EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է գործընկերներ՝Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ներին աջակցելու համար

  • Ամսաթիվ: 13/04/23
  • Կիսվել:

EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (EdTech Hub) փնտրում է պոտենցիալ գործընկերներ: Այս ծրագրի շրջանակում կստեղծվի թվային ուսուցման հարթակ, որը կներառի օգտագործողին հարմար առցանց դասընթացներ՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքներին: Ս.թ. մարտի 9-ին կայացած EU4Digital-ի 2023 թ. ՏՀՏ նորարարությունների ֆորումի ժամանակ գործարկված EdTech Hub-ը կօգնի իրականացնել ԵՄ-ԱլԳ քաղաքական ծրագիրը, այն է՝ նպաստել ԱլԳ երկրների 1 միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացմանը եւ աջակցել նշված երկրներում գործող 500հազար ՓՄՁ-ների։

Ժամանակակից գլոբալացված եւ թվայնացված աշխարհում թվային հմտությունները չափազանց կարեւոր են: Դրանք օգնում են կազմակերպություններին եւ անհատներին մրցունակ լինել արդի գործարար եւ տնտեսական միջավայրում, ինչպես նաեւ ապահովում են նոր հնարավորությունների, տեղեկատվության եւ ռեսուրսների հավասար հասանելիություն:

Այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ցածր մակարդակն՝անգլերենի անբավարար իմացության (ըստ ՏՀԶԿ-ի, ՀՄՄ-ի եւ EF-ի անգլերենի իմացության մակարդակի համաթվի տվյալների) հետ մեկտեղ, եզակի խնդիր է. ինչպե՞ս կարելի է թվային հմտությունների արդիական, մատչելի եւ կիրառելի ուսումնական ծրագրեր անցկացնել ՓՄՁ-ների (փոքր եւ միջին ձեռնարկություններ) համար յուրաքանչյուր երկրում:

Տիպային օրինակ

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար պատկերացրեք 29-ամյա Դանիելայի դեպքը՝ մոլդովացի փոքր բիզնեսի սեփականատեր, ով իր երեք աշխատակիցների հետ միասին արտադրում է ձեռագործ հագուստ եւ պայուսակներ։ Չնայած իրենց ընկերության համար առցանց վաճառքի եւ մարքեթինգի ներուժի գիտակցմանը՝ Դանիելան եւ նրա աշխատակիցները չունեն անհրաժեշտ թվային հմտություններ՝ ասվածն իրականացնելու համար: Ավելին, բոլոր հաշվառումները կատարվում են ձեռքով եւ թղթի վրա, ինչը չափից շատ ժամանակ է խլում, որը հնարավոր կլիներ ծախսել նոր հագուստ եւ պայուսակներ արտադրելու վրա:

Դանիելան եւ նրա աշխատակիցները համացանցում գտել են նման թեմաներով դասընթացներ, բայց հայտնաբերել են, որ դրանց բովանդակությունը գրեթե միշտ անգլերեն է: Նրանցից որեւէ մեկն անգլերենին այնքան լավ չի տիրապետում, որպեսզի անցնի լրիվ դասընթացը: Ավելին, դասընթացի բովանդակությունն այնքան էլ չի համապատասխանում նրանց գործնական կարիքներին, քանի որ նրանց անհրաժեշտ են իրական կյանքում կիրառելի հմտություններ եւ հստակ ուղղորդում՝ եվրոպական խոշոր առեւտրային հարթակների միջոցով արտերկրում վաճառք եւ մարքեթինգային արշավ իրականացնելու համար: Դանիելայի փորձը հազվադեպ չէ ԱլԳ երկրներում: Փոքր բիզնեսի շատ սեփականատերեր եւ աշխատակիցներ բախվում են նմանատիպ խնդիրների:

Ինչպե՞ս կարող է օգնել EdTech Hub-ը

EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնն առաջարկում է ԱլԳ երկրներում այս խնդրի լուծման մի քանի տարբերակներ:

Նախեւառաջ ուշադրություն է դարձվում տեղական լեզուներով գործնական վարժություններ ներառող դասընթացների անցկացման վրա՝ էլեկտրոնային կոմերցիայի, թվային մարքեթինգի եւ բիզնես գործընթացների թվայնացման ոլորտներում իրական փորձի կուտակման համար։ Այս մոտեցումը ԱլԳ ՓՄՁ-ներին տալիս է ուսուցման արդիական եւ իրավիճակային հնարավորություններ՝ բարելավելու իրենց աշխատանքային գործընթացները:

Երկրորդ, դասընթացն ավարտած մասնակիցները ստանում են թվային վկայագիր, այն է՝ ժետոն, որնիրենից ներկայացնում է ուսուցման հաստատված եւ երկարաժամկետ ապացույց: Այդ ժետոնները հնարավոր կլինի ներկայացնել LinkedIn-ում կամ ինքնակենսագրականի մեջ։ Մարդիկ դրանք կարող են կրել իրենց ողջ կարիերայի ընթացքում եւ ձեւավորել ցկյանս ուսումնառության մշակույթ:

Վերջապես, ծրագիրն Արեւելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրում սերտորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ՝ ապահովելու լայն ընդգրկում եւ հաշվի առնելու տեղական համատեքստերը:

Բացի այդ, դասընթացի բովանդակությունը մշակելիս հաշվի են առնվում ԵՄ պրակտիկան եւ չափանիշները, օրինակ՝ իրականացվում է ԵՄ երկրներում օգտագործվող էլեկտրոնային կոմերցիայի ընդհանուր առեւտրային հարթակների վերաբերյալ ուսուցում: Այս մոտեցումը թույլ կտա ԱլԳ տարածաշրջանի ՓՄՁ-ներին ընդլայնել իրենց բիզնեսը եւ մուտք գործել Եվրոպական միության նոր շուկաներ՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանի տնտեսական աճին եւ թվային փոխակերպմանը:

Համակարգի աշխատանքի մասին ավելին իմանալու համար ուսումնասիրեք EdTech Hub-ի մասին ներկայացումը, որն «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը ներկայացրել է EU4Digital-ի 2023 թ. ՏՀՏ նորարարությունների ֆորումի ժամանակ:

EdTech Hub-ի նպատակներն ու հետագա քայլերը

«EU4Digital» ծրագիրը EdTech Hub-ի միջոցով նպատակ ունի խթանել ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերությաներկրների միջեւ համագործակցությունն ու փոխգործակցությունը՝ ամրապնդելով ՓՄՁ ոլորտը յուրաքանչյուր երկրում եւ ստեղծելով աճի եւ զարգացման նոր հնարավորություններ:

EdTech Hub-ի առաջին դասընթացները նախատեսված են 2023 թվականի հուլիսին: Ներկա փուլում մշակվում են ուսումնական ծրագրերը, ընտրվում են տեղական գործընկերները եւ ստեղծվում են գործընկերություններ, ինչպես նաեւ կազմվում է ծրագրի մասնակից ՓՄՁ-ների նախնական ցուցակը։

Միացե՛ք

Եթե ձեր կազմակերպությունը տրամադրում է էլեկտրոնային կոմերցիայի, թվային մարքեթինգի կամ բիզնես գործընթացների թվայնացման հետ կապված կրթական նյութեր, եւ դուք ցանկանում եք օգնել Արեւելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների բարելավմանը, կամ եթե ձեր կազմակերպությունն աջակցություն է տրամադրում Արեւելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներին, ապա մենք հետաքրքրված ենք ձեզ հետ համագործակցությամբ։

Խնդրում ենք կապ հաստատել «Կրթական տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի հետ՝ գրելով eu4digital@lt.ey.com էլեկտրոնային հասցեին։

Նորություններ

Ցուցադրել բոլորը