EU4Digital. էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրն ավարտվել է

  • Ամսաթիվ: 05/05/22
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը 2022 թվականի մարտին ավարտել է էլեկտրոնային ստորագրության 2-րդ պիլոտային ծրագիրը, որին մասնակցում էին Ուկրաինան, Վրաստանը ու Հայաստանը, և որը փորձարկվել է Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի հետ: Փորձնական լուծումները բաղկացած են էլեկտրոնային ստորագրման և վավերացման բաղադրիչներից, որոնք էլեկտրոնային ստորագրության տեխնիկական փոխգործելիություն են ապահովում սահմանների միջև, և որոնք իրենցից ներկայացնում են տարածաշրջանային թվային վստահության շրջանակի և փոխադարձ ճանաչման հաջորդ քայլերը:

Փոխգործելի անդրսահմանային էլեկտրոնային ստորագրությունը (eSignature) կենտրոնական դեր է խաղում Թվային միասնական շուկան դեպի Արևելյան գործընկերության երկրներ ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող տեխնոլոգիական լուծումները, կազմակերպչական և օրենսդրական շրջանակները դեռևս տարբերվում են հենց Արևելյան գործընկեր երկրների, ինչպես նաև վերջիններիս ու ԵՄ անդամ երկրների միջև: «EU4Digital» ծրագրի գլխավորած անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության 2-րդ պիլոտային ծրագիրը գործարկվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ թվային վստահության ծառայությունների անխափան անդրսահմանային փոխգործելիությանը հասնելու նպատակով, իսկ փետրվարին Արևելյան գործընկերության 3 երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ու ԵՄ անդամ 3 երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի միջև տեխնիկական փոխգործելիության հաջող փորձարկում են անցել պիլոտային լուծումները: էլեկտրոնային ստորագրության 2-րդ պիլոտային ծրագրի հաջողությանը նախորդել էր Ուկրաինայի, Մոլդովայի և Էստոնիայի մասնակցությամբ կատարված մեկ այլ պիլոտային փորձ։

Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության փոխգործելիության փորձարկումը

Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտային լուծման մշակումը յուրօրինակ ուղի է անցել յուրաքանչյուր պիլոտային երկրում՝ փոխգործելիության հասնելու համար.

  • Ուկրաինայում թիմը ներկայացրել է առցանց էլեկտրոնային ստորագրման և վավերացման գործիքները, որոնք փորձարկվել և հանրայնացվել են (տես այստեղ), ինչպես նաև այլ պաշտոնական կայքեր: Մինչ պիլոտավորումը թիմն արդեն մշակել էր ստորագրությունների ստեղծման և վավերացման գործիքներ, սակայն դրանք փոխգործելի չէին այլ մասնակից երկրների հետ, քանի որ, օրինակ, չէին աջակցում այլ մասնակիցների այբուբեններին: Թեստավորումն իրականացվել է իրական արտադրական միջավայրում՝ օգտագործելով կառավարության հանրային պորտալում հասանելի հանրային առցանց էլեկտրոնային ստորագրության գործիքը:
  • Վրաստանում՝ մինչ eSignature-ի պիլոտային փորձարկումը, երկրի քաղաքացիներին արդեն առաջարկվել էր ստորագրության ստեղծման և վավերացման Unitool անվանումով լուծումը, որն օգտագործվում էր թվային ստորագրությամբ PDF փաստաթղթեր ստեղծելու համար: Պիլոտային փորձարկման ընթացքում Վրաստանը կատարել է անհրաժեշտ թարմացումներ՝ ASiC-E Container-ի կողմից աջակցվող XAdES-LT-ի ապահովման համար, ինչպես նաև մշակել է վավերացման նոր գործիք և հաջողությամբ փորձարկել ու հանրայնացրել է վավերացման կայքը:
  • Հայաստանը մշակման ընթացքում նոր ստորագրության կոնտեյներ և այլ տեխնիկական տարրեր է ներդրել։ Մինչ պիլոտային ծրագիրը երկիրն ուներ իր սեփական eSignEkeng անվանումով էլեկտրոնային ստորագրության ստեղծման ծրագրակազմը, որը թույլ էր տալիս ստորագրել միայն PDF ֆայլեր: Հայաստանն էլեկտրոնային ստորագրության պիլոտային լուծումները բերել է XAdES-LT մակարդակի (ստորագրություն ժամանակի դրոշմով), որն աջակցվում է ASiC-E Container-ի կողմից: Իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում կանոնավոր փորձարկումներն ու մշակման ժամանակացույցին հետևելը հանգեցրել են ստորագրության ստեղծման գործիքի և վավերացման գործիքի հաջող ավարտին:

Բոլոր պիլոտային մասնակիցների կողմից անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության հաջող ներդրումից հետո պատրաստվել են մի շարք առաջարկություններ՝ ապագա գործունեության համար ուղեցույց տրամադրելու, ընթացիկ լավագույն փորձը ամրապնդելու և միջսահմանային փոխճանաչման պատրաստակամությունը բարելավելու համար:

Նման տեխնոլոգիաներ մշակելով՝ ԵՄ-ն առցանց գործարքների համար ստեղծում է ավելի ուժեղ ենթակառուցվածքներ և ճանապարհ է հարթում դեպի ավելի դինամիկ և կայուն թվային տնտեսություն։

Նորություններ

Ցուցադրել բոլորը