EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը կիսվել է էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերաբերյալ գիտելիքներով

  • Ամսաթիվ: 25/05/23
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ուղղության շրջանակներում 2023 թվականի ապրիլի 27-ին անցկացվեց վիրտուալ միջոցառում՝ նվիրված էլեկտրոնային առողջապահության ռազմավարությանը եւ էլեկտրոնային առողջապահության միջսահմանային ծառայությունների պիլոտավորմանը։ Սա առաջին վիրտուալ հանդիպումն էր այս տարվա համար նախատեսված համագործակցության միջոցառումների շարքից, որն Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման ուղղությամբ բովանդակալից համագործակցության հիմք ստեղծեց։

Միջոցառման անկյունաքարն էլեկտրոնային առողջապահության ոլորտում առանցքային մշակումների, առաջնահերթությունների եւ մարտահրավերների վերաբերյալ Արեւելյան գործընկերության հինգ երկրների զեկուցումներն էին։

  • Վրաստանում հիմնական շեշտը դրվում է համակարգերի համախմբման վրա՝ մեկ պատուհանի սկզբունքի հաստատման նպատակով: Բացի այդ, կարեւոր ուղղություն են համարվում տվյալների հետ կապված մշակումները, ինչպիսիք են տվյալների անխափան փոխանակումը, տվյալների մուտքագրման միասնական կետը եւ տվյալների որակը: Հիմնական մարտահրավերներից են առողջապահության ոլորտի խիստ մասնատվածությունը եւ տվյալների ստանդարտացման բացակայությունը:
  • Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր էլեկտրոնային բժշկական քարտերի (ԷԲՔ) կենտրոնացված բազան եւ կենտրոնական էկոհամակարգը: Մյուս առաջնահերթությունը, ինչպես նաեւ մարտահրավերը էլեկտրոնային առողջապահության բջջային հավելվածի շարունակական զարգացումն է:
  • Ուկրաինան որպես իր հիմնական առաջնահերթություն նշեց էլեկտրոնային առողջապահության համակարգի կայունությունը, այն է՝ էլեկտրոնային առողջապահության անխափան հասանելիության ապահովումն ու պատերազմի եւ փախստականների կարիքներին ուղղված տեխնոլոգիաների մշակումը։ Հիմնական մարտահրավերները կապված են բազմաթիվ նախաձեռնությունների կառավարման ու ՏՏ ենթակառուցվածքների սպասարկման հետ։ Ուկրաինան նաեւ ձգտում է իր ազգային կոնտակտային կետը (ԱԿԿ) միացնել MyHealth@EU-ին՝ զարգացնելու այնպիսի միջսահմանային ծառայություններ, ինչպիսիք են հիվանդների մասին ամփոփ տեղեկատվության տրամադրումը եւ էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրումը։
  • Հայաստանը հայտարարեց, որ իր հիմնական առաջնահերթություններն են հեռաբժշկության միջոցով առողջապահության հասանելիության դյուրացումը եւ հիվանդների համար պորտալի ու բջջային հավելվածի մշակումը։ Ներկայիս մարտահրավերներից են գոյություն ունեցող համակարգերին բարդ ինտեգրումը, գյուղական վայրերում տեխնոլոգիաների պակասը եւ կառավարման նոր մեխանիզմներին առողջապահական համակարգի ընդհանուր դիմադրությունը:
  • Մոլդովան պատրաստվում է սկսել էլեկտրոնային առողջապահության ոլորտում իր նոր ծրագիրը, որը կտեւի երկու տարի:

Միջոցառման ընթացքում փորձագետները նաեւ կիսվեցին էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերաբերյալ իրենց գիտելիքներով: EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության հարցերով փորձագետ, բ.գ.թ., Լիսաբոնի համալսարանական ինստիտուտի (ISCTE) դոցենտ Էնրիկե Մարտինսն իր ներկայացման մեջ որպես էլեկտրոնային առողջապահության ազգային ռազմավարության կարեւորագույն տարրեր առանձնացրեց էլեկտրոնային առողջապահության համապարփակ տեսլականի առկայությունը, միջին մակարդակի ղեկավարության ներգրավվածությունը եւ ենթառազմավարությունների վրա ուշադրությունը: Այնուհետեւ Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության եւ սննդի անվտանգության հարցերով գլխավոր տնօրինությունից (SANTE) Կարոլ Ռուոն ներկայացրեց MyHealth@EU-ն՝ ԵՄ-ում էլեկտրոնային առողջապահության միջսահմանային ծառայությունը: Նա կիսվեց ԵՄ անդամ երկրներում իրականացվող էլեկտրոնային առողջապահության ծառայությունների միջսահմանային ծրագրերի եւ պիլոտային նախագծերի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաեւ ներկայացրեց Առողջապահական տվյալների եվրոպական տարածքը (ԱՏԵՏ):

Միջոցառման վերջում EU4Digital-ի թիմը պատմեց էլեկտրոնային առողջապահության հարցերով առաջիկա հանդիպման մասին, որի շրջանակում կմշակվեն Արեւելյան գործընկերության երկրների հետ միջսահմանային պիլոտային ծրագրերի գաղափարներ։ Միջսահմանային էլեկտրոնային առողջապահության պիլոտավորման վերաբերյալ քննարկված հիմնական թեմաները վերաբերում էին հիվանդների ամփոփագրերին եւ էլեկտրոնային դեղատոմսի ծառայություններին, մասնավորապես արտերկրում ճանապարհորդողների համար գործնական ասպեկտներին: Ներկայացվեցին էքսպրես լաբորատորիայի հայեցակարգի երկու տարբեր մոդելներ, որոնց շրջանակում օտարերկրացիները կարող են հանձնել արյան արագ թեստեր եւ միջսահմանային հեռաբժշկության ծառայությունների միջոցով ստանալ եզրակացություն տեղացի կամ իրենց երկրում գործող բժշկի կողմից, որից հետոհամապատասխան կարգով կտրամադրվի էլեկտրոնային դեղատոմս: Արեւելյան գործընկերության երկրների թիմերը կշարունակեն մտահղացման աշխատանքները՝ միջսահմանային պիլոտային ծրագրի համար հունիսին կայանալիք գաղափարների մշակման հանդիպմանն ընդառաջ:

Նորություններ

Ցուցադրել բոլորը