ԵՄ-ն և Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակը (C-PROC) փետրվարի 26-ից 28-ը Թբիլիսիում կազմակերպել էին ամբողջ աշխարհից բազմազգ ծառայություն մատուցող ընկերությունների միջազգային հանդիպում՝ քննարկելու կիբերհանցագործությունների դեմ պայքարի մարտահրավերներն ու այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը:
Քրեական արդարադատության մարմինների և մասնավոր հատվածի սուբյեկտների, այդ թվում, մասնավորապես, ծառայություն մատուցող կազմակերպությունների միջև համագործակցությունը վճռական նշանակություն ունի հասարակությունները հանցավորությունից պաշտպանելու համար: Նման համագործակցությունն, առաջին հերթին, առնչվում է ոստիկանության և դատախազության համար հասանելիության հնարավորությանն այն տվյալների նկատմամբ, որոնք պահպանվում են ծառայություն մատուցողների կողմից՝ ելնելով քրեադատավարական նկատառումներից: Բացի այդ, նշված համագործակցությունն առնչվում է նաև տեղեկատվության և փորձի փոխանակմանն ու վերապատրաստմանը:
Այս համատեքստում Եվրոպական հանձնաժողովը և C-PROC-ը հրավիրել էին աշխարհի 30 երկրներ ներկայացնող 80 մասնակիցների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից (Չիլի, Դոմինիկյան Հանրապետություն, Կոստա Ռիկա, Պարագվայ), Հարավարևելյան Ասիայից (Շրի Լանկա), Արևմտյան Աֆրիկայից (Գանա, Նիգերիա, Կաբո Վերդե, Բուրկինա Ֆասո), Հարավային հարևանության տարածաշրջանից (Լիբանան, Մարոկկո, Հորդանան), ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման գործիքի (IPA) տարածաշրջանից (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա) ու Բելգիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից և Ռումինիայից: Միջոցառմանը մասնակցում էին նաև ավելի քան 25 ներկայացուցիչներից բաղկացած վրացական պատվիրակությունը, ինչպես նաև Վրաստանում ԵՄ պատվիրակության, Եվրայուստի, Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աշխատակիցներ, Եվրոպայի խորհրդի փորձագետներ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Facebook-ի ու EuroISPA-յի ներկայացուցիչներ:
Հանդիպումը կազմակերպվել էր C-PROC-ի կողմից իրականացվող մի շարք նախագծերի համատեղ ջանքերով, այդ թվում՝ «EU4Digital» նախաձեռնության ներքո իրականացվող «CyberEast»-ի: Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Կառլ Հարտցելն իր ողջույնի խոսքում ասաց. «Կիբերհանցագործությունների դեմ պայքարը հիմնարար նշանակություն ունի արդյունավետ քրեական արդարադատության համար: Մեր օրերում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության, տնտեսական հանցագործությունների և անգամ անհատների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարը պահանջում է կիբերհանցագործությունների
դեմ պայքարի արդյունավետ շրջանակ: Օրինակ՝ էլեկտրոնային ապացույցների կամ համացանցի միջոցով անօրինական եկամուտների նկատմամբ հասանելիության առնչությամբ: Քրեական արդարադատության մարմինների և մասնավոր հատվածի սուբյեկտների, այդ թվում, մասնավորապես, ծառայություն մատուցող կազմակերպությունների միջև համագործակցությունն այս առումով վճռական նշանակություն ունի: Իհարկե, ամուր կիբերանվտանգությունը պետք է գոյություն ունենա բաց, ազատ և անվտանգ կիբեր տարածությանը զուգահեռ, որտեղ հիմնովին պաշտպանվում են մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու օրենքի գերակայությունը»:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղակայված Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակի (C-PROC) գործառնությունների գծով տնօրեն Վիրջիլ Սպիրիդոնն ավելացրեց. «Իրավապահների և բազմազգ ծառայություն մատուցողների (ԲԾՄ) միջև համագործակցությունը վերաբերում է ոչ միայն կիբերհանցագործությունների հետաքննություններին, այլ նաև հետաքննությունների այլ տեսակներին, որոնք առնչվում են էլեկտրոնային ապացույցներին ու ԲԾՄ-ների տիրապետած տվյալներին»:
Խոսելով մասնավոր հատվածի տեսանկյունից՝ Համացանցային ծառայություններ մատուցողների եվրոպական ասոցիացիայի (EuroISPA) նախագահ Մաքսիմիլիան Շուբերտը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ համացանցային ծառայություններ մատուցողները (ՀԾՄ) ցանկանում են համացանցն անվտանգ դարձնել օգտատերերի համար: Այդուհանդերձ, այս առնչությամբ ՀԾՄ-ների մտածելակերպը տարբերվում է, քանի որ դրանք կենտրոնացած են ոչ թե հետաքննության և հետապնդման, այլ՝ հաճախորդներին գոհացնելու ուղղությամբ: [Նրանք] ունեն ընդհանուր հետաքրքրություն, բայց մոտեցումները կարող են տարբեր լինել: Սա անհրաժեշտ է հաշվի առնել՝ համագործակցության եզրեր փնտրելիս»: