգացող ճյուղը քաղաքացիներին հնարավորություն կտա ստանալ ավելի բարձր որակի խնամք և նվազեցնել ծախսերը:
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը նպատակ ունի մշակել չափորոշիչներ և ուղեցույցներ՝ Արևելյան գործընկերության երկրներում միջսահմանային առողջապահությունը խթանելու համար, ինչը հնարավոր է միայն ընդհանուր փոխըմբռնման և համագործակցության պարագայում: Որպեսզի դա տեղի ունենա, թիմը վերլուծություն է պատրաստել Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության ներկայիս վիճակի վերաբերյալ և սահմանել է յուրաքանչյուր երկրի մարտահրավերներն ու առաջնահերթությունները: Ուղեցույցների փաթեթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) և հիվանդների ամփոփագրերի (Patient Summary) ծառայությունների տրամադրման համար:
Մենք չորս ուղղություն ենք սահմանել տարածաշրջանի համար, որոնք դիտարկվում են որպես էլեկտրոնային առողջապահության ոլորտում ապագայում իրականացվելիք գործողությունների և դրական փոփոխությունների առանցքային գործոններ.
- Թվային առողջապահության համապարփակ և գործուն ռազմավարության սահմանում.
- Հուսալի ֆինանսական և գործառնական մոդելի ստեղծում.
- Թվային առողջապահության կառավարման համակարգի ստեղծում և ներդրում.
- Թվային առողջապահության ճարտարապետության մշակում և կառավարում: