Ուշադրության կենտրոնում էլեկտրոնային առևտուրն է. սահմանահատման ժամանակի կրճատում՝ մաքսային տեղեկատվության փոխանակման միջոցով

  • Ամսաթիվ: 23/03/20
  • Կիսվել:

Շարունակաբար գլոբալացվող աշխարհում, որին հատուկ են արագորեն աճող տրանսպորտային հոսքերն ու միջսահմանային գործողությունները, սահմանի երկու կողմում վերահսկողություն իրականացնող մաքսային մարմինների միջև համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը վճռական դեր է խաղում օրինական առևտրի դյուրացման գործում: Պետությունների մաքսային կառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակման ավտոմատացումն այժմ կարևոր են, քան երբևէ:

Եվրոպական միության և նրա Արևելյան գործընկերների միջև գործում են 31 ճանապարհային սահմանային անցակետեր: 2018 թ.-ին Արևելյան գործընկերության երկրներից ԵՄ տարածք մուտք է գործել մոտ 1.65 միլիոն բեռնատար, իսկ 1,8 միլիոն բեռնատար էլ ուղևորվել է հակառակ ուղղությամբ: Ամսական հաշվով մեկ սահմանային անցակետը երկու ուղղությամբ միջինում սպասարկում է շուրջ 10,000 բեռնատարների:

Ցամաքային բեռնափոխադրումների մեծ ծավալ ունեցող սահմանային անցակետերում սպասարկվող կոմերցիոն բեռնատարների թվաքանակը նույնիսկ ավելի մեծ է: Օրինակ՝ Բելառուսի և Լիտվայի միջև սահմանի դեպի ԵՄ մուտքի հատվածը տարածաշրջանում ամենածանրաբեռնվածներից է՝ կոմերցիոն տրանսպորտային հոսքերի առումով: 2019 թ.-ին այստեղ օրական հաշվով միջինում 1,700 բեռնատար է սպասարկվել (չորս անցակետերի միջոցով): Համեմատության համար նշենք, որ նույնքան տրանսպորտային հոսքեր (միջին օրական հաշվով՝ 1,900 բեռնատար) ապահովում են Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող կրկնակի անգամ ավել (ութ) սահմանային անցակետերը: Բելառուսա-լիտվական սահմանին հերթերն առանձին դեպքերում կարող են ձգվել մինչև 14-16 կմ, իսկ դրանց հաղթահարումը կարող է տևել երկուսից չորս օր: Սա հանգեցնում է ոչ միայն ապրանքների առաքումների ուշացման, այլև՝ տարածաշրջանների միջև գործող բիզնեսների եկամուտների կորստի:

Երկար հերթեր և անվտանգության անարդյունավետ կառավարում

Սահմանի երկար հերթերից և սպասման ժամանակից զատ, մեկ այլ կարևոր խնդիր է պատշաճ հաղորդակցության բացակայությունը և տեղեկատվության ժամանակին ստացումը: Սա հանգեցնում է անվտանգության ռիսկերի անարդյունավետ կառավարման: Ինչպես Արևելյան հարևանության տարածաշրջանում, այնպես էլ՝ ԵՄ-ում առկա է հուսալի և ժամանակին տրամադրված տեղեկատվության ակնհայտ պահանջ՝ անվտանգության ռիսկերը կառավարելու, մաքսային հսկողություն իրականացնելու և տարածաշրջանի ֆինանսական ու տնտեսական շահերը պաշտպանելու համար՝ միաժամանակ նպաստելով օրինական առևտրին: Ժամանակակից թվային համատեքստում առավել, քան երբևէ անհրաժեշտ է լուծում, որը կարող է օպտիմիզացնել և ավտոմատացնել մաքսային գործընթացը` առաջարկելով այնպիսի հնարավորություններ, ինչպիսին նախաժամանումային տեղեկատվության փոխանակումն է, կամ՝ գործիքներ, որոնց միջոցով հնարավոր

կլինի կանխատեսել սահմանային անցակետերում տրանսպորտային հոսքերի ծավալը: Այնուամենայնիվ, այդպիսի լուծում ներկայումս չի օգտագործվում, և Արևելյան գործընկեր երկրների միջև տեղեկատվության փոխանակում այս պահին առկա է միայն փոխադարձ վարչական օգնության և (կամ) երկկողմ համաձայնագրերի համատեքստում:

ԵՄ արտաքին սահմանի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը սահմանափակված է, չունի կառուցվածքային բնույթ և հիմնականում իրականացվում է ըստ պահանջի: Երրորդ երկրների հետ մաքսային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ քննարկումները միայն վերջերս են սկսվել: Ըստ այդմ՝ ԵՄ-ի և Բելառուսի միջև ստեղծվել է մաքսային երկխոսության աշխատանքային խումբ՝ կողմերի միջև տեղեկատվության փոխանակման հարցերը լուծելու համար:

Մաքսային տեղեկատվության օպտիմիզացված և ավտոմատացված փոխանակման մեկ դրական օրինակ ձեռք է բերվել Արևմտյան Բալկաններում: Տարածաշրջանի վեց երկրներում էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակման (SEED) լուծման ներդրումը նպաստել է նախաժամանումային տվյալների համակարգված և ավտոմատացված փոխանակմանը, ինչը հանգեցրել է տարածաշրջանային համագործակցության բարելավման և ավելի լավ իրավապահպանության: Լուծման ներդրումը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից:

Առաջատար լուծումների պիլոտավորում՝ Արևելյան գործընկերության երկրների համար

«EU4Digital» ծրագիրն Էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային մաքսային ծառայությունների աջակցմանն ուղղված իր գործունեության շրջանակներում նախատեսում է մաքսային տեղեկատվության փոխանակման մեխանիզմների պիլոտավորում: Առաջատար լուծումները փորձարկվելու են մի քանի թիրախային խմբերում. Արևելյան գործընկեր երկրների, ինչպես նաև վերջիններիս ու ԵՄ-ի միջև: Չնայած այն հանգամանքին, որ նշված գործողությունների համար ներկայումս անհրաժեշտ իրավական հենք ապահովված չէ, այնուամենայնիվ, դեռևս հնարավոր է պիլոտավորել տեղեկատվության փոխանակման ժամանակակից միջոցները և բացահայտել հնարավոր օգուտները: Ավելին, դա հնարավորություն կտա վեր հանել իրավական, տեխնիկական և կազմակերպչական անհրաժեշտ ճշգրտումներն ու առաջարկությունները՝ լուծման լայնածավալ ներդրման համար:

Էլեկտրոնային մաքսային ծառայությունների գործունեության նպատակը մաքսակետերի միջև ճիշտ ժամանակին տվյալների փոխանակման դյուրացումն ու արդյունքների ապահովումն է, մասնավորապես՝ ապրանքների բաց թողնման ժամանակի բարելավումը: Այս նպատակներին հասնելու համար էլեկտրոնային մաքսային ծառայությունների ուղղությամբ պիլոտային նախագիծը կկենտրոնանա երկու հարևան երկրների՝ առևտրի տեսանկյունից առավելագույն կարևորություն ունեցող միջսահմանային մաքսակետերի վրա:

Ընտրված փորձնական լուծման ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում.

  • իրականացվել է նախաժամանումային տեղեկատվության փոխանակման գոյություն ունեցող այլընտրանքների վերլուծություն.

իրականացվել է գործընկեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի դիտարկմանը ներկայացված երկրների զույգերում ներկայիս

  • իրադրության վերլուծություն.
  • կազմվել է պիլոտային նախագծի ընթացքում փոխանակման ենթակա տվյալների առաջնահերթ սցենարների ցուցակ.
  • պատրաստվել է փորձնական գործողությունում ներգրավված երկրների համար գործողությունների ծրագիր, որը ներառում է այնպիսի քայլեր, ինչպիսին փորձնական գործողության համար մասնագետների նշանակումն է:

Գոյություն ունեցող լուծումների վերլուծությունից հետո էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակումը (SEED) դիտարկվել է որպես առավել բարենպաստ տարբերակ` հաշվի առնելով անվտանգության ու տվյալների ստուգված չափանիշները, տարածաշրջանի ազգային համակարգերին հեշտությամբ հարմարվելու ունակությունը, ինչպես նաև գործունակության ու տվյալների փոխանակման նկատմամբ պահանջների տեսանկյունից ճկունությունը:

Արդյունավետ համակարգ. Արևմտյան Բալկանների օրինակը

Արևմտյան Բալկաններում ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել մաքսային մարմիններին՝ նախաժամանումային տեղեկատվության փոխանակման համար «SEED» համակարգի ներդրմանն ուղղված վերջիններիս ջանքերում: «SEED» համակարգի ներդրմամբ տարածաշրջանի մաքսային մարմինները կարողացան բարձրացնել ՏՏ և ռիսկերի վերլուծության վերաբերյալ իրենց վարչական կարողությունները, ավելացնել եկամուտները և այժմ ունակ են պայքարել ապօրինի առևտրի դեմ՝ միաժամանակ բարելավելով տարածաշրջանային համագործակցությունը: Համակարգը թույլ է տալիս պայքարել կամ վերացնել հետևյալ տեսակի խախտումներն ու խարդախությունները.

  • թերագնահատում (ապրանքագրերի փոփոխում / մուտքի պահին մաքսային արժեքի նվազեցում).
  • բեռնված բեռնատարների ելքի կեղծ հաստատում (ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված խախտումներ).
  • ներմուծման գրքույկների (APA Carnet) (սխալ) օգտագործման հետ կապված խախտումներ:

Արևմտյան Բալկաններում իրականացվող «SEED» նախագծի հաջորդ փուլով ավարտուն տեսք կստանա շահառուների միջև առևտրի հոսքերին համապատասխանող նախաժամանումային տեղեկատվության փոխանակման համակարգը: Սա նշանակում է, որ, մաքսային մարմիններից զատ, «SEED+» համակարգը տարածաշրջանային էլեկտրոնային տվյալների փոխանակման գործընթացում կներառի ինչպես ՍԲՍ մարմիններին (բուսասանիտարական և անասնաբուժական տեսչություններին), այնպես էլ դեղերի վերահսկմամբ զբաղվող գործակալություններին: Սա թույլ է տալիս նախապես փոխանակվել հավաստագրերով և այլ համապատասխան փաստաթղթերով՝ դյուրացնելով և արագացնելով սահմանահատման ընթացակարգերն ու ձևակերպումները:

Մեկնարկում է Բելառուսի և Լիտվայի միջև փորձնական նախագիծը

Պիլոտային երկրների շրջանակի վերաբերյալ առաջարկը դիտարկելուց հետո Եվրոպական հանձնաժողովը Բելառուսին և Լիտվային հաստատեց որպես ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև մաքսային տեղեկատվության փոխանակման պիլոտային նախագծի մասնակից երկրներ: Հետևաբար, ձեռք են բերվել տվյալ նախագծին մասնակցելու ցանկության և պատրաստակամության

հաստատումներ, ու կազմակերպվել է պիլոտային երկրների առաջին աշխատանքային հանդիպումը:

EU4Digital-ի էլեկտրոնային մաքսային ծառայությունների գծով փորձագետների ու պիլոտային երկրների մասնագետների միջև ամենաառաջին աշխատանքային հանդիպումը կայացավ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ 2020 թ.-ի փետրվարի 27-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընտրված լուծման (SEED) համատեսքն ու դրա հնարավորությունները, իսկ մասնակիցները հնարավորություն ունեցան «SEED» լուծման կենդանի ցուցադրության ականատես լինել: Ձեռնարկվեցին նաև քննարկումներ՝ փոխանակման ենթակա հավանական տվյալների վերաբերյալ:

Վիլնյուս կատարած այցի շրջանակներում SEED-ի փորձագետները փետրվարի 28-ին այցելեցին նաև «Մյադինինկայ» սահմանային անցակետ, որտեղ ներդրվել են գործող մաքսային համակարգերն ու ենթակառուցվածքները:

Պիլոտային երկրների հետ երկրորդ աշխատանքային հանդիպումը (կոնֆերենց-կապ) նախատեսված է մարտի 23-ին: Հանդիպման նպատակն է՝ պայմանավորվածություններ ձեռք բերել պիլոտավորման ենթակա հնարավոր գործառույթների շուրջ, ինչպես նաև քննարկումներ ունենալ ավելի տեխնիկական մանրամասների վերաբերյալ, ինչպիսիք են՝ սարքավորումների նկատմամբ պահանջները, ծրագրային ապահովման հարթակը և այլն:

Ակնկալվում է, որ բելառուսա-լիտվական սահմանին իրականացվող պիլոտային նախագիծը կփորձարկի սահմանահատման արագացման, ինչպես նաև անվտանգության ռիսկերի կառավարման վրա տվյալների փոխանակման ազդեցությունը: Պիլոտային նախագիծը կօգնի վեր հանել նաև վերացման ենթակա խոչընդոտները՝ կազմակերպչական, իրավական և տեխնիկական ոլորտներում:

Վերջնարդյունքում ակնկալվում է, որ պիլոտային նախագիծն ապագայում կարող է վերածվել լիարժեք գործառնող լուծման, որը նույնությամբ կներդրվի ԵՄ-ի ու նրա արևելյան գործընկեր երկրների միջև այլ սահմանային անցակետերում՝ էլեկտրոնային առևտուրը դյուրացնելու համար:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը