EU4Digital-ի կազմակերպած միջոցառմանը քննարկվել են Էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից պաշտպանությանը և 5G-ի ներդրմանը վերաբերող հարցեր

  • Ամսաթիվ: 09/10/20
  • Կիսվել:

2020թ.-ի հոկտեմբերի 6-ին «EU4Digital» ծրագրի կողմից կազմակերպված վիրտուալ նիստի շրջանակներում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում 5G-ի գործարկման արագացմանը նվիրված քննարկում: Այս ցերեկային հանդիպումը մեկն էր այն միջոցառումներից, որոնք կազմակերպվել էին «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած նիստի շրջանակներում:

Քննարկմանը միացել էին ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում՝ Սպեկտրի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (ՍՓԱԽ) անդամներ, Եվրոպական հանձնաժողովի (DG CONNECT, DG NEAR), Ներդաշնակեցված թվային շուկայի (ՆԹՇ), ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներ և Արևելյան գործընկեր երկրներում այլ շահագրգիռ կողմեր:

Մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան ավելին իմանալու էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցություններից մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև ջերմային էֆեկտների և ելակետային մակարդակների հետ կապված հիմնական սահմանափակումների մասին` նշելով այն սահմանները, որոնց հետևելը համարվում է անվտանգ: Նշված թեմաները ներկայացրեց EU4Digital-ի սպեկտրի թիմի ղեկավար Մարչին Բիեչը՝ 5G-ի արդյունավետ և բարեհաջող ներդրման համատեքստում՝ անդրադառնալով նաև Իտալիայում, Լեհաստանում և Բելգիայում 4G-ի ու 5G-ի ներդրման դեպքերի ուսումնասիրություններին:

Շնորհանդեսին հաջորդեց EaPeReg-ի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) սպեկտրի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (ՍՓԱԽ) նախագահ Ռոման Քուրդաձեի հետադարձ արձագանքը, ով ներկայացրեց 5G-ի առնչությամբ ՍՓԱԽ-ի առաջնահերթությունները, այդ թվում՝ 5G ցանցերի ներդրումն ու սպասարկումը, սպեկտրի ընդհանուր օգտագործումը և 5G ցանցերի կիբերանվտանգությունը, 5G-ով հեռարձակումն ու ապագայում ուլտրակարճ հաճախականության (ՈՒԿՀ) տիրույթի օգտագործումը: Միջոցառումը եզրափակվեց Արևելյան գործընկեր երկրներում 5G համակարգի ներդրման վիճակի և այդ առնչությամբ ապագա ծրագրերի վերաբերյալ ընդհանուր քննարկմամբ: Նոր սերնդի 5G տեխնոլոգիաների գործարկման համար 700 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթի ազատումը «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտի երեք հիմնական թեմաներից մեկն է: «EU4Digital» ծրագիրը նպատակ ունի աջակցել Արևելյան գործընկեր վեց երկրներում 700 ՄՀց տիրույթի ազատման ուղղությամբ համակարգված մոտեցման մշակմանն ու ներդրմանը: Գործողությունների ներկա փուլում իրականացման նպատակով արդեն իսկ ԱլԳ երկրներին է փոխանցվել 700 ՄՀց տիրույթի ազատման տարածաշրջանային ճանապարհային քարտեզը, մինչդեռ Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրը (ՏՍՀ) գտնվում է համաձայնեցման վերջին փուլում, իսկ դրա ստորագրումը նախատեսված է 2021թ.-ի սկզբին:

Նորություններ

Ցուցադրել բոլորը