ԵՄ կոդավորման շաբաթվա կազմակերպիչները երկրորդ տարին անընդմեջ գրանցում են ավելի քան 72,000 գործողություն, այդ թվում հարյուրավորներն՝ արևելյան գործընկեր երկրներից

  • Ամսաթիվ: 12/02/21
  • Կիսվել:

Չնայած այն մարտահրավերներին, որոնց 2020 թ.-ին բախվեցին Եվրոպայի և աշխարհի դպրոցները, 84 երկրներից ավելի քան 3.4 միլիոն աշակերտներ և ուսուցիչներ միացան «ԵՄ կոդավորման շաբաթ» (EU Code Week) նախաձեռնությանը և մասնակցեցին ավելի քան 72,000 կոդավորման գործողությունների: Արևելյան գործընկեր բոլոր վեց երկրները ներկայացնող թիմերը մասնակցեցին հարյուրավոր գործողությունների:

Կորոնավիրուսային համավարակին ի պատասխան, ԵՄ կոդավորման շաբաթը 2020 թ.-ին անցավ նոր հիբրիդային մոդելի և ներդրեց վիրտուալ միջոցառումներ` Եվրոպայում և դրանից դուրս դպրոցների առցանց մասնակցությունը դյուրացնելու համար:

Ձեռնարկված միջոցները ներառում էին առցանց միջոցառումների օրացույց, թվային գանձերի որոնում և վիրտուալ մեկնարկային միջոցառում` Ներքին շուկայի հարցերով եվրոպական հանձնակատար Թիերի Բրետոնի, պրոֆեսոր Միթչ Ռեզնիկի, գրող Լինդա Լիուկասի և պրոֆեսոր Ալեսանդրո Բոլյոլոյի մասնակցությամբ:

Ներքին շուկայի հարցերով եվրոպական հանձնակատար Թիերի Բրետոնն ասաց. «Հաշվարկային մտածողություն սովորելը և վաղ տարիքում կոդավորման փորձերը ոչ միայն հետաքրքիր, այլև կարևոր են մեր երիտասարդ սերնդին ապագային պատրաստելու համար. յուրաքանչյուրն ունի թվային հմտությունների կարիք՝ սովորելու, աշխատելու, շփվելու և անվտանգ եղանակով առցանց ծառայություններից օգտվելու համար: Ես շնորհավորում եմ ԵՄ կոդավորման շաբաթվա բոլոր մասնակիցներին, ովքեր աշխատում են, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ հնարավորություն ստանան բարելավել իրենց թվային հմտությունները և հետաքրքրվեն թվային տեխնոլոգիաների բնագավառում կրթությամբ ու կարիերայով»:

Կոդավորման շաբաթվա գործողությունների 84 տոկոսը կազմակերպվել է դպրոցներում

72,000 գործողությունների 19 տոկոսը կազմակերպվել էր առցանց, իսկ 84 տոկոսը՝ դպրոցների միջոցով: Դրանց 55 տոկոսը կենտրոնացած էր խաղերի կոդավորման գործողությունների, իսկ 20 տոկոսը` ծրագրավորման հիմնական հասկացությունների վրա: Բայց դրանց ավելի մեծ քանակություն կենտրոնացել էր առավել առաջադեմ STEM գործողությունների վրա, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, խաղերի մշակումը կամ տվյալների մանիպուլյացիան: Գործողությունների 20 տոկոսն «անջատված» էին, այսինքն՝ դրանք ոչ մի տեխնոլոգիա չէին օգտագործել: Մասնակիցների միջին տարիքը կազմում էր 10 տարեկան: Նրանց 41 տոկոսն աղջիկներ էին, իսկ 59 տոկոսը՝ տղաներ:

Արևելյան գործընկեր երկրներ

Նախաձեռնությանը մասնակցեցին արևելյան գործընկեր բոլոր վեց երկրները, իսկ տարածաշրջանում առաջատարն Ադրբեջանն էր՝ իր կազմակերպած 230 գործողություններով:

Անցեք ստորև բերված հղումներով՝ ձեր երկրում կազմակերպված բոլոր գործողությունները տեսնելու համար:

Հայաստան՝ 34 գործողություն

Ադրբեջան՝ 230 գործողություն

Բելառուս՝ 1 գործողություն

Վրաստան՝ 48 գործողություն

Մոլդովա՝ 59 գործողություն

Ուկրաինա՝ 186 գործողություն

Ուսուցիչների վերապատրաստման վրա ուշադրության կենտրոնացումն օգնեց ամբողջ աշխարհում ուսանողների ընդգրկմանը

Անցյալ տարի Կոդավորման շաբաթն էլ ավելի մեծ թվով առցանց ռեսուրսներ ներկայացրեց, որոնք նախատեսված են դպրոցում կոդավորում սովորեցնելու գործում մանկավարժներին օգնելու համար: Նոր ուսումնական նյութերը ներառում են արհեստական բանականության ներածություն (դպրոցների համար), կոդավորում՝ հանուն կայուն զարգացման նպատակների, վեբինարներ, ինչպես նաև պրոֆեսոր Ալեսանդրո Բոլյոլոյի մատուցմամբ վիրտուալ սեմինարների շարք, որը կոչվում է «Coding@Home»:

Բացի այդ, 2020 թ.-ին կազմակերպված երկու զանգվածային բաց առցանց դասընթացները (ԶԲԱԴ) վայելեցին ամբողջ աշխարհից 4000 ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Թեմաները ներառում էին կոդավորումը, հաշվարկային մտածողությունը, տեսողական ծրագրավորումը, ռոբոտաշինությունը և հավելվածների մշակումը: 2021 թ.-ի մարտի 8-ին էլ կմեկնարկի նոր երեք մոդուլանոց զանգվածային բաց առցանց դասընթաց՝ «ԱԲ հիմունքներ դպրոցների համար» թեմայով:

Ի՞նչ է ԵՄ կոդավորման շաբաթը

ԵՄ կոդավորման շաբաթը զանգվածային շարժում է, որն իրականացվում է կամավորների կողմից. Կոդավորման շաբաթվա դեսպաններ, առաջատար ուսուցիչներ և կոդավորման այլ նվիրյալներ՝ ամբողջ աշխարհից: Այն աջակցություն է ստանում Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրոպական միության և դրանից դուրս գտնվող երկրների կրթության նախարարությունների կողմից: Եվրոպական հանձնաժողովը ԵՄ կոդավորման շաբաթին՝ որպես իր Թվային միասնական շուկայի ռազմավարության մաս, աջակցում է Թվային կրթության գործողությունների ծրագրի միջոցով:

ԵՄ կոդավորման շաբաթը հաջորդ անգամ տեղի կունենա 2021 թ.-ի հոկտեմբերի 9-ից 24-ն ընկած ժամանակահատվածում:

Լրացուցիչ տեղեկատվություն

ԵՄ կոդավորմանը շաբաթը բոլորի համար (EU Code Week 4 All) մարտահրավեր

Նորություններ

Ցուցադրել բոլորը