EU4Digital-ի միջոցառումն ընդգծեց Արևելյան գործընկերության երկրներում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման և կարգավորման կարևորությունը

  • Ամսաթիվ: 15/03/23
  • Կիսվել:

Լոգիստիկ ոլորտում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ներդրման կարևորությունն ու առավելությունները գտնվում էին 2023 թվականի հունվարի 31-ին Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի համար կազմակերպված միջոցառման առանցքում։ EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի հարցերով մասնագիտական թիմը կազմակերպել էր այս միջոցառումը՝ բարձրացնելու eFTI-ի և Եվրամիության eFTI կանոնակարգի մասին իրազեկության մակարդակը, ինչպես նաև նպաստելու դրանց ավելի խորքային ըմբռնմանը։

Միջոցառման ընթացքում տրվեց նաև «Թվային տրանսպորտային միջանցքներ» (eFTI ներդրում) գործողության մեկնարկը, որն իրականացվում է «EU4Digital» ծրագրի II փուլի էլեկտրոնային առևտրի ուղղության շրջանակում։ Այս գործողությունն ուղղված է Արևելյան գործընկերության երկու ընտրված երկրներում էլեկտրոնային բեռնափոխադրումների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհային քարտեզի մշակմանը և  eFTI կանոնակարգի ներդրմանը:

Միջոցառումը բացեց «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը: Նա խոսեց Եվրամիության և Արևելյան գործընկերության լոգիստիկ ոլորտների միջև ներդաշնակեցված գործընկերության անհրաժեշտության մասին։

EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի թիմի ղեկավար Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն ընդգծեց բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման առավելությունները, որոնցից են՝ տրանսպորտի ոլորտում թափանցիկության և արդյունավետության բարձրացումը, ծախսերի կրճատումը, բիզնեսի և պետության միջև (B2A) տվյալների փոխանակման դյուրացումը և հարակից բնապահպանական օգուտները: Նա ընդգծեց ԵՄ-ում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման չափանիշները սահմանող eFTI կանոնակարգի կարևորությունը և ներկայացրեց, թե ինչպես կարող է այն աջակցել Արևելյան գործընկերության երկրներում տրանսպորտային ոլորտի զարգացմանը:

Ոլորտի փորձագետները ներկայացրին բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակմանը և eFTI կանոնակարգին վերաբերող վերջին զարգացումներն ու միտումները տարածաշրջանում։

  • ԵՄ-ի կողմից կիրառվող թվային լոգիստիկ լուծումների հարցերով փորձագետ Ռիշարդաս Բեդուլսկիսը խոսեց Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում eCMR-ի (լոգիստիկայի ոլորտի համար անթուղթ փաստաթղթաշրջանառության լուծում) թեստավորման DIGINNO-Proto և DINNOCAP հաջողված պիլոտային նախագծերի մասին։ Որպես հիմնական առավելություններ նշվեցին լոգիստիկ փոխադրողների ծանրաբեռնվածության և թղթային փաստաթղթաշրջանառության նվազումը, ինչպես նաև բիզնեսի և պետության միջև տվյալների փոխանակման արագացումը։
  • Իրավական հարցերով և լոգիստիկ տվյալների փոխանակման եվրոպական ստանդարտների գծով փորձագետ Վալտեր Տրեզեկը հակիրճ խոսեց Թվային տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումի (DTLF) նորագույն մշակումների մասին։ Վերջինս Եվրոպական հանձնաժողովի փորձագետների աշխատանքային խումբ է, որը տրամադրում է տեխնիկական աջակցություն eFTI կանոնակարգի ներդրման համար։ DTLF-ի փորձագետները ներկայումս աշխատում են eFTI-ի տվյալների հավաքածուի և ազգային պահանջների վերաբերյալ պատվիրակված ակտերի (ՊԱ), ինչպես նաև իշխանության մարմինների համար ընդհանուր կանոնների վերաբերյալ կիրարկման ակտերի (ԿԱ) ընդունման ուղղությամբ։ Նշված ակտերի ընդունումը նախատեսվում է իրականացնել «Թվային տրանսպորտային միջանցք»-ի գործունեության ընթացքում և կարևոր դեր կխաղա Արևելյան գործընկերության երկրների համար էլեկտրոնային բեռնափոխադրումների ենթակառուցվածքի ստեղծման համապարփակ ճանապարհային քարտեզի ստեղծման գործում:
  • Տրանսպորտի պլանավորման, լոգիստիկայի և թվային տրանսպորտային լուծումների հարցերով փորձագետ Վլադիմիր Օբուչինան ներկայացրեց eFTI-ի ներդրման գործնական օրինակ Արևմտյան Բալկաններում մի նախագծից, որտեղ վեց երկրներ գտնվում են eFTI կանոնակարգի ընդունման ճանապարհին: Ծրագիրը թվային տեխնոլոգիաների ավելի լայն օգտագործման հնարավորություն է տալիս՝ նպաստելով լոգիստիկ օպերատորների վարչական բեռի նվազեցմանը և ճանապարհային, երկաթուղային և ներքին ջրային տրանսպորտները ներառող խառը բեռնափոխադրումների տարածմանը։

Միջոցառման մասնակիցները ծավալեցին քննարկումներ և կիսվեցին բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ներդրման իրենց փորձով ու լավագույն պրակտիկաներով: Օրինակ, Ուկրաինայի ներկայացուցիչները պատմեցին էլեկտրոնային բեռնագրերի ներդրման ընթացիկ նախաձեռնության (eTTN) մասին, որն այժմ գտնվում է փորձարկման եզրափակիչ փուլում և ակնկալվում է, որ կսկսի գործել 2023 թվականի օգոստոսից:

Արևելյան գործընկերության երկրների կառավարական և մաքսային մարմինների, ակադեմիական շրջանակների և առևտրային ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչներ ստացան արժեքավոր գիտելիքներ և պատկերացումներ բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) և eFTI կանոնակարգի վերաբերյալ: Միջոցառումն ընդգծեց Արևելյան գործընկերության երկրներում իրազեկության բարձրացմանն ու այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն աջակցելուն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը։

Նորություններ

Ցուցադրել բոլորը