Ս.թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի 2022 թվականի հանդիպմանը գնահատվել են EU4Digital-ի՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը։ 3 տարի ժամկետով երկարաձգված «EU4Digital» ծրագրի II փուլի պաշտոնական մեկնարկի առթիվ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր EU4Digital էկոհամակարգի ավելի քան 100 շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «EU4Digital» նախաձեռնության շրջանակում իրականացվող նախագծերի, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ:
EU4Digital-ն ակտիվ է 2019 թվականից և հանդիսանում է «EU4Digital» նախաձեռնության կենտրոնական ծրագիրը; Վերջինս իր հովանու ներքո է հավաքել բոլոր այն ծրագրերը, որոնք արտացոլում են ԵՄ աջակցությունը ԱլԳ տարածաշրջանում դիմակայուն թվային փոխակերպմանը:
Առցանց հանդիպումը նախագահում էին ԵՄ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR)՝ «EU4Digital» նախաձեռնությունը ղեկավարող ներկայացուցիչները: DG NEAR-ից թիմի ղեկավար Ժերալդ Օդազը մասնակիցներին հիշեցրեց, որ ԵՄ-ն EU4Digital-ի հովանու ներքո իրականացվող ծրագրերի աշխատանքի միջոցով նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներին մոտեցնել ԵՄ միասնական թվային շուկային: «Թվային անցումը մեր ներդրումային ծրագրի հիմնական առաջնահերթություններից է», –մեկնաբանեց նա՝ հավելելով. «Հատկապես Ուկրաինայում տիրող իրավիճակը հաշվի առնելով՝ կենտրոնական նշանակություն են ստանում թվային համակարգերն ավելի դիմակայուն դարձնելուն ու թվային ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման ամրապնդմանը վերաբերող թեմաները»:
ԵՄ-ի այս աջակցությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության նորացված քաղաքականության և նպատակների համատեքստում, որոնք հաստատվել են 2021թ. ԱլԳ գագաթնաժողովում: «Դիմակայուն թվային փոխակերպումը» դրա հինգ հիմնական ուղղություններից մեկն է: «Անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների հետ նախորդ տարի մշակված տեսլականն ու նպատակները հիմնված են այս ոլորտում ԵՄ մշակումների վրա», – նշել է DG NEAR-ից ծրագրերի ղեկավար Տիբո Շառլեն: «ԵՄ-ի թվային կողմնացույցը չորս առաջնահերթ ուղղություն է հռչակում պետական կառավարումը, ենթակառուցվածքները, բիզնեսն ու հմտությունները, մինչդեռ ԵՄ-ի «Համաշխարհային դարպաս» ռազմավարությունը և Ուկրաինայի օգնության ու վերակառուցման մասին 2022 թվականի մայիսի հաղորդագրությունը ծառայում են որպես լրացուցիչ ուղեցույց»:
Հանդիպման ընթացքում «EU4Digital» նախաձեռնության հովանու ներքո գործող ծրագրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր առաջընթացը և առաջիկա գործունեության ծրագրերը:«EU4Digital» նախաձեռնությունն՝ ի դեմս EY-ի թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսի, ներկայացրեց I փուլի հիմնական ձեռքբերումները: Դրա ընթացքում հաջողվել է իրականացնել համեմատական ուսումնասիրություններ և համեմատություններ ԵՄ լավագույն փորձի հետ, անդրսահմանային տեխնիկական լուծումների պիլոտավորում՝ հետագայում լայնածավալ ներդրման նպատակով, ինչպես նաև զարգացնել Եվրոպական միության և ԱլԳ շահագրգիռ կողմերի, այլ դոնորների և նրանց նախաձեռնությունների միջև եղած կապերը:
«EU4Digital» ծրագրի II փուլի ընթացքում աշխատանքը կկենտրոնանա 6 հիմնական թեմատիկ ոլորտների շուրջ. «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության և միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր», «Էլեկտրոնային առողջապահություն» և «Թվային հմտություններ»: Բացի այդ սահմանվել են նաև երկու միջանկյալ նպատակներ։ Դրանցից մեկը վերաբերում է ԵՄ-ի կողմից EU4Digtal-ի միջոցով թվային փոխակերպմանն ուղղված աջակցության հանրային հաղորդակցմանը և իրազեկության բարձրացմանը, իսկ մյուսը, ինչպես ներկայացրեց Արտուրաս Պիլիպոնիսը, կենտրոնանում է ճգնաժամային իրավիճակներում աջակցության վրա. «Ներկա պայմաններում մեր գործունեությանը ճգնաժամային իրավիճակներին արձագանքման հատուկ գործողությունների միջոցով ճկունություն հաղորդելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի հնարավորություն ունենանք աջակցել, երբ դա անհրաժեշտ է, և երբ դա համաձայնեցված է ԵՄ-ի հետ»:
«EaPConnect» ծրագիրը կենտրոնացած է Արևելյան գործընկերության և ԵՄ երկրների հետազոտական ու կրթական հաստատությունների միակցվածության վրա՝ անխափան կապ, ծառայություններ և համագործակցության հնարավորություններ ապահովելով ուսանողների, հետազոտողների ու գիտնականների համար: «Մոլդովայի և Ուկրաինայի միջև սպեկտրային կապի գործարկումը մեծ ձեռքբերում է», – արձանագրեց GÉANT-ից Իրինա Մեթյուզը, ով նաև «EaPConnect» ծրագրի ղեկավարներից մեկն է։ Վերջին տարիներին արձանագրված բազմաթիվ անկանխատեսելի մարտահրավերները, ինչպիսիք են համավարակը, Ուկրաինայում պատերազմն ու տարածաշրջանում քաղաքական անկայունությունը, ստիպեցին, որպեսզի ծրագիրը հարմարվի նոր իրողություններին:
«EU4Digital: Cybersecurity East» ծրագիրն էլ՝ ի դեմս GFA խորհրդատվական խմբից թիմի ղեկավար Բեսնիկ Լիմայի, անդրադարձավ Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբերանվտանգության իրավիճակին՝ ներկայացնելով այդ առնչությամբ կարևորագույն իրողությունները։ Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներն են՝ օրենսդրության և իրավական շրջանակների մոտարկումը ԵՄ NIS հրահանգին, հիմնական ծառայությունների օպերատորների նույնականացումը՝ ԵՄ հրահանգին համապատասխան, և կիբեր միջադեպերին արջագանքման ու ճգնաժամերի կառավարման գործառնական կարողությունների զարգացումը: Ծրագիրը նաև բախվել է աշխարհաքաղաքական իրողություններին հարմարվելու մարտահրավերների և անհրաժեշտության հետ, օրինակ՝ ընտրական գործընթացների անվտանգության վերաբերյալ վեբինար կազմակերպելու միջոցով:
Համաշխարհային բանկի խմբի «EU4Digital՝ Լայնաշերտ կապի զարգացման ռազմավարություններ» ծրագիրը՝ հանձին Վալերիա Դեսոլիսի, ներկայացրեց իր հիմնական ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով համեմատական վերլուծության, լայնաշերտ ցանցի քարտեզագրմանը ցուցաբերված աջակցության և լայնաշերտ կապի ոլորտը կարգավորող իրավանորմատիվային շրջանակների բարելավման մասին:
Հայտարարվեց հետագա ծրագրի մասին, որը կիրականացնի DG NEAR-ը և կկոչվի «EU4Digital՝ Ներդրումներ լայնաշերտ կապի ոլորտում (2023-2027)»։ Վերջինիս բյուջեն կկազմի 5 միլիոն եվրո: Այն կաջակցի լայնաշերտ կապի ոլորտում ներդրումային նախագծերի պատրաստմանը, որոնք կնպաստեն քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև թվային խզվածքի նվազեցմանն ու լայնաշերտ ցանցերի դիվերսիֆիկացմանը և վերակառուցմանը:
Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներին և ԵՄ պատվիրակություններինևս հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց մեկնաբանություններն ու կարծիքները թվային օրակարգի և դրա իրականացման վերաբերյալ: Նրանց կողմից մատնանշված առաջնահերթություններից էր երկարաժամկետ ներդրումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ թվային փոխակերպումը բարեփոխումների երկար ճանապարհ է: Գյուղական բնակավայրերում թվայնացման բացը նույնպես մտահոգիչ է, քանի որ անհրաժեշտ է հզորացնել գյուղական համայնքները՝ վերջիններին ապահովելով ինտերնետային ենթակառուցվածքներով և ծառայությունների հասանելիությամբ: Շեշտվեց նաև համակարգված, կենտրոնացված պլանի անհրաժեշտությունը՝ առանցքային ոլորտներով զբաղվելու և հատվածական մոտեցումից խուսափելու անհրաժեշտությամբ հանդերձ:
Արևելյան գործընկերության երկրների կողմից կարևորված մյուս թեմաներն էին կիբերանվտանգությունը, պետական կառավարման հարթակների փոխգործելիությունը, ՏՀՏ ոլորտի հզորացումը, էլեկտրոնային կոմերցիան, թվային հմտությունները և թվային ենթակառուցվածքները: Դրանք նաև ներառված են ԵՄ-ի նպատակների թվում, որոնց ուղղությամբ աշխատանքն առաջիկա տարիներին կտարվի EU4Digital-ի ծրագրերի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ
Հոկտեմբերի 24-ին կայացած Արևելյան գործընկերության թվային համաժողովը և հոկտեմբերի 25-ին կայացած EU4Digital-ի II փուլի մեկնարկային միջոցառումն ու Ղեկավար կոմիտեի նիստըկազմակերպվել էին «EU4Digital» ծրագրի կողմից։
Երկու միջոցառումների կարևորագույն պահերը կհրապարակվեն EU4Digital տեղեկագրի հատուկ թողարկման մեջ: Նման թարմացումները էլեկտրոնային փոստով ստանալու համար խնդրում ենքբաժանորդագրվել տեղեկագրին: