2019 թվականի դեկտեմբերի 17-ից 18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ էլեկտրոնային հմտությունների տարածաշրջանային ցանցի 7-րդ աշխատաժողովը, որում կարևորվել են թվային հմտությունների ոլորտում վերջին զարգացումները և քննարկվել են Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ցուցանիշների չափման ներկայիս ելակետային տվյալները:
EU4Digital-ի Թվային հմտությունների ցանցը հարթակ է ծառայում Արևելյան գործընկերության վեց երկրների միջև ու ԵՄ-ի հետ լավագույն փորձերով և փորձառությամբ փոխանակվելու, սիներգիաների խթանման ու համատեղ ներդաշնակեցման նախագծերի գաղափարների մշակման համար:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները փոխանակվեցին Եվրոպական կոմպետենցիաների շրջանակների ընդունման ու թվային հմտությունների չափման փորձով, ինչպես նաև քննարկեցին ԱլԳ երկրների պատրաստակամությունն` իրենց մոտեցումները ԵՄ պրակտիկաներին հարմարեցնելու հարցում:
Մասնակիցները քննարկեցին նաև յուրաքանչյուր երկրում թվային հմտությունների և զբաղվածության կոալիցիայի կարգավիճակը և այն ամենն, ինչ անհրաժեշտ է այդպիսի կոալիցիաների բարեհաջող ստեղծման, կառավարման ու ղեկավարման համար:
Ի վերջո, մասնակիցները ներկայացրեցին ու քննարկեցին ԱլԳ երկրներից յուրաքանչյուրում թվային հմտությունների զարգացման կարևորագույն ցուցանիշները, արդյունքները և առանցքային նախաձեռնությունները:
Միջոցառման ընթացքում մասնակիցները պայմանավորվածություններ ձեռք բերեցին մի շարք գործողությունների շուրջ, որոնք վերաբերում էին ազգային կոալիցիաների ստեղծմանը, թվային հմտությունների չափման միասնական մոտեցմանը, ինչպես նաև՝ ԵՄ պրակտիկաների տարածմանն ուղղված դասընթացներին, ուսումնական այցերին ու համաժողովներին:«EU4Digital» նախաձեռնության շրջանակներում Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների իրականացմանը՝ գործելով ի նպաստ թվային հմտությունների բացերի կանխատեսման մեթոդաբանության մշակման, ինչպես նաև թվային աշխատատեղերի ազգային կոալիցիաների և ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների համար իրավասությունների շրջանակի ստեղծման: